Հայաստանի անվտանգ տեղը ո՞րն է․․․

Հայաստանի անվտանգ տեղը ո՞րն է․․․

Արցախից տեղահանվողները Հայաստան են գալիս, Հայաստանի ոչ բարով խերով վարչապետն էլ Հայաստանն այնքան «անվտանգ է դարձրել»,  որ իր անձնական օգտագործման գյուղապետերը, համայնքապետերը տեղահանվածներին սահմանամերձ տարածքներ են ուղղորդում։ Սահմանամերձ այս ու այն գյուղից էստի համեցեք են անում՝ եկեք տներ ենք պատրաստել։ Այսօր մի գրառում էի կարդում, ուղղակի սարսափելի էր։

Արցախից տեղահանված դպրոցականը նստարանի ճռռոցից, դարակը փակելուց այնպես է սարսափած վեր թռնում, որ երեխաները զարմացած նրան են նայում։ Ու էլի շատ մանրամասներ, որ չեմ ուզում բացել, ինքներդ ավելի լավ գիտեք, թե արցախյան վերջին պատերազմներն ու շրջափակումը, սովը հոգեբանական ինչ տրավմատիկ հետևանքներ են առաջացրել հատկապես մատաղ սերնդի մոտ։ Կարդում եմ, թե ինչ են ասում Կութի համայնքապետարանից, մնում եմ ցնցված՝ լավ այս մարդիկ ոչինչ չեն հասկանու՞մ, որ այդպես անմեղ տոնով ասում են, թե 15 տուն է նախատեսվել տեղահանվածների համար․

«Գյուղական տներ են, հեռուստացույցով, սառնարանով, մահճակալներով, թեև սանհանգույցը ամեն տեղում չէ, որ նորմալ վիճակում է։ Թեեւ իրենք 15 տուն պատրատել են, բայց որևէ տեղահանված արցախցի չի ցանկացել բնակություն հաստատել Կութում»։ Ի դեպ հիշեցնեմ, որ հենց այսօր ժամը  14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով ունենք տուժածներ։ 

Հիմա ինչքան մտածում եմ, թե որն է Հայաստանի անվտանգ տեղը, որ Արցախից տեղահանվածներին տանեն այնտեղ, չեմ գտնում։ Ախր բնաջնջումից փախած մարդկանց տանել թշնամու կողմից թիրախավորված կետեր, մի տեսակ մարդկային չի։ Անվտանգ տեղ էլ մտովի փնտրելով չեմ գտնում՝ Սյունիք, Վայք, Ջերմուկ, Գեղարքունիկ, Գյումրի, Երևան․․․ Անվտանգ տեղ չկա։ Եթե անվտանգ է նույնիսկ, ժամանակային առումով է անվտանգ։ Հայաստանի փեշերը բաց են։ Կուզեի Նիկոլն ասեր՝ Հայաստանի անվտանգ տեղը ո՞րն է։ Մի անվտանգ տեղ թողե՞լ է։