Զրահաբաճկոն հագեք

Երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում եւ որոշել ես կտրուկ փոփոխություններ անել քո ղեկավարած համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի կամ հին-լճացած կադրերից ազատվելու կարգախոսի ներքո, առավել եւս պետք է պատրաստ լինես։ Իսկ երբ բարեփոխումների կամ այլ նպատակով նաեւ որոշել ես ոլորտի հզորներին դիպչել՝ ազատել աշխատանքից, խլել բիզնեսը, գործազուրկ դարձնել, եկամտի աղբյուրից զրկել, պետք է ուղղակի զրահաբաճկոն հագնես ու ամեն անկյունից կրակոցի սպասես։ Եթե այս ամենը նորանշանակ պաշտոնյաները հասկանան, բոլորովին չեն զարմանա ու զայրանա այն քննադատություններից, այն դիմադրությունից, որին այսօր բախվում են։
Այս կոնտեքստում պարզապես զվարճալի է այն վրդովմունքը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արտահայտում է իրեն ուղղված քննադատությունների, իր չծառայելու պատմությունը վեր հանելու, իր հիվանդությունների մասին հրապարակումների առիթով։ Եթե դու նախարար ես դարձել այդպիսի բարդ ոլորտում, արդեն պիտի պատրաստ լինես նման ուշադրության։ Իսկ եթե հիվանդանոցի երկարամյա տնօրենին ես հեռացրել, որն իր կյանքի ընթացքում բազում մարդկանց է բուժել-օգնել, առավել եւս պետք է պատրաստ լինես դիմադրության։ Մարդը հավի ճուտ չէ, որին հեռացնես քո ճանապարհից, եւ նա չպայքարի։
Կարծիքներ