Մարմնի խեղումներ՝ մարմնի մասերի հատումներով , պոկոտումներով․ֆրանսահայ բժիշկը՝ վիրավորների մասին

Մարմնի խեղումներ՝ մարմնի մասերի հատումներով , պոկոտումներով․ֆրանսահայ բժիշկը՝ վիրավորների մասին

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկների հումանիտար խումբ, որը հավաքել էր Ֆրանսիայում աշխատող հայազգի բժիշկ Լեւոն Խաչատրյանը։ Կազմում էին վիրաբույժ Ան Մարի Բերժեն, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, վիրաբույժ-վնասվածքաբաններ Պիեռ Ժիրարը, Միքայել Չափարյանը եւ բժշկի օգնական Մարի-Լիս Պետին։ Խումբն արդեն վերադարձել է Ֆրանսիա։ Մեզ հետ զրույցում բժիշկ Լևոն Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում և Արցախում ընդհանուր համագումարով 6 օր են անցկացրել․

«Մենք մնացինք ընդհանուր 6 օր, եղանք Երևանում, հետո գնացինք Գորիս, այնուհետև խմբի կեսը գնաց Ստեփանակերտ, 2 օր մնացինք այնտեղ, հետո վերադարձանք Երևան և այնտեղ մնացինք ևս 2 օր։ Գորիսում մենք հիմնականում դիտորդական ֆունկցիա ենք ունեցել, Գորիսում չստացվեց ակտիվ աշխատանք ունենալ մեր բժիշկների կողմից, ես էլ տեղում չէի, որպեսզի փորձեի կոորդինացիա անել, իսկ Ստեփանակերտում մեր հիմնական ժամանակն անցկացրինք զինվորական հոսպիտալում և փորձել ենք առավելագույնս օգնել այդ մարդկանց՝ մեր նյութերով, մեր տված ամեն ինչով և մենք հիացած ենք Ստեփանակերտի հոսպիտալում աշխատանքների կազմակերպություններից»։

Բժիշկ Խաչատրյանն ասաց, որ ֆրանսիացի բժիշկները վիրահատություններ կատարել են Երևանում, վիրավորները շատ էին, իսկ վնասվածքները՝ ծանր․

«Վիրահատություն հիմնականում Երևանում են կատարել։ Վիրավորների քանակը, այո, շատ էր, ծանր էին հատկապես վնասվածքների կառուցվածքները, դժվար վնասվածքներ էին դրանք՝ մեծ ծավալի վիրահատություններ պահանջող, կրկնակի-եռակի վիրահատություններ պահանջող վնասվածքներ էին, ավաղ։ Ընդհանուր տպավորությունները մտահոգիչ ու ծանր էին։ Ակնհայտ էր, որ տեղի էր ունենում զենքի օգտագործում, որն արգելված է, որովհետև նման կարգի վնասվածքներ ․․․ պարզապես մարմնի խեղումներ՝ մարմնի մասերի հատումներով, պոկոտումներով և այրվածքներով, սովորական օգտագործման զենքերը նման բան չէին անի։ Մենք նորից գալու ենք, ամենայն հավանականությամբ, ամսի 7-ին մենք նոր խմբով կվերադառնանք, այս անգամ 4 հոգանոց խումբ է լինելու, որից 2-ը` նոր բժիշկներ»։