Պետք է ազատվենք անընդհատ քննադատելու կոմպլեքսից

Պետք է ազատվենք անընդհատ քննադատելու կոմպլեքսից
Քաղաքական ուժերն երբեք էլ չեն թերագնահատել մտավորականներին, արվեստագետներին եւ ԱԺ ընտրություններին մասնակցելիս նրանց ընդգրկել են կուսակցական ցուցակներում։ Հետաքրքիր է, թե ինչպես են այսուհետ վարվելու քաղաքացիական դիրքորոշում ունեցած, տարիներ շարունակ փողոցային պայքարի բովով անցած այն արվեստագետները, որոնք ողջունել են ապրիլյան հեղափոխությունը․ ներգրավվելո՞ւ են քաղաքականության մեջ, թե՞ ոչ։ Նկարիչ Արման Գրիգորյանը հիշեցնում է, որ ինքը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից է, սակայն տեղյակ չէր՝ մասնակցո՞ւմ է ՀԱԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների կողմից ցուցակներում ընդգրկվելուն, ապա Արման Գրիգորյանն ասում է, որ իրեն նման առաջարկ չի արվել։



Նկարիչը կարծում է, որ ապրիլյան հեղափոխությունը հայ ժողովրդի մեծ ներդրումն էր համաշխարհային առաջընթացի մեջ։ «Մենք, կարծում եմ, որ պետք է ազատվենք այն կոմպլեքսից, երբ անընդհատ վերլուծում, քննադատում ենք եւ այդ դեպքում կարող ենք կարեւոր դեր խաղալ այս տարածաշրջանի համար։ Կարծում եմ, որ ավելի շատ ազատություն կլինի արվեստագետների համար, ավելի շատ շփումներ կլինեն։ Հայը կկարողանա հաղթահարել իր բարդույթավորվածությունը։ Մենք ունենք շփվելու խնդիր, չենք կարողանում շփվել օտարների հետ»,- ասաց Արման Գրիգորյանը։



Հարցին, թե ինչ հնարավորություններ է իր առջեւ բացել ապրիլյան հեղափոխությունը, ինչ ծրագրեր է փորձում կյանքի կոչել, մեր զրուցակիցը թվարկում է․ «Մեկ անգամ հանդիպել եմ, շատ լավ տպավորություն եմ ստացել թե՛ մշակույթի նախարարից, թե՛ փոխնախարարներից։ Շատ լավ է, որ մշակույթը փորձում են կապել կրթության հետ, չեն կենտրոնանում միայն Երեւանի վրա, Գյումրիում էլ կարող է մի թանգարան կամ պատկերասրահ լինել։ Ես անցյալ տարի նախագիծ էի արել Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Այս տարի էլ մասնակցեցի «Հայ-արտ»-ում կայացած ժամանակակից արվեստի ցուցահանդեսին։ Իմ գործերով ես այնքան բան եմ ասել, իմ հետեւից չի հասնում քաղաքականությունը։ Արվեստագետը միշտ պետք է ավանգարդում լինի, չէ՞ (ծիծաղում է)»: