Սունդուկյանական քաոս

Սունդուկյանական քաոս
Բաց նամակ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին



_Ձեզ իր մտահոգ նամակն է գրում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Մարիամ Հարությունյանը:_



Գրելու շարժառիթը եղավ պրն Վարդան Մկրտչյանի կայծակնային առաջարկությունը՝ դիմում գրիր, դուրս արի: Հարց է առաջանում, թե ինչպես կարելի է բազմամյա աշխատանքային կենսագրություն ունեցող աշխատակցին անհիմն ձեւով նման հրահանգ տալ:



Արդեն շուրջ մեկուկես տարի է, ինչ աշխատում եմ տնօրեն Մկրտչյանի հետ, բայց հետադարձ հայացք գցելով՝ զարմանում եմ, թե ինչպիսի համբերությամբ եմ դիմացել այդքան ժամանակ: Շատ հաճախ սեղմելով ատամներս, «աչքկապոցի» խաղալով՝ փորձել եմ լավատես լինել եւ հանդուրժել տնօրենի «նորարարությունները», բիզնես գործունեությունը, Վ. Մկրտչյանին եւ իր «բանիմաց» թիմակիցներին դուր չեն եկել 20 տարիների իմ հմտությունն ու կարողությունը: Աշխատանքային մշտական ուղեկիցս եղել է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, որ ժամանակն ամեն ինչ կհարթի՝ երիտասա՜րդ են, ոչինչ, բայց լռելն արդեն հանցագործություն է, եթե ուզում ենք ազգ դաստիարակել կամ մեր երեխաներին ու թոռներին թողնել ուժեղ եւ բարեկիրթ երկիր:



Մեր ծանոթությունը սկսվել է իրեն ներկայացնելու յուրահատուկ ձեւից. «Ես պատահական մարդ չեմ, ես այստեղ եկել եմ նախագահի դաբրոյով, այսինքն՝ Սերժի: Կաշխատենք միասին, դուք իմ թիմից եք» (մեջբերումները բառացի են): Համբերեցի, լռեցի, բայց փորձեցի վերլուծել թատրոնի թիմային սկզբունքը եւ տեսա, որ նորելուկ տնօրենը թատրոնում աշխատանքը սկսել է աշխատողների «ջարդով»՝ պաշտոններ բաժանելով իր բարեկամներին՝ սանիկ, քավոր, ազգական, որոնց տրվեցին պարետի, փոխտնօրենի պաշտոնները, իսկ ամենակարեւորը՝ հաշվապահական գործերը վստահվեցին իր բարեկամուհուն, որն ամենակարող աշխատակցուհի դարձավ առանց համապատասխան աշխատանքային փորձի (վերջերս է գնացել հաշվապահական դասընթացների): Նման քայլերի «ապագան» բոլորի համար պարզ եւ հասկանալի էր՝ շահույթ, կոռուպցիա…



Ես, իմ ողջ գիտակցական կյանքում լինելով ազնիվ, հպարտ եւ պատվախնդիր մարդ եւ ոչ «խոնարհ եզ», չէի կարող դավաճանել իմ 20 տարվա աշխատանքային ընկերներին եւ անցնել նրա «ճամբարը», որովհետեւ ես իմ աշխատանքով եմ վաստակել թե՛ աշխատողների, թե՛ հանդիսատեսի բացառիկ սերն ու հարգանքը, ուրեմն «մոդեռն» տնօրենի հովանավորության կարիքը չունեի:



Իր նպատակին հասնելու համար տնօրենն օգտագործեց մի ուսուցչուհու բողոք-նամակը՝ ուղղված ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցին, որը տպագրվել է «Իրատես» թերթում: Այդ հոդվածը տնօրենին խիստ զայրացրել էր, ինձ հրավիրեց իր առանձնասենյակ՝ հրահանգելով սեփական կամքով ազատման դիմում գրել, թե չէ… Ի դեպ, այդ նամակի յուրաքանչյուր տողի տակ կարող է ստորագրել ցանկացած հանդիսատես, ինչու չէ՝ նաեւ թատրոնի աշխատող: Պարոն Մկրտչյանը կարծում է, թե ուսուցչուհու բողոքը՝ մեր թատրոնի հետ կապված, իմ պատվերով է կատարվել, չնայած հեղինակը գրել է ոչ թե կեղծանվամբ, այլ իր անուն-ազգանունով եւ ներկայացրել փաստեր։ Պարոն տնօրենը կարծում է, թե նա իմ ընկերուհին է, եւ ես եմ այդ հոդվածի պատվիրատուն: Եթե նրա կարճամիտ տեսանկյունից դիտարկենք, ուրեմն հանրապետության դպրոցների տնօրենների, ուսուցիչների մեծամասնությունն իմ ընկերուհիներն են, որոնք հաճախակի այցելում են մեր թատրոն՝ ներկայացումների: Ես գոհ եմ նրա այն կարծիքից, որ ես իմ աշխատանքով, վարվելաձեւով, ուշադրությամբ արժանացել եմ նման լուսավոր մտավորականների ընկերը լինելուն, եւ ողջունում եմ ուսուցչուհու համարձակ քայլը, որովհետեւ շատերն են դժգոհում, բայց անտարբերությամբ շրջանցում են եւ վախենում բան ասել: Այս ամբողջի առանցքում այդ նամակ-հոդվածը չէ, այլ տնօրենի շուրջ մեկուկես տարվա նպատակային քայլերը, քանի որ նրա նորամուտն ունեցել է մեկ նշանաբան՝ «մերժել հին աշխատողներին», եւ նոր ուժերով՝ իր «նազարներով», ստեղծել թատերական ԲՈՒՄ:



Ներկայացնեմ տնօրենի մեկ եւ ավելի տարվա ծավալած աշխատանքային գործունեությունը.



1. Տնօրենն աշխատում է նոր մեթոդներով՝ իրարից առանձնացնելով աշխատողներին: Հիմնականում հաշվապահության աշխատողներին տեղավորելով սենյակներում՝ նրանցից պահանջում է նստել տեղերում, ժամը 10-17-ը չշփվել ոչ մեկի հետ: Նրա գործը միայն իր բարեկամուհու՝ «գեներալ» հաշվապահի հետ է: Այսպես պահանջելով՝ նա «բարեգործական» հիմունքներով աշխատավարձ է տալիս նստող-զբաղվող լռողներին: Բայց մինչեւ ե՞րբ… Նա սպասում է, որ նրանք կհոգնեն անիմաստ ժամ մեռցնելուց եւ կհրաժարվեն աշխատանքից: Ակներեւ մի փաստ. թատրոնի տնտեսագետը, հիասթափվելով այս ամենից, հեռացել է աշխատանքից՝ հասկանալով, որ տնօրենի համար ինքն ավելորդ է: Նմանատիպ ճակատագրի է արժանացել կադրերի բաժնի վարիչը, որին անհիմն նկատողություններ տալով՝ հեռացրել է աշխատանքից (ի դեպ, գործը քննվում է դատարանում): «Խելամտորեն» բոլորից առանձնացրել է նաեւ աշխատավարձի գծով հաշվապահին՝ կարծելով, թե ոչ ոք ոչինչ չի կարող հասկանալ:



Թատրոնում գորշ մթնոլորտ է. գաղտնալսման մրցույթ, թե ով ինչ, որտեղից կլսի եւ շուտ կհաղորդի «տիրոջը»:



2. Տնօրենը թատրոնում իր կազմակերպչական աշխատանքները սկսել է ջուր ծախելով: Թատրոնն սկսվում է հանդերձարանից, իսկ Վ. Մկրտչյանի համար՝ հանդերձարանում կանգնած հսկիչից, որն աշխատավարձ է ստացել ոչ թե որպես հսկիչ, այլ որպես իր համար ջուր վաճառող աշխատելու համար:



3. Կոսմետիկ վերանորոգվել է թատրոնի տոմսարկղը, այն էլ՝ հովանավորի գումարով: Բայց հեռուստատեսությամբ լուսաբանվել է ոչ թե հովանավորի գործը, այլ ինքնագովազդով հանդես է եկել ինքը՝ Վ. Մկրտչյանը՝ տոմսարկղի պատերը ձեւավորելով Ա. Էլբակյանի բեմադրած ներկայացումների պաստառներով (կարծես մինչ իր հայտնվելը այդ թատրոնում ոչ մի ներկայացում չի եղել):



Ի դեպ, երբ վերանորոգվում էր տոմսարկղի սենյակը, տնօրենի որոշմամբ ինձ շատ կուլտուրական հանեցին իմ ուժերով վերանորոգված երկսենյականոց առանձնասենյակից՝ առաջարկելով մոտ երկու ամիս թափառել թատրոնի նախասրահում եւ մի աթոռով տեղավորվել ցանկացած անկյունում, ցանկացած սյան տակ: Ինձ խստիվ արգելված էր անգամ իմ կաբինետի մոտ կանգնելը, երբ այդ նույն սենյակ ազատ ելումուտ ունեին թիմակիցները՝ պարեկը, փոխտնօրենը եւ իր ծանոթները: Իմ առանձնասենյակն ազատելուց հետո նրանք ինձ զրկել են քաղաքային հեռախոսակապից՝ այն տրամադրելով տոմսարկղին՝ որպես երկրորդ գիծ, երբ իմ բոլոր ծանոթներն այդ համարով էին շուրջ 20 տարի զանգում եւ հետաքրքրվում ներկայացումներով՝ անհրաժեշտության դեպքում տոմսեր պատվիրելով: Ես մինչեւ այժմ էլ իրավունք չունեմ մոտենալ տոմսարկղին: Պատկերացնո՞ւմ եք, գլխավոր ադմինիստրատորին, ֆուտբոլային լեզվով ասած, ցուցադրվել է «կարմիր քարտ»:



4. Այսօր տոմսային տնտեսության հաշվապահը, որին խիստ արգելվում է տոմս վաճառել, շարունակում է տոմս վաճառել՝ առանց իմ վերահսկողության, որը սահմանված է օրենքով: Որպես դահլիճի պատասխանատու՝ ես ոչնչից տեղեկություն չունեմ՝ ո՛չ իրացված տոմսերից, ո՛չ հրավերներից, մինչդեռ տարիներ շարունակ վերը նշվածը եղել է իմ պարտականությունը:



Կոլեկտիվի ներսում ծագած մի շարք խնդիրներ եւ հարցեր քննարկվում են ժողովներում կամ հերթական խորհրդակցություններում: Եկած օրվանից մեր կոլեկտիվում դեռ ոչ մի ժողով չի արվել, որովհետեւ նա վախենում է ճակատին ճիշտ խոսքի հարված ստանալուց: Չի ընդունում հիմնավոր, սկզբունքային քննադատություն: Երբ զգուշացվում է որեւէ բացթողնման կամ սխալի մասին, նա արհամարհական կեցվածք է ընդունում եւ ծիծաղում, քանի որ ինքն ամենատես է եւ ամենակարող, որն արվեստագետի պահվածքին հարիր չէ:



5. Նա փորձել է նաեւ խաղալ իմ հեղինակության հետ՝ նախկին արտահաստիքային լիազորին ասելով, որ ինձ հետ ունեցած գործարքներում նա խաբված է, եւ առաջարկել է աշխատել իր հետ: Բերված փաստերն առերեսմամբ հաստատվել են, պարզաբանվել, որին այլեւս չեմ ուզում անդրադառնալ:



Փորձենք փաստել եւ հաշվել նրա «գրպանային» շռայլ ծախսերը, որոնցով ներկայացվում է նրա ստեղծագործական առաջադիմությունը․ էլբակյանական ներկայացումների թանկարժեք եւ տարատեսակ պաստառներ, որոնց առջեւ խորհուրդ է տրվում «սելֆի» անել եւ դրանով իսկ արձանագրել թատրոնի նոր առաջընթացը:



Լավ բան է երազելը, բայց երազախաբությամբ երեխա չի ծնվում:



Այսքան տարի աշխատելուց հետո կարող եմ ասել մի բան. թատրոնը պետք է լինի բացարձակ թափանցիկ՝ իր ֆինանսական եւ վարձակալական պատկերով, իսկ պրն Մկրտչյանի գործելաոճում կա մի մեծ պատնեշ: Եթե որոշ մարդիկ փորձեն պարզել, ապա պարզ կդառնա թատրոնի ֆինանսական գործունեությունը: Ինձ համար միեւնույն չէ մեր թատրոնի ճակատագիրը: Ես երկար տարիներ, սկսած մութուլույս տարիներից, համագործակցել եմ հանրապետության համարյա բոլոր դպրոցների մանկավարժների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների եւ, վերջիվերջո՝ թատրոն սիրող-արժեւորող, պարբերաբար թատրոն հաճախող թատերասերների հետ՝ իմ առջեւ դնելով մի նպատակ՝ մասնակիցը դառնալ ազգի դիմագծի եւ հոգեկերտվածքի ձեւավորմանը. չէ՞ որ թատրոնը կյանք է եւ հոգեւոր սնունդ:



Հեղափոխական շարժումից հետո՝ այս 5 ամիսների ընթացքում, մտածեցի՝ երեւի տնօրենն իր թիմով կփոխի իր աշխատանքային ոճը, եւ համատեղ կաշխատենք նոր ոճով եւ ոգով: Այդ ոգին թատրոնում շատ կարեւոր է, իրավիճակ է փոխվել երկրում, բայց մեր տնօրենը, հավանաբար, «ոգի» (дух) բառի տակ հասկացել է դուխով ազատվելն աշխատողներից՝ պարտադրելով սեփական կամքով ազատման դիմում գրել:



Նամակս այս տողերով կավարտվեր, եթե չլիներ պրն տնօրենի վերջերս կատարած ահաբեկչական քայլը: Նա, հերթական անգամ մտացածին պատճառաբանություններ փնտրելով, ինձ թատրոնից դուրս կանչեց բակ եւ հանդիսատեսների ներկայությամբ, չափը կորցրած, տղամարդուն ոչ վայել պահվածքով, սպառնալով հարձակվեց վրաս: Այդ պահին ոչ միայն ես, այլեւ կողքից դիտողը կարող էր վկայել, որ նրա պահվածքն անհավասարակշիռ է, եւ նա ունի հոգեկան լուրջ շեղումներ:



Այս ամենից հետո ս․թ․ նոյեմբերի 8-ին նա իր գործավարի միջոցով ինձ կանչեց կաբինետ եւ շարունակեց իր իսկ «գրած» հիստերիկ դրամայի հաջորդ արարը՝ պահանջելով, որ ես գրեմ բացատրագիր նոյեմբերի 2-ին աշխատանքի չներկայանալու համար, թեեւ ես ներկայացել եմ առավոտյան եւ գործերով դուրս եկել: Տնօրենը պատկերացում չունի գլխավոր ադմինիստրատորի աշխատանքային պարտականությունների մասին, որ կա նաեւ ազատ գրաֆիկ, որով ես աշխատել եմ 20 տարի, որից մեկուկես տարի նման աշխատաոճով՝ իր հետ: Այդ օրը կրկին հարձակվեց ինձ վրա (ի դեպ, ներկա են եղել իր թիմակիցները՝ գործավար եւ փոխտնօրեն) եւ սկսեց բղավել՝ դո՛ւրս իմ կաբինետից: Թատրոնի աշխատակազմը եւ ես, այս միջադեպերի վկան լինելով, գտնում ենք, որ նման տնօրենին անհրաժեշտ է ոչ թե իրավաբան, այլ՝ հոգեբույժ-հոգեբան:



Եվ մի պահ հիշենք կարեւոր բան. չէ՞ որ Վ. Մկրտչյանը թատրոն է եկել սերժիկյան դաբրոյով, իսկ ո՞ւր է հիմա Սերժ Սարգսյանը: Գուցե ինքն էլ հետեւի նրա քայլին, քանի որ թատերական քողտիկից դուրս եկած մարդը պալատում՝ ազգային թատրոնում, նման ձեւով աշխատելու իրավունք չունի:



Հարգանքով՝ համբերությամբ կոփված եւ ազատման դիտակետում հայտնված, դեռ հարկային մարմիններին չդիմած՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ադմինիստրատոր



**Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**