Հակահարվածը կլինի արագ, դաժան եւ միացյալ

Հակահարվածը կլինի արագ, դաժան եւ միացյալ

Խոսքը ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից (ՆԱՏՕ, G7, ԵՄ եւ այլն) Ռուսաստանին տրվելիք հակահարվածի մասին է, եթե Ռուսաստանը խախտի Ուկրաինայի սահմանը եւ անցնի զինված գործողությունների: Ձեւակերպումը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որը նա բարձրաձայնել է այսօր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնեւում կայացած հանդիպումից հետո: Բլինկենը ի թիվս այլնի նաեւ հավելել է, որ Ուկրաինայի ժողովուրդն է տնօրինելու սեփական ապագան, եւ այդտեղ քննարկելու ոչինչ չկա: Բացարձակապես ոչինչ:

Բլինկեն-Լավրով հանդիպումից հետո կարելի է երաշխավորված համարել, որ առնվազն մինչեւ փետրվարի սկիզբ Ռուսաստանը որքան էլ զորք եւ զենք կուտակի Ուկրաինայի հետ իր սահմանին, նաեւ Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ սահմանին, ինքնին ներխուժում Ուկրաինայի տարածք չի արձանագրվի: Այդքանը երաշխավորված է, քանի որ ամերիկյան կողմը երեկ Ժնեւում խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր տեքստ ուղարկել Մոսկվային` անցյալ տարեվերջից ՌԴ նախագահ Պուտինի սկսած ջուրծեծոցի վերաբերյալ: Դա նշանակում է, Պուտինն ու Կրեմլը մեկ շաբաթ ոչինչ չեն անի ԱՄՆ պատասխանները ստանալու համար, դրանից հետո էլ երեւի մեկ շաբաթ կտեւի մինչեւ որոշեն ինչ անել, քանի որ վերջնահաշվում կատարյալ փակուղում են հայտնվել:

Ինչպես ամենքը գիտեն, անցյալ տարեվերջին Վլադիմիր Պուտինը գուցե ԽՍՀՄ փլուզման 30-ամյա հոբելյանից ուշադրություն շեղելու համար, գուցե այդ փլուզման 30-ամյակի ֆրուստրացիան վերապրելու արդյունքում, գուցե COVID-ի պարտադրած ինքնամեկուսացման ձանձրույթից ու իրականության զգացողությունը կորցնելուց, գուցե Բելառուսի եւ Ղազախստանի դեպքերին ի տես սեփական ապագայի համար երկյուղելուց, իսկ գուցե ընդամենը ինչ-որ միջատի խայթոցի պատճառով` վերջահաշվում ինչ-որ դրդապատճառով քաղաքական-դիվանագիտական ցնդաբանությունների մի ցանկ էր կազմել (Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997-ի սահմաններին` ենթադրելի է դաշինքից դուրս թողնելով Արեւելյան Եվրոպայի երկրներին եւ այլն) եւ դրանք իբրեւ առաջարկ գրավոր ուղարկել էր Վաշինգտոն` հրաշալի գիտակցելով, որ իր առաջարկները քննարկման ենթակա չեն: Դրանց շուրջ հնարավոր չէ փոխըմբռնման հասնել, էլ ուր մնաց փոխզիջման կամ համաձայնության, հնարավոր է միայն դատարկ ջուր ծեծել, ինչով էլ առանց մեծ իմաստի զբաղվում են դիվանագետները արդեն շուրջ մեկ ամիս:

Վերջին արարը այսօր էր` Ժնեւում, ՌԴ եւ ԱՄՆ ԱԳ նախարարաների մասնակցությամբ: Սակայն որքան էլ Պուտինին թվա, թե ինքը կարողացել է ցուցամոլության ու նարցիսիզմի իր բարդույթներին հագուրդ տվող այս շոուն ՌԴ անվտանգության շուրջ մտահոգություններով քողարկել եւ աշխարհին մատուցել, իրականում ավելի շուտ Պուտինը երկու ոտքով թակարդն է ընկել` իր ետեւից քարշ տալով նաեւ Ռուսաստանը: Այժմ Ռուսաստանը ի՞նչ պետք է անի, երբ ԱՄՆ-ից էլ, ՆԱՏՕ-ից էլ, ԵՄ-ից էլ շատ անվրդով եւ հանգիստ մերժումներ է լսում իր առաջարկ-պահանջներին, եւ պարզ է, որ մերժումների էությունը չի փոխվելու: 

Եթե նախագահ Պուտինը մերժումները լսելուց հետո վերադառնա իրականություն եւ մնա իր տեղում, կնշանակի հաշտվում է կյանքի ընթացքի հետ, գիտակցում է, որ սահմանակից պետությունները ոչ թե Ռուսաստանի դռան շեմն են, այլ ինքնուրույն երկրներ եւ ժողովուրդներ, երբեմն շատ ավելի հնամենի, արժեքավոր ու կարողունակ, քան ռուսները, որոնք ոչ մի պատճառ չունեն սեփական ապագայից, ձգտումներից եւ կողմնորոշումներից հրաժարվելու: Պուտինը պետք է ուղղակի դադարեցնի խառնակչություններով աշխարհի ուշադրությունը իր վրա սեւեռելու պրակտիկան եւ վերջակետ դնի Ռուսաստանի ինքնասուն ու սնամեջ կայսրապաշտական հավակնություններին: Սա կարող է պատահել:

Բայց էլ ավելի հետաքրքիր եւ ազդեցիկ կլինի, եթե Պուտինը որոշի որ մի վերջին քաղաքական-ռազմական-դիվանագիտական թատերախաղ պետք է բեմադրի՝ ի տես աշխարհի եւ պատմության ու ներխուժի Ուկրաինա: Այ այդ դեպքում հետեւանքներն այլեւս Պուտինից կախված չեն լինի: Այդ դեպքում Ռուսատանի տնտեսությունը եւ փխրուն սոցիալ-քաղաքական  կայունությունը այնպիսի ուժգնությամբ եւ արագությամբ կփլուզվեն արեւմուտքի պատժամիջոցների արդյունքում, որ ԽՍՀՄ փլուզմանը Պուտինը երեւի երանի կտա: Սպասենք եւս երկու շաբաթ եւ տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն, բայց մի տարբերակով, թե մյուս՝ Ռուսաստանն ակնհայտ սուրում է դեպի 1991-92-ի վիճակը: