Մարդիկ քոմենթներ են գրում, թե անհատի պաշտամունք է երկրում, բայց դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ՝ «Իմ քայլի»

Մարդիկ քոմենթներ են գրում, թե անհատի պաշտամունք է երկրում, բայց դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ՝ «Իմ քայլի»
Օրեր առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը, որտեղ վարչապետը պատկերված է իր հեղափոխական կերպարով՝ ուսապարկով ու գլխարկով, քայլքի մեջ, երբ Գյումրի քաղաքից սկսեց իր քայլարշավը։ 2 մ 20 սմ բարձրությամբ քանդակի հեղինակն Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանն է, ով, սակայն, չցանկացավ անձնապես խոսել քանդակի մասին, փոխարենը մեզ հետ խոսեց քանդակագործի որդին՝ Գոռ Դավթյանը, ով նույնպես քանդակագործ է։



Թեպետ արձանի հեղինակն Արմեն Դավթյանն է, բայց որդին՝ Գոռը, տեխնիկական հարցերում նույնպես օգնել է հորը․ «Դեռ քայլարշավի սկզբից ինքը Փաշինյանի կերպարով փոքր քանդակ արեց, որը պատրաստ էր արդեն ապրիլի 22-ին։ Հենց այդ օրն էլ ուզում էր նվիրել Փաշինյանին, բայց այդ օրը առեւանգեցին Փաշինյանին, ու այդպես էլ չկարողացանք իրեն նվիրել քանդակը։ Հետո արդեն դժվարացավ Փաշինյանին հանդիպելը, որովհետեւ ողջ ազգն էր ուզում իր հետ հանդիպել, ու այդպես ծնվեց մեծ քանդակ անելու գաղափարը։ Չկար կոնկրետ ծրագիր՝ այն ինչ-որ տեղ տեղադրելու, կար գաղափարը, պապան այն քանդակեց, արդյունքում ստացվեց լավ քանդակ, որը որոշեցինք մեր միջոցներով ձուլել, հետո մտածեցինք՝ միգուցե այն նվիրենք հանրությանը, որ բոլորն այն տեսնեն ու հնարավորություն ունենան հետը նկարվելու։ Ամենալավ տարբերակը Վանաձոր-Գյումրի ճանապարհին էր, որտեղից սկիզբ առավ հեղափոխությունը, քայլարշավը, եւ, ի վերջո, որոշեցինք հենց այդ ճանապարհին կանգնեցնել, քանի որ շատ խորհրդանշական էր այդ առումով»։



Գոռն ընդգծում է, որ դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ «Իմ քայլը» համահայկական շարժման քանդակը․ «Երբեմն սխալ վերնագրեր են դնում ու թյուրիմացության մեջ գցում ժողովրդին, մարդիկ էլ այդ լուրերի տակ քոմենթներ են գրում, թե անհատի պաշտամունք է երկրում։ Բայց դա մարդուն մեծարելու արձան չէ, ինքն իր մեջ գաղափար է պարունակում, դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը, ինչպես Փաշինյանն էր «Իմ քայլը» երգի մեջ ասում, այդ գաղափարներն են՝ հայ ժողովրդի քարից էլ ամուր կամքը եւ չհանձնվող ոգին։ Հեղափոխության օրերին բոլորս ասում էինք՝ Նիկոլը ես եմ, դա նշանակում էր, որ այդ արժեքների կրողն ենք մենք՝ ողջ հայ ժողովուրդը, ու այդ արժեքներն ամփոփվել են «Իմ քայլը» քանդակի մեջ՝ Փաշինյանի կերպարով»։



Սովորաբար արվեստում ստեղծագործողները հաղթանակի պահերն են սիրում ֆիքսել, քանդակել, բայց իրենք գիտակցաբար ընտրեցին պայքարի սկիզբը խորհրդանշող պահը․ «Որովհետեւ Փաշինյանն էլ իր հերթին քարոզում է ոչ թե նպատակը, որ հաղթեցինք, ու ինքը վարչապետ դարձավ, այլ պայքարի գաղափարը, որ ազգի մեջ մնա, որ ցանկացած պարագայում ինքն էլի դուրս կգա, կպայքարի ու ցանկացած իշխանության ցույց կտա, որ ինքն է ՀՀ հպարտ քաղաքացին»։



Քանդակն ավարտելուց հետո այն անմիջապես տեղադրել են Գյումրի-Վանաձոր ճանապարհին, այնպիսի տեղում, որ մասնավոր տարածք չլինի, եւ հետո որեւէ խնդիր չառաջանա իրավական տեսանկյունից։ «Տեղադրեցինք այդտեղ՝ վստահ լինելով, որ բոլորին շատ դուր կգա թե՛ քանդակը, թե՛ գաղափարը եւ թե՛ վայրը։ Տեղադրելուց անմիջապես հետո մի քիչ հեռվում՝ մեքենայի մեջ սպասում էինք, որպեսզի համոզվեինք, որ հիմքը չորացել է, ու նոր հեռանանք։ Այդ ընթացքում տեսանք, որ մարդիկ կանգնում էին, նկարվում, շատ մեծ ոգեւորություն էր տիրում, հետո Գյումրիից լրագրողներ զանգեցին ու ասացին, որ շատ լավ է ընդունվել, հատկապես գյումրեցիները շատ ոգեւորված են, քանի որ պատահական ձեւով համընկավ Գյումրու օրվա հետ»,- ասում է Գոռ Դավթյանն ու նշում, որ նախընտրել են հենց այդ ճանապարհը, այլ ոչ թե նրա հարազատ Իջեւանը՝ դրանով ցանկանալով ընդգծել պայքարի դժվարին ուղին։



Հայր ու որդի՝ քանդակագործ Դավթյաններն անձամբ վարչապետի հետ ծանոթ չեն, չնայած որ նույնպես Իջեւանից են․ «Ճանաչում ենք իրեն ոնց բոլորը՝ իր ելույթներից, իսկ մինչեւ հեղափոխությունը՝ իր մաքուր, պայքարող կերպարով։ Հետո, ինքը տարբերություն չի դնում՝ իջեւանցի, գյումրեցի, երեւանցի։ Իսկ արձագանքի՝ կոնկրետ իրենից, անկեղծ ասած, չենք սպասում, որովհետեւ ինչ-որ մեկից թույլտվություն չենք հարցրել կամ քննարկման չենք դրել տեղադրելու հարցը, զուտ այն պատճառով, որ բոլորը կհարցնեին Փաշինյանին, ու ինքը հաստատ դեմ կարտահայտվեր՝ իր կարգավիճակից ելնելով։ Դրա համար մենք որոշում կայացրեցինք եւ տեղադրեցինք քանդակը՝ հույս ունենալով, որ լավ կընդունվի բոլորի կողմից։ Փաշինյանը չի արձագանքի, բայց կարծում եմ՝ ուրախ կլինի, ոչ թե նրա համար, որ իր արձանն է տեղադրված, այլ որ իր գաղափարները հասել են բոլորիս, ու մենք էլ փոխանցելու ենք մեր հետագա սերունդներին։ Իսկ դա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն էր»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**