ՀՀԿ-ն մտադիր է տապալել ԸՕ նախագծի ընդունումը

ՀՀԿ-ն մտադիր է տապալել ԸՕ նախագծի ընդունումը
ԱԺ արտահերթ նիստը դժվարությամբ է առաջ ընթանում, որտեղ քննարկում են Ընտրական օրենսգրիք նախագիծը։ Պատգամավորների մի զգալի մասը ներկա չէ դահլիճում և չի մասնակցում քվեարկությանը։ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի կառավարության հետ համաձայնեցնեն ԸՕ նախագծի երկրորդ ընթերցման քվեարկության ժամկետի երկարացման հարցը։ ՀՀԿ-ից ընդամենը մի քանի պատգամավոր է ներկա, որոնց քվեարկությամբ մի կերպ կարողացան հաստատել օրակարգը 53 ձայնով։ Իսկ ԸՕ նախագծի ընդունման համար պատգամավորների թվի 3/5-ն է անհրաժեշտ՝ 63 ձայն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ականներից էլի մարդիկ մասնակցեն քվեարկությանը։ Բայց ՀՀԿ-ում դեռ լռում են այս մասով, թե ինչ դիրքորոշում ունեն։ Արմեն Աշոտյանն ասաց, որ իրենք դեմ են այսպես արագ ԸՕ նախագիծն անցկացնելուն՝ նշելով, որ այնպես չէ, թե իրենք կողմ են կամ իրենց ձեռք է տալիս ռեյտինգային ընտրակարգը։ Բայց իրենք ունեն համոզմունքներ, համաձայն որոնց՝ այս պահին ճիշտ չեն համարում Ընտրական օրենսգիրքը փոխել, այն էլ այս տեսքով։ Նա նաև ասաց, որ քիչ անց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիմնավորված, փաստաթղթերով մանրամասն կներկայացնի իրենց դիրքորոշումը։ Արդյոք դրանից հետո իրենք կողմ կամ դեմ կքվեարկե՞ն, Աշոտյանը չցանկացավ ժամ առաջ որևէ հստակ բան ասել։



**Hraparak.am**-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները մտադիր են տապալել ԸՕ նախագծի ընդունումը։ Նրանք մշակել են մի սցենար, համաձայն որի ԸՕ նախագծի առաջին ընթերցման քվեարկությունը կտապալվի։ Նրանք ազատ են թողնելու իրենց խմբակցության անդամներին, որոնց մի մասն ուղղակի չի գրանցվի և չի քվեարկի, մի մասը ներկա կլինի բայց դեմ կքվեարկի՝ այդպիսով չապահովելով նվազագույնը 63 ձայն, ինչի արդյունքում նախագծի ընդունումը կտապալվի։ Դրա համար էլ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը, օրինակ, ներկա էր շենքում, բայց դահլիճում չէին, մի քանիսն էլ՝ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը և այլք, դահլիճ մտել ու քվեարկել են զուտ նրա համար, որ ընդամենը հնարավորություն տան, որ նախագծի քննարկումը կայանա, որ հետո դեմ քվեարկեն կամ չքվեարկեն ու տապալեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**