Սոցիալական խնդիրներն էսօր էլ են գլուխ բարձրացրել․ Նիկոլ Փաշինյան

Սոցիալական խնդիրներն էսօր էլ են գլուխ բարձրացրել․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշեց դեկտեմբերին անցկացնել արտահերթ ընտրությունները, ինչո՞ւ որոշեց արագացնել պրոցեսը։ Միայն այդ ԱԺ-ում ընդունված աղմկահարույց օրե՞նքն էր պատճառը։



«Ոչ միայն։ Քաղաքական գործըթնացներ եղան, ընտրություններ եղան, որտեղ ժողովրդի առաջ հարց դրվեց, և ժողովրդի պատասխանը ստացվեց։ Հիմա, եթե նրանք, ովքեր ասում են, որ վայ, Երևանի քաղաքապետի ընտրություններն էդ հարցի պատասխանը չէ, այսինքն՝ իրենք ի՞նչ, առաջարկում են, որ մենք ժողովրդին նո՞ր խնդրանքով դիմենք և ժողովուրդն արձագանքի՞ մեր խնդրանքին»,-նորից ժողովրդին ոտքի հանելու մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը։



**-Պարոն Փաշինյան, ասում են՝ մտավախություն ունեք, որ Ձեր վարկանիշը կիջնի, ժողովրդի մոտ ձմռանը դժգոհություն կառաջանա․․․**



-Հիմա կարող եմ Ձեզ խորհուրդ տալ հետևյալը, որ անցեք և կարդաք մայիսին վերլուծաբանների բազմաթիվ վերլուծությւոններ, ովքեր ասում էին, որ անխուսափելիորեն հինգ ամսից իմ վարկանիշը անկում է ապրելու, գահավիժելու է և այլն, և այլն։ Փաստորեն, մի քանի օր առաջ տեղի է ունեցել հարցում, և պարզվել է, որ ժողովրդի վստահությունը՝ պետության ղեկավարի նկատմամբ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ բարձր է։



**-Առջևում ձմեռ է, գազի, էլեկտրաէներգիայի գները չեն իջնելու, սոցիալական խնդիրները կարող են գլուխ բարձրացնել։**



-Այո, սոցիալական խնդիրներն էսօր էլ են գլուխ բարձրացրել, և ես ասում եմ, որ քանի դեռ էս բարիկադային վիճակից դուրս չենք եկել, սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին շատ լուրջ բարդություններ են առաջանալու։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**