Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ․ մաս 3-րդ

Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ․ մաս 3-րդ
Հեռավոր 1961-ին դեռւես, ԱՄՆ այն ժամանակվա սենատորներից Քեննեթ Քիթինգը մի շարք հանրային լսումներ անցկացրեց կապված խորհրդային էներգետիկ սպառնալիքների հետ։ Դրանցից մեկի ժամանակ նա պարզապես հայտարարեց, որ Խրուշչյովը մեկ անգամ չէ, որ սպառնացել է ԱՄՆ-ին եւ ցանկանում է ոչ միայն հորել ամերիկացիներին, այլ նաեւ խեղդել սովետական նավթի մեջ։ Միացյալ Նահանգներում դեռ այն ժամանակ էին վստահ, որ դեպի Արեւմտյան Եվրոպա ԽՍՀՄ կողմից աընդհատ աճող նավթի արտահանումը շատ ավելի քաղաքական, քան տնտեսական նպատակներ էր հետապնդում։ Այդ կերպ Մոսկվան ցանկանում էր եվրոպացիներին իր մատակարարումների միջոցով պահել կախման մեջ։ Դեռ Սառը պատերազմի այդ տարիներին Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ փորձել է սանկցիաներ կիրառել ընդդեմ Մոկվայի էներգետիկ նախագծերի, սակայն եվրոպական երկրները կարողանում էին Վաշինգտոնի այդ ջանքերը միասնաբար հետ մղել կամ էլ չեզոքացնել։ Վերջին նման փորձը եղել է 1982-ին։ Ռեյգանն ի տարբերություն Թրամփի, գործարար չէր եւ քաղաքականություն մուտք էր գործել Հոլիվուդի միջոցով։ Սակայն հենց նրա անվան հետ է կապվում ԽՍՀՄ տնտեսական քայքայումը, որը բերեց ողջ ԽՍՀմ փլուզման։ Այլ հարց է, որ դրանում վճռական դերակատարություն ունեցան ոչ թե տնտեսական սանկցիաները, այլ սպառազինությունների մրցավազքը։ Կարելի է ասել, որ ներկայումս Դոնալդ Թրամփը կրկնում է Ռեյգանի սցենարը, ինչի մասին կարող է վկայել այն, որ ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրից, որը կնքվել է ԱՄՆ եւ ԽՍՀՄ միջեւ 1987-ին։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1977-ին ԽՍՀՄ-ը Արեւմտյան Եվրոպայի հետ իր սահմաններին տեղակայեց այդ դասի «Պիոներ» հրթիռները։ Իհարկե դրանք մինչեւ ԱՄՆ չէին հասնի, սակայն կարող էին միջուկային հարվածներ հասցնել Եվրոպայում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Այն ժամանակ ԽՍՀՄ հաշվարկը շատ պարզ էր։ Մի կողմից տեղակայում է հրթիռներ, մյուս կողմից տարբեր այսպես ասած «միջնորդ կառույցների» միջոցով կազմակերպում հակամիլիտարիստական ցույցեր Եվրոպայի երկրներում։ Հիմնական խնդիրն այն էր, որ եվրոպացիները վախենալու են, որ իրենց երկրները դառնալու են թիրախ խորհրդային հրթիռների համար եւ ամերիկացիներին ելքի դուռն են ցույց տալու։ Սակայն իրադարձութուններն այնքան էլ խորհրդային ստրատեգների սրտով չզարգացավ։ Մի կողմից հակամիլիտարիստական ցույցերն էին շարունակվում, մյուս կողմից էլ եվրոպացի ղեկավարները համաձանում էին, որ «Պերշինգ -2» եւ «Տոմագաֆկ» հրթիռները տեղակայվեն իրենց մոտ, որոնք տեխնոլոգիապես գերազանցում էին խորհրդայիններին ճիշտ նույնքան, որքան ասենք «Ֆորդը» «Մոսկվիչին»։ Քաղաքական հակասությունները մոռացվեցին եւ Մոսկվայի հետ սիրախաղերը գնացին երկրորդ պլան։ ՆԱՏՕ-ի խորը սարսափեցման փոխարեն ցուցադրվեց միասնականություն եւ վճռականություն։ Խորհրդային տնտեսությունը ստիպված եղավ ընդունել մարտահրավերը, չունենալով պոտենցիալ ոչ գիտական, ոչ տեխնոլոգիական եւ ոչ էլ ֆինանսա-տնտեսական առումով։ Արդյունքում, 1985-ին երկրի ղեկն ստանձնած Միխայիլ Գորբաչովը այլեւս չէր կասկածում, որ կամ պետք է ընտրի քողարկված կապիտուլյացիայի կամ պատերազմի ակնհայտ տանուլ տալու մեջ։ Ստորգրվեցին համաձայնագրերի մի ողջ շարք կապված սպառազինությունների մրցավազքի դադարեցման, Աֆղանստանից եւ Արեւելյան Եվրոպայից խորհրդային զորքերի դուրս բերման եւ այլնի հետ կապված, սակայն կործանումից ԽՍՀՄ-ն այլեւս անհնար էր փրկել։