Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ․ մաս 4-րդ

Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ․ մաս 4-րդ
Այսօրվա քաղաքական կլիման ակամա դեժավյուի տպավորություն է առաջացնում։ Պուտինյան վարչակազմը Գորբաչովին անվանում է դավաճան, սակայն ինքն է նետվում սպառազինությունների մրցավազքի մեջ։ Դեռեւս 2007-ին, երբ ներկայացվեց «Իսկանդերը», որը խորհրդային «Օկա»-ի մոդեռնիզացված տարբերակն էր, որն ի դեպ ոչնչացվել էր հենց Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների վերացման համաձայնագրի շրջանակներում, արդեն իսկ առաջին խախտումն էր ազդարարվում։



Սկզբում այն կարծես թե չէր խախտում համաձայնագիրը, սակայն հետո հայտնվեց 9М728-ը կամ Р-500-ը, որը հատում է արգելված սահմանը։ Սկսելով ողջ այդ կամպանիան, ու հայտարարելով «Ռուբեժ», «Ավանգարդ» հրթիռների արտադրման մասին, ցուցադրելով այդ սպառազինությունների մուլտիպլիկացիոն հոլովակները, Մոսկվայում հույս ունեին, որ կվախեցնեն Եվրոպային։ Եւ սեպ կխերն Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում։ Սակայն կարծես թե հին սցենարը կրկնվում է եւ եվրոպացի ղեկավարները կրկին միավորվում են ու կրկին սկսվում է սպառազինությունների մրցավազքի նոր փուլը։ Իհարկե առայժմ խոսվում է միայն ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի վարժանքների մասին, սակայն պարզ է, որ կգա նաեւ հրթիռների տեղակայման հարցը եւս։ Ու այստեղ հարց է առաջանալու, թե նոր հրթիռները հայտնվելու են արդյոք Գյումրիի 102-րդ ռուսական բազայում։ Դրան համարժեք ինչ հակաքայլեր է ձեռնարկելու ԱՄՆ, օրինակ՝ տեղակայելու է արդյոք նոր հրթիռներ Թուրքիայում։



Այսօր Անկարան յուրատեսակ հարաբերություններ է կառուցում Մոսկվայի հետ, սակայն 1970-ական թթ էլ շատ եվրոպական պետություններ Մոսկվայի հետ ճիշտ նույն կերպ էին յուրատեսակ հարաբերություններ կառուցում։ Կամ ինչ է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Այս ամբողջը առկա հարցերի տրցակի աննշան մի մասն է միայն, հարցեր, որոնց պատասխանները պարզապես պետք է կռահել։ Կա նաեւ հետեւյալ մտահոգությունը․ իսկ սանկցիաների տակ «ճըռռացող» ռուսական տնտեսությունը կկարողանա արդյոք դիմանալ սպառազինությունների նոր մրցավազքի նետած մարտահրավերներին, կկարողանա արդյոք խուսափել Մոսկվան այն սխալներից, որոնք թույլ էր տվել Մոսկվան 1980-ական թթ։