Հայաստանում, այո, կա անկայունություն, որը կաշկանդում է ներդրողների գործունեությունը

Հայաստանում, այո, կա անկայունություն, որը կաշկանդում է ներդրողների գործունեությունը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո պնդեց, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ու դրանցում ճգնաժամ չկա։ Սակայն այդ պնդումները հերքող «ապացույցներ» կան։ Մենք զրուցեցինք Փաշինյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։



**-Ձեզ հայտնի՞ է, թե, օրինակ, ՀԱՊԿ-ի հետ կապված հարցն ինչպես է լուծվելու, քրեական գործով անցնող ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովը հե՞տ է կանչվելու, թե՞ ոչ, արդյոք նախագահությունը ռոտացիոն կարգով շարունակելո՞ւ է Հայաստանին մնալ, Միքայել Հարությունյանի հետախուզումն ինչո՞ւ է դադարեցվել, ինչո՞ւ են խոչընդոտում մեր ներքին գործերին։ Երբ Փաշինյանը փայլուն է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, ի՞նչ նկատի ունի։**



-Ես կարծում եմ, որ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են, զարգանում են եւ զարգանալու են։ Իսկ Ձեր ասած հարցերն իրավական բնույթի հարցեր են, որոնք իրենց լուծումը կգտնեն համապատասխան ընթացակարգերի համաձայն։ Եվ դրանց այս կամ այն տիպի լուծումը չի կարող անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։ Ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց Միքայել Հարությունյանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի, եւ պետք չէ այս հարցում էլ քաղաքական ենթատեքստեր փնտրել։



**-Իսկ հայտնի՞ է՝ Խաչատուրովը հետ կկանչվի՞, թե՞ Ռուսաստանը նրան էլ կվերցի իր հովանու ներքո։**



-Չեմ կարող ասել, դեպքերը ցույց կտան։



**-Եթե փայլուն են՝ արդյոք Ռուսաստանը դադարեցնելո՞ւ է Ադրբեջանին զենքի վաճառքը, գազի գնի իջեցում նախատեսվո՞ւմ է**։



-«Փայլուն» բառը, իմ պատկերացմամբ, պետք է հասկանալ հետեւյալ կոնտեքստում․ քաղաքական շատ ուժեր, անհատներ գուժում էին, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանում են, եւ այդ բառը՝ «փայլուն», օգտագործվել է նրա համար, որ հակադարձվի այդ հայտարարություններին, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններում այն, ինչ եղել է երեկ չէ մյուս օրը կամ վեց ամիս առաջ, հիմա զարգացում է ապրում։ Այո, չեն կարող չլինել երկու երկրների միջեւ չլուծված հարցեր, բայց դրանք զարգացում են ապրում։



**-Համամի՞տ եք այն գնահատականների հետ, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականության առումով ոչ միայն շարունակում է նախորդների կուրսը, այլեւ նոր ծառայություններ է հանձն առնում, ինչպես Սիրիայում մարդասիրական ծրագրի իրականացմանը մասնակցելն է։**



-Դե, իհարկե, հարաբերությունները զարգացում պետք է ապրեն, անձամբ ես կարծում եմ, որ ճիշտ է դա, Սիրիան մեզ բարեկամ ժողովուրդ է եւ պետություն որպես՝ նաեւ մեզ շատ մոտ կարելի է համարել, եւ այնտեղ խաղաղություն հաստատելու մեր փոքրիկ ներդրումը միայն գովելի է։



**-Մենք խնդիրներ չե՞նք ունենալու աշխարհաքաղաքական լայն հարթակում եւ գուցե՝ վտանգներ։**



-Ինքնիշխան պետության յուրաքանչյուր քայլ անպայման չէ, որ մյուսների կողմից ընդունելի լինի, կան որոշակի, այսպես կոչված, վտանգի էլեմենտներ, բայց կարծում եմ՝ դրանք հաղթահարելի կլինեն, որովհետեւ ե՛ւ գերտերությունների, ե՛ւ աշխարհի նպատակը Սիրիայում խաղաղություն հաստատելն է։



**-Մոսկովյան այցի դրվագներից մեկն էլ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ Փաշինյանի երկխոսությունն էր, կիսո՞ւմ եք գործարարի մտահոգությունները, որ Հայաստանում բիզնես ծավալելու համար անկայուն մթնոլորտ է, եւ միտինգային կոչերին պետք է գործը փոխարինի։**



-Մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն, մենք չենք կարող հեղափոխության առաջին փուլն ավարտված համարել։ Այս իմաստով քաղաքական որոշակի անկայունություն կա, որը կաշկանդում է ներդրողների գործունեությունը, բայց ի՞նչ է նշանակում՝ փողոցային հանրահավաքային գործելաոճից հրաժարվել։ Չէ՞ որ մենք գիտենք, որ կլինեն հարցեր, որոնք խորհրդարանում ՀՀԿ-ի կողմից ընդունելի չեն լինի, եւ այդ ժամանակ, բնականաբար, պետք է դիմենք օրենքով նախատեսված մյուս ձեւերին, ասենք՝ հանրաքվեի միջոցով լուծելուն։ Հիմա սա փողոցայի՞ն լուծում է, թե՞… ՀՀԿ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դրսեւորած դիրքորոշումները ցույց տվեցին, որ չպետք է գնալ ռիսկի եւ վարչապետի հրաժարականով ԱԺ-ն լուծարել։



**-Սակայն իշխանությունն անվստահություն ունի ոչ միայն ՀՀԿ-ի հարցում, այլեւ իր գործընկերների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի։ Ինչո՞վ է պայմանավորված վերաբերմունքը՝ նրանով, որ նրանք նախկինում ՀՀԿ-ի դաշնակիցնե՞րն են եղել։**



-Բնականաբար, նախորդ իշխանությունների հետ ունեցած կապով, բացի դրանից, մենք՝ որպես երիտասարդ քաղաքական ուժ, իրենց հետ երկար ճանապարհ չենք անցել, եւ սա իրավիճակային լուծում է։ ԱԺ արտահերթ ընտրություններն այս ամենը պետք է դնեն իրենց տեղը։



**-Իսկ ընտրություններից հետո դիտարկո՞ւմ եք ԲՀԿ-ի հետ դաշնակցելու հավանականությունը։**



-Եթե մենք հնարավորություն ունեցանք ապահովել մեծամասնություն, ապա կոալիցիաներ չեն լինի։



**-Մինչեւ արտահերթ ընտրությունները կառավարության ծրագրով նախանշած՝ մեկ տարում մեծամասնություն վերցնելու շանսերը ռեա՞լ եք համարում։**



-Բնականաբար, ինչքան ձգվում է այդ ժամանակը, ինչ-որ իմաստով մեր հավանական տոկոսները, որ կհավաքեինք, իջնում են։ Ժողովրդի սպասելիքները մի փոքր տեղափոխություն պիտի ապրեն, որը ձայների իմաստով անկում կբերի, բայց կարծում եմ, որ մենք մեծամասնություն կհավաքենք։



**-Հիսուն գումարած մե՞կ։**



-Այո։



**-Իսկ ինչո՞ւ է ձեր նկատմամբ վստահությունն անկում ապրում, որովհետեւ, ասում են, միայն ԱԱԾ-ն է ակտիվ աշխատում, այլ ինստիտուտների աշխատանքը չի՞ երեւում։**



-Ոչ, ոչ, դա երկու գործոնով է պայմանավորված, մի դեպքում հակահեղափոխականությունը գործում է։ Չինովնիկական միջին խավը առանց պայմանավորվածության մեկը մյուսի հետ չի աշխատում, եւ նրանց գործողությունները սաբոտաժի էլեմենտներ են կրում, որպեսզի անվստահություն սերմանեն նոր իշխանությունների նկատմամբ։ Օրինակ՝ երբ քաղաքացին պետական որեւէ օղակի է դիմում, որին նախկինում պետք է կաշառք տար, հիմա կաշառքը չեն վերցնում, բայց այնքան են ձգձգում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ոչինչ էլ չի փոխվել։



Նոր իրավիճակում նրանք սովոր չեն աշխատել եւ գործում են բնազդային մակարդակով։ Եվ եթե քաղաքացին տեսնում է, որ ոչինչ չի փոխվում, ապա կարող է մտածել, որ այս անգամ կգնամ ընտրությունների եւ տասը հազարի փոխարեն 100 դոլար կվերցնեմ։ Անկասկած, կգտնվեն այդպիսի մարդիկ, մեր նպատակը դրանց թիվը մինիմումի հասցնելն է։ Մյուս հանգամանքը․ բնականաբար, այն բարձր էյֆորիան, որ կար առաջին շրջանում, պիտի տեղատվություն ապրի։ Սրան գումարած՝ ՀՀԿ ակտիվիստների վարած քաղաքականությունը կբերի ինչ-որ իմաստով ձայների պակասեցման, բայց չեմ կարծում, թե որոշիչ կլինի։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**