Ծառայությունից խուսափածների մասին օրենքն այլևս չի երկարաձգվելու

Ծառայությունից խուսափածների մասին օրենքն այլևս չի երկարաձգվելու

Գործադիրն այսօր որոշեց սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ու դրանից հետո այլևս չերկարացնել։ Այսինքն՝ այս օրենքը կգործի մինչև այս տարվա վերջը։ Պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և համապատասխան տարիքը լրացած քաղաքացիներին՝ վճարել օրենքով սահմանված գումարը և վերադառնալով հայրենիք՝  ազատվել քրեական հետապնդումից։

«Մենք, ըստ էության, ինչ ենք ասում, ասում ենք, որ այս երկար անունով օրենքի երկարացում այլևս չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ընդ որում, այս օրենքը վերաբերում է շատ մեծ թվով մարդկանց»,- օրենքի վերաբերյալ արտահայտվեց վարչապետը։

Դավիթ Տոնոյանն էլ հավելեց, որ մոտ 22 հազարի չափ քաղաքացիներ կան, որ խուսափել են ծառայությունից, և տեղեկացրեց, որ դիմումների քանակը մեծացել է։

Ուստի վարչապետը հայտարարեց, որ լավ չէ, որ այս օրենքն այլևս չի երկարաձգվելու, նրանք հնարավորություն ունեն հենց այսօր ինքնաթիռի տոմս առնել, մինչև դեկտեմբերի 31-ը գալ Հայաստան, անցնել բոլոր պրոցեդուրաներն ու Նոր տարին էլ նշել Հայաստանում։

«Այնպես որ՝ արձանագրենք, որ այս օրենքն այլևս չի երկարաձգվելու, այլևս չի լինելու և այս օրենքը գոյություն ունի մինչև 2019 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հունվարի 1-ին, 12:00-ից հետո այս օրենքն այլևս գոյություն չի ունենալու»,- ասաց վարչապետը։