Հայկո, դեռ չեմ հավատում, որ քաղաքապետ ես․․․

Հայկո, դեռ չեմ հավատում, որ քաղաքապետ ես․․․
Քանդելը դաժան բացատրություն ունի՝ ավերել, ավերակել, փլցնել:

կործանել, տապալել․․․



Չշարունակեմ, տխուր է, ահավոր տխուր, ինչ այսօր եմ տեսնում։ Կուզեի մի բան ասել՝ հայը չի սիրում քանդել, ավերել, ոչնչացնել, տապալել։ Հայը շինարար է, երբեք չի քանդել այն բունը, որտեղ թռչունը  ծվարել է, պաշտել է այն ծառը, որտեղ ծիծեռնակը բույն է դրել։



Նոր քաղաքապետը խոսում է օրենքի լեզվով։ Ապօրինի շինությունները պետք է քանդվեն։ Ու․․․ գործի է անցնում։ Ոստիկանները շրջափակում են շենքը և․․․ սկսում կառուցողի աչքի առաջ քանդել նրա շենքը։ Նայում եմ տեսանյութն ու սարսափում։ Կառուցողը հոգեբանորեն պատրաստ չի եղել այդ քայլին՝ ոստիկանների ձեռքերի մեջ թպրտում է, գոռում, որ գործը դատարանում է։ Դատարանում ընթանում է կառույցի օրինականության հարցը, որոշում չկա ու շենքը քանդում են։ Օրենքի շրջանակների մեջ չեմ խորանում, բայց ամենաքարացած օրենքի մեջ կենդանության, խղճի տարր կա, որն այս պարագայում չի գործում։



Ես որպես շարքային քաղաքացի ինչո՞վ համոզված լինեմ, որ առաջին, երկրորդ, երրորդ օրինակները մարդկանց վրա ներազդելու, վախեցնելու  միջոց չեն, որպեսզի «նրանք տեղներից շարժվեն»․ կառույցները նոր քաղաքապետարանի միջոցով «ապօրինիից օրինական դարձնեն»։



Ակամայից հիշում եմ կես դար առաջ տեղի ունեցած մի սարսափելի դեպք։ Գյուղում էինք ապրում։ Մեր թաղում մի շուն կար, որը հինգ ձագ  ուներ։  Սիրուն, թոթոլ։ Երեխաներով նրանց համար բուն էինք կառուցել, ստից էլի, որ փչեիր, կփլվեր, ու նրանք ապրում էին այդտեղ։ Կերակրում, սիրում էինք։ Ու մի օր քաղաքից ինչ որ մի քանի մարդիկ եկան՝ երկուսը ոստիկանի հագուստով ու ասացին, որ օրենք կա՝ անտեր շներին սպանում են։ Մենք գոռում էինք՝ անտե՜ր չեն, մենք ենք նրանց պահում, չլսեցին, անգամ չսպասեցին, որ տան մեծերը գան։ Հրացանով սկզբից մորը խփեցին, հետո ձագերին․․․ Այդ ի՜նչ կենդանական «ողբ էր», որ խառնվել էր երեխաներիս ողբին։ Մեզ անգամ չհեռացրին դեպքի վայրից։ Հետո նույն ողբը լսեցինք գյուղի այլ ծայրերից։ Մինչ հիմա  ատելությամբ եմ հիշում շանն ու ձագերը սպանողին։ Ու ի՜նչ ատելությամբ։ Երբ այդ մարդը մեռավ, լուրն այսպես ասացին՝ սատկեց։  



Ասելս այն է, որ օրենքի մեջ խիղճ պիտի դնել։ Օրենքը ռոբոտի պես չպետք է օգտագործել։ Օրենքը քաղաքապետի որոշումը չէ։ Հազար անգամ գցել, բռնել՝ քանդելուց, սպանելուց, ոչնչացնելուց առաջ։



Կուզեի անկեղծորեն ասել՝ Հայկո, դեռ չեմ հավատում, որ քաղաքապետ ես․․․  Եթե հավատայի, շատ ծանր կտանեի, որ սկիզբդ քանդելով, ավերակելով  սկսեցիր․․․ Մի ծառ տնկեիր, հետո․․․



 



Հասմիկ Բաբաջանյան