Հրազդանի ցեմենտի գործարանի նոր տնօրինությունը որոշել է ազատվել նախորդի սովորություններից

Հրազդանի ցեմենտի գործարանի նոր տնօրինությունը որոշել է ազատվել նախորդի սովորություններից
Հրազդանում գործող «Միկա ցեմենտ» գործարանը նոր սեփականատեր ունի: Ինչպես երևում է « Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի տնօրինությունը ընտրել է նոր աշխատաոճ, փորձում է շահել բնակիչների, հասարակական կազմակերպությունների եւ համայնքային իշխանության համակրանքը: Հրազդանի բնակիչները, ինչպես նաև գործարանի աշխատակիցները բազմիցս բողոքել են, որ գործարանն աշխատում է առանց ֆիլտրերի, շրջակայքում ցեմենտի փոշի է, իսկ աշխատակիցները չեն կարողանում աշխատել, մի խոսքով՝ աղտոտվում է միջավայրը:



«Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամները նախկին տնօրինության հետ այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ եւ խնդրին լուծում տալ: Խմբի անդամ Արսեն Արսենյանի խոսքերով՝ ամեն անգամ, երբ հարց էին բարձրացնում զտիչ ֆիլտրերի տեղադրման, օդը չաղտոտելու մասին, նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի կողմից կշտանբանքների էին արժանանում:



Նշենք, որ ըստ տեղեկությունների, նախկին տնօրինությունը հոսանք խնայելու նպատակով անջատւմ էր էլեկտրական ֆիլտրերը, ցեմենտն արտադրվում էր առանց ֆիլտրերի:



«Այս անգամ «Առողջ Հրազդան»-ը քայլ արեց՝ հանդիպելու « Հրազդան ցեմենտ քորփորեյշն »-ի տնօրեն Հայկազ Հովասաֆյանի հետ: Ի զարմանս մեզ՝ նա մեզ բավականին ջերմ ընդունեց եւ անմիջապես խոստացավ կանգնեցնել գործարանի աշխատանքը, քանի դեռ ֆիլտրեր չեն տեղադրել: Մենք կրկին բնակիչների ահազանգի հիման վրա գնացինք, այս անգամ բողոքում էին գործարանին կից Ջրառատ թաղամասի բնակիչները, եւ պարզվեց, որ ֆիլտրերն իրոք չեն գործում: Մեզ բացատրեցին, որ էլեկտրական ֆիլտրերը չեն աշխատում, քանի որ ինչ-որ գեներատոր է շարքից դուրս եկել: Գործարանը իսկապես հաջորդ օրն իսկ կանգնեց: Հիմա մենք տեղյակ ենք, որ 6 զտիչ ֆիլտր է բերվել Հայաստան, աստիճանաբար տեղադրվելու են, եւ մինչև մարտ ամիս ամբողջական գործելու են»- մեզ հետ զրույցում պատմեց Արսեն Արսենյանը: «Ի դեպ, ասեմ, որ մենք հետևողական ենք լինելու եւ պարբերաբար այց ենք իրականացնելու գործարան՝ տեսնելու, համոզվելու, որ ֆիլտրերը գործում են, թե ոչ»,-ավելացրեց նա:



Հիշեցնենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը պատկանում էր հայտնի օլիգարխ, ժամանակին Հայաստանի իշխանությունների վերին օղակների ամենամերձավոր անձանցից մեկին՝ Միխայիլ Բաղդասարովին: Սակայն, նրա բիզնես-կայսրության փլուզումից հետո, գործարանը սնանկ ճանաչվեց եւ գումարի դիմաց գրավադրվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ վարկի չափը 20 մլն դոլար էր, ինչի դիմաց բանկում գրավադրվել են «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի գույքն ու բաժնետոմսերը: Հետագայում բանկը գործարանը հանեց աճուրդի:



Արևիկ Հակոբյան