Եթե մարզպետը մեր խնդրանքը մերժեց, երեխաներին մանկապարտեզ չենք ուղարկելու

Եթե մարզպետը մեր խնդրանքը մերժեց, երեխաներին մանկապարտեզ չենք ուղարկելու
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի մանկապարտեզում դժգոհությունը հասունանում է, քանի որ համայնքի ղեկավար Սահակ Ալեքսանյանը մանկապարտեզի նոր տնօրեն է նշանակել: Մանկապարտեզի կոլեկտիվը այսօր հանդիպում է ունեցել գյուղապետի հետ, խնդրել են գյուղապետին մինչև տարեվերջ հնարավարություն տալ աշխատելու Զեմֆիրա Ենոքյանին. «Երկար տարիներ աշխատել ենք տնօրենի հետ, առաջիկայում միջոցառումներ ունենք, ամեն բան պատրաստել ենք: Տնօրենն ամեն ինչով մեզ օգնում է, նրանից շատ բան ենք սովորել: Ու այսօր մեզ բերում են ներկայացնում մեկ ուրիշին, եւ ասում են, սա էլ ձեր տնօրենն է: Մենք հասկանում ենք, որ տնօրենը 60-անց է, բայց գոնե հնարավորություն տան, մինչեւ տարեվերջ աշխատի, միջոցառումները ավարտենք: Մենք դիմել ենք գյուղապետին, որ այս հարցը քննարկի մարզպետի հետ, եթե մեր խնդրանքը մերժեն, եւ չթույլատրեն, որ տնօրենը եւս 3 ամիս աշխատի, մենք բողոքի ակցիա կանենք մարզպետարանի դիմաց»,- ասում էին մանկապարտեզի աշխատակիցները, եւ հավելում, որ նորանշանակ տնօրենը Հրազդանի քաղաքապետի ժ/պ Լիլիթ Ստեփանյանի ընկերուհին է:



Մանկապարտեզի տնօրեն Զեմֆիրա Ենոքյանը մի քանի մանկական գրքերի հեղինակ է, 1976թ-ից գյուղի մանկապարտեզը գործում է տնօրենի ջանքներով եւ ոչ մի տարում մանկական այս հաստատությունը չի դադարեցրել իր աշխատանքները։ Տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստ է տեղը զիջել երիտասարդ կադրերին, սակայն լավ կլիներ, որ տարին ավարտվեր, եւ նոր տարում մանկապարտեզը ունենար նոր տնօրեն:



«Մենք աշխատում ենք, եւ գեղեցիկ միջոցառման ենք պատրաստվում, մեկ էլ, թե՝ ազատված եք: Գիտեք ինչի նման է սա, թռչունը հենց ուզում է թռչել սովորել, թեւերը կտրում են: Գոնե 3 ամիս ուշ նշանակեին նոր տնօրենին, թողնեին տարի ավարտեինք»: Զրուցեցինք նաեւ Քաղսի համայնքի ղեկավար Սահակ Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ նորանշանակ տնօրենը շուտով աշխատանքի մեջ կլինի:



**-Նա Ձեր հովանավորյա՞լն է, թե՞ մարզպետի:**



-Ո´չ, ես հովանավորյալ չունեմ:



**-Մեզ ասացին, որ նորանշանակ տնօրենը ուղղորդվել է մարզպետարանի կողմից՝ Հրազդանի քաղաքապետ ժ/պ-ի ընկերուհին է:**



-Չէ:



**-Մանկապարտեզի կոլետկիվը բողոքի ակցիա է կազմակերպել գյուղապետարանում, նրանց խնդրանքն է, որ տնօրենը պաշտոնավարի մինչև տարեվերջ: Ի՞նչ համաձայնության եք եկել կոլեկտիվի հետ:**



-Այո, այսօր եկել էին ինձ մոտ էդ հարցով, ասել եմ, մարզպետին այդ կտեղեկացնեմ, կհամոզեմ, եթե չհամոզվեց, պետք է օրենքով շարժվենք: Ես արդեն որոշել եմ, եւ ներկայացրել ավագանուն, ավագանին էլ հաստատել է նոր տնօրենի նշանակումը:



**-Եթե մարզպետին չկարողանա՞ք համոզել:**



-Դե օրենքով էդ աղջիկը կաշխատի:



**-Ինչո՞ւ պետք է մարզպետին համոզեք, երբ ինքներդ եք որոշել, եւ որոշումը ներկայացրել ավագանուն: Ստացվում է, որ մարզպետը տնօրենի նշանակման հարցում դերակատարություն ո՞ւնի:**



-Դերակատարությունը այնքան է եղել, ես մարզպետին խնդրել եմ, ասել եմ, հնարավոր է տարաձայնություններ եւ խոսակցություններ լինեն, աջակցեք, որոշում կայացնենք, թե մի քանի հոգուց ո՞ւմը ընտրենք տնօրեն: 10 հոգի էին, մենք էլ որոշեցինք, որ ինքն է հարմարը:



**-Ե՞րբ եք պատրաստվում հանդիպել եւ կոլեկտիվի խնդրանքը ներկայացնել մարզպետին:**



-Երեւի վաղը, պետք է հերթագրվեմ, առաջ շուտ ընդունում էր, հիմա դժվար է հանդիպել:



**Հ.Գ**. Մինչ գյուղապետը կհերթագրվի եւ շատ դժվարությամբ կհանդիպի մարզպետին, մանկապարտեզի կոլեկտիվն ու ծնողները պատրաստում են բողոքի ակցիա իրականացնել մարզպետարանի դիմաց:



**Նելլի Կարապետյան**