Կեղծարարությունը շարունակվում է անգամ Ձեր ղեկավարության օրերին, պարո՛ն Փաշինյան

Կեղծարարությունը շարունակվում է անգամ Ձեր ղեկավարության օրերին, պարո՛ն Փաշինյան
Այն, ինչ հանրային լսում անվան տակ տեղի ունեցավ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրում (խոսքը՝ հոկտեմբերի 18-ին, «Բազալտ 7» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկման մասին է) զավեշտ էր, խեղկատակություն, թոզփչոցի և նախապես լավ մշակված բեմականացում, որն էլ իրականացվեց անթերի ու լավագույն «դերասանների» կատարմամբ:



Ի վերջո, կարելի է խոսել, կարելի է հանուն շահի ինչ-որ բան էլ կեղծել, բայց որ այդ ամենում ակտիվ մասնակցություն ունենա մի նախարարություն (ՀՀ բնապահպանության նախարարություն) կամ դրան կից ծառայության աշխատակիցը (Շրջակա միջավայրի ազդեցության փորձնական կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ), որը իբրև փորձագետ ջանում էր խեղաթյուրել իրականությունը և լսմանը ներկա 9-ը մարդը հետո չգիտես ինչու ներկայացրեց 15 ու հենց այդ թիվը սղացրեց ու անցկացրեց:



Հաջորդ խնդիրն այն է, որ հանրային կոչված այդ վայ քննարկման ժամանակ անգեղակոթցի Օհանը կոնկրետ հարց ու մտահոգություն բարձրաձայնեց, հստակ ձևակերպմամբ, նշելով, որ 10 տարի շարունակ այդ նույն հանքի շահագործումը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողակտորին նյութական զգալի վնաս է պատճառել ու վնասը չի փոխհատուցվել: Փաստացի Օհանը իրեն խաբված է զգում ու հիմա ունի բոլոր հիմքերը չվստահելու ոչ մեկին ու փաստացի նա դեմ է տվյալ հանքի շահագործմանը:



Այդպես էլ անպատասխան մնաց մեկ այլ անգեղակոթցու հարց ևս, երբ նա փոձեց իմանալ՝ շրջակա միջավայրի աղտոտման դեպքում, ինչպես է վարելու հանք շահագործողը, սոցիալական ինչ պարտավորություններ ունի:



Այն, որ իրավիճակ է փոխվել մեր երկրում, շատ ենք ուզում հավատալ նաև մենք անգեղակոթցիներս, բայց այն ինչ կատարվում է ներքին օղակներում, խոսում և ապացուցում է հակառակի մասին:



Այն ինչ, հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Անգեղակոթում մեր խոսքերի հավաստիացումն է: Երբ այդպես էլ որևէ հանրային քննարկում տեղի չունեցավ, հաշվի չառնվեց որևէ տեսակետ, չներկայացվեց որևէ հստակ ծրագիր (ասենք ում ներկայացվեր, հավաքվել էին իրենք, իրենցով ու տնավարի զրուցում էին), փոխարենը տեսախցիկի առաջ, լավ գաջ քաշողի նման սվաղեցին ամենն ու իրենց գործը համարեցին ավարտված:



ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի ազդեցության փորձնական կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Զարուհի Զուռնաչյանը՝ «զուռնան զլած», արհեստավարաժ կերպով, սահուն խոսքով ամեն ինչ առաջ էր տանում, հիմա գոնե կարող է բացատրել, թե հանուն ինչի էր ջանում, հանուն Նոր Հայաստանի, հանուն Նիկոլի, հանուն անգեղակոթցիների վաղվա նոր խնդիրների, թե … հունուն ում: Հարցի պատասխանը առկախ է ու թող տան իրավիճակ փոխած ու դրա համար պատասխանատու անձինք:



Այլապես Անգեղակոթում և շատ այլ բնակավայրերում արդեն իսկ գիտակցում են, որ Հայաստան երկրում ոչ մի բան էլ չի փոխվել, նույն կեղծիքներն են, նույն զոռբայությունը՝ ով շատ փող ունի, նրա խոսքն է որոշիչ…



Հարցեր են, խնդիրներ, որ պետք է պատկան կառույցների ու մարմինների ուշադրության կենտրոնում լինեն՝ ՀՀ բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի ազդեցության փորձնական կենտրոն ՊՈԱԿ, ՀՀ պետական վերահսկողության ծառայություն, եթե իհարկե, նրանք այս ամենում չկան:



Գուցե այս երկրում թավշյա իշխանությունը զուտ իմիտացիա էր, և շարունակվում է Ռ. Քոչարյանի իշխանությունը, ու նրա բիզնեսմեն բարեկամների համար չկան փակ դռներ, ով գիտի…



**Մի խումբ անգեղակոթցիների անունից՝**



**Արգամ Հայրապետյան**