Մերկելին հետաքրքրում է՝ որքանո՞վ է պաշտպանված երկրում բիզնեսը, կզարգանա՞ քաղաքացիական հասարակությունը

Մերկելին հետաքրքրում է՝ որքանո՞վ է պաշտպանված երկրում բիզնեսը, կզարգանա՞ քաղաքացիական հասարակությունը
_Ավարտվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հարավային Կովկաս: Աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի այցը մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում եւ թե՛ Ադրբեջանում_:



Տարբեր փորձագետներ տարբեր կերպ գնահատեցին Մերկելի այցը հարավկովկասյան երեք երկրներ: Հայաստանում շատերը կարծիք հայտնեցին, թե պետք չէ այդքան ոգեւորվել Գերմանիայի կանցլերի այցով, որովհետեւ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը որեւէ առարկայական համաձայնագիր չստորագրեց Գերմանիայի հետ ներդրումների մասին: Մյուսները մեջբերեցին Ադրբեջանում Մերկելի ասածը, որ «քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից Գերմանիան Ադրբեջանին համարում է տարածաշրջանի ծանրքաշայինը»: Թեեւ պետք է նշել, որ Ադրբեջանի մեծ ակնկալիքները Մերկելի այցից, ըստ էության, չարդարացան: Ադրբեջանն ու Գերմանիան այդպես էլ չստորագրեցին համաձայնագիր՝ ադրբեջանական գազը Գերմանիա, հետագայում էլ ԵՄ այլ երկրներ արտահանելու մասին: Մենք զրուցեցինք գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրի հետ:



**-Ինչո՞վ է պայմանավորված Գերմանիայի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Ինչո՞ւ կանցլեր Մերկելը որոշեց այցելել տարածաշրջան:**



-Այս տարածաշրջանը հետաքրքիր է Գերմանիայի համար, որովհետեւ կովկասյան 3 երկրները՝ ԽՍՀՄ նախկին 3 հանրապետությունները, զարգացման անհասկանալի փուլում են: Նրանք գտնվում են Եվրասիական միության, Չինաստանի եւ Եվրոպական միության միջեւ, եւ այս տարածաշրջանում կան լուրջ կոնֆլիկտներ: Վրաստանում կան կոնֆլիկտներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, այդ պատճառով Մերկելը, որպես Եվրոպայի ոչ պաշտոնական առաջնորդ, ուզում է «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալ այդ կոնֆլիկտների եւ դրանց հանգուցալուծման հնարավորությունների մասին: Բացի այդ, նա խոստացել էր, որ որպես Գերմանիայի ղեկավար՝ այցելելու է աշխարհի բոլոր երկրներ: Նա արդեն 13 տարի է՝ իշխանության ղեկին է, բայց երբեք չէր եղել Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, դրա համար էլ կատարեց խոստումը եւ եկավ այս տարածաշրջան:



Երրորդ հանգամանքն այն է, որ բիզնեսը, մասնավոր ընկերությունները հետխորհրդային տարածքում շատ դժվար են զարգանում, եւ գերմանական ընկերությունների համար դժվար է գտնել գործընկերներ այս տարածաշրջանում եւ ստանալ երաշխիքներ այս կամ այն նախագծի իրականացման համար: Այդ պատճառով անհրաժեշտ է քաղաքական աջակցություն: Անգելա Մերկելը խոստացել էր գերմանական բիզնեսին՝ առաջ մղել նրա շահերը Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, եւ նա դա արեց: Կանցլերին այցի ընթացքում ուղեկցում էր գործարարների մեծ պատվիրակություն: Իհարկե, լուրջ առաջընթաց չեղավ, բայց նա կարողացավ կամուրջներ կառուցել համագործակցության համար:



**-Կարո՞ղ ենք ասել, որ այս քայլով կանցլերը հայտարարեց Գերմանիայի նկրտումների մասին՝ որպես նոր գլոբալ խաղացող եւ տարածաշրջանային գերտերություն:**



-Ոչ, կարծում եմ՝ տիկին Մերկելը հայտարարեց ԵՄ նկրտումների մասին: Մերկելն ասում է, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում պետք չէ մոռանալ այս առանցքային տարածաշրջանի մասին:



**-Հայաստանում Գերմանիայի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցությունները բավականին երկար տեւեցին, բայց լուրջ առաջընթաց չեղավ. չստորագրվեցին պայմանագրեր տնտեսական համագործակցության, ներդրումների մասին: Ընդհանրապես, ի՞նչ շահեր ունի Գերմանիան Հայաստանում, եւ ի՞նչ հեռանկարներ կան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:**



-Հայաստանը շատ հետաքրքիր է որպես մի երկիր, որտեղ կան հանքային ռեսուրսներ, զանազան արժեքավոր ռեսուրսներ, որոնք շատ պետք են Գերմանիայի տնտեսությանը: Եթե Հայաստանը պատրաստ է, ապա կարծում եմ, որ Գերմանիան եւս պատրաստ է գործընկերություն անել Հայաստանի հետ՝ բնական պաշարների շահագործման շուրջ: Նման համաձայնություններ կան նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ: Բայց հարցն այն է, որ Գերմանիան ու Եվրոպան ուշանում են գնացքից: Եվրոպացիները հնարավորություն ունեին 20 տարի առաջ շատ ամուր հաստատվել Հայաստանում, Հարավային Կովկասում, բայց խնդիրն այն է, որ Եվրոպան արժեքներն ու մարդու իրավունքներն ամենաբարձրն է դասում: Այլ խոսքերով՝ եվրոպացի քաղաքական գործիչները գալիս են համապատասխան երկրներ եւ այդ երկրների ղեկավարներին ասում են՝ դարձեք լիբերալ-դեմոկրատական երկիր, այդ ժամանակ մենք բարեկամություն կանենք ձեզ հետ, եթե ձեզ մոտ լիբերալ-դեմոկրատիա չհաստատվի, գործընկերություն չենք անի ձեզ հետ: Եվ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրները լսում էին այդ հորդորները եւ ի վերջո հասկացան, որ շատ դժվար է պայմանավորվել եվրոպացիների հետ, եւ թեքվեցին Չինաստանի, Ռուսաստանի կողմը:



**-Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, չունի նավթ եւ գազ, ի տարբերություն Վրաստանի՝ աշխարհագրական բարենպաստ դիրք, չի անդամակցում ԵՄ ազատ առեւտրի գոտուն եւ չի ձգտում անդամակցել ԵՄ-ին ու Եվրատլանտյան դաշինքին, բայց Հայաստանն ունի մի հաղթաթուղթ՝ առաջընթաց ժողովրդավարացման ուղղությամբ եւ քաղաքացիական հզոր հասարակության ձեւավորում: Հայաստանը կարո՞ղ է սրանով հետաքրքրել Գերմանիային եւ Եվրամիությանը:**



-Հետաքրքրել Գերմանիային նրանով, որ Հայաստանն ուզում է անդամակցել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ի՞ն: Իհարկե, Հայաստանը կարող է խոսել դրա մասին, բայց Գերմանիան եւ տիկին Մերկելը հայտարարեցին, որ նախ ուզում են տեսնել լուրջ արդյունքներ՝ լիբերալ-դեմոկրատական երկիր կառուցելու առումով:



**-Ոչ, խոսքն այն մասին է, թե կդառնա՞ արդյոք Հայաստանն ավելի գրավիչ երկիր Գերմանիայի եւ Եվրամիության համար՝ ժողովրդավարության ոլորտում գրանցած առաջընթացի եւ արժեքային առումով Եվրոպային ավելի մոտենալու շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցի ընթացքում նշեց, որ ժողովրդավարական երկիր դառնալը չի նշանակում խզել կապերը Ռուսաստանի հետ եւ թեքվել դեպի Արեւմուտք:**



-Նախ պիտի տեսնենք, թե որ ուղղությամբ կգնա գործընթացը: Առայժմ իրավիճակը Հայաստանում անորոշ է: Դեռ պիտի լինեն ընտրություններ, ավարտվի ընտրական գործընթացը, եւ նոր պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը կայանան: Չեմ ուզում որպես գերմանացի խրատական տոնով խոսել: Կարծում եմ՝ Մերկելին հետաքրքրում են արդյունքները: Նա նայելու է, թե ինչ առաջընթաց կլինի մարդու իրավունքների ոլորտում, որքանով պաշտպանված կլինի երկրում բիզնեսը, կզարգանա՞ արդյոք քաղաքացիական հասարակությունը: Կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն նայի դեպի Արեւմուտք եւ ասի՝ ԵՄ, մենք սիրում ենք ձեզ, այլեւ փորձի առաջընթաց գրանցել կարեւոր ոլորտներում: Պետք է ստեղծվեն ոչ կառավարական կազմակերպություններ, զարգանա քաղաքացիական հասարակությունը, կայանա բազմակուսակցական համակարգը, անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ: Պետք է պաշտպանված լինի շուկայական տնտեսությունը, միջին բիզնեսը: Գերմանիան հիացած կլինի, եթե տեսնի, որ զարգացնում եք միջին բիզնեսը, որովհետեւ գերմանական բիզնեսը 89 տոկոսով հիմնված է մանր եւ միջին բիզնեսի վրա: Այս ամենին դեռ պետք է հասնել: Կարծում եմ՝ եթե Հայաստանը դա ուզենա, Եվրամիությունը, այդ թվում՝ գերմանական կառույցները, կօգնի: Բայց, ինչպես Դուք նկատեցիք, Հայաստանն աշխարհաքաղաքական շատ բարդ իրավիճակում է եւ չի կարող պարզապես վերցնել ու միանալ ԵՄ-ին: Դա անհնար է տարբեր պատճառներով, քանի որ Հայաստանը դարավոր կապեր ունի Ռուսաստանի հետ: Երկրորդ լուրջ խոչընդոտը Թուրքիան է, որն այժմ մրցում է Եվրամիության հետ՝ դրանով փակելով Հայաստանի մուտքը ԵՄ: Երրորդը․ շատերը չեն հասկանում, բայց Եվրամիությունը չի ընդլայնվելու մոտակա 25 տարիներին: ԵՄ-ն նախ պետք է վերականգնվի, իր մեջ ուժ գտնի: Մեծ Բրիտանիան դուրս է գալիս, Հունաստանը դուրս գալու ճանապարհին է, ԵՄ-ի ներսում կան լուրջ խմորումներ: Ուստի կարծում եմ՝ Հայաստանի համար ամենաճիշտը երկկողմ արտաքին քաղաքականություն վարելն է: Հայաստանը կարող է աշխատել ռուսական շուկայի հետ, որը շատ ավելի գրավիչ է Հայաստանի համար, քան եվրոպական շուկան: Բայց եթե ուզում է արժեքային առումով համագործակցել ԵՄ-ի հետ, դա նույնպես հնարավոր է անել: Եվ սա կլինի շատ հաջող քաղաքականություն: Կարեւորը՝ չկրկնել Ուկրաինայի սխալները:



**-Ձեր կարծիքով՝ Մերկելի համար ավելի կարեւոր են արժեքնե՞րը, թե՞ նյութական հարցերը:**



-Մերկելը նայեց տարածաշրջանին համալիր կերպով: Նա փորձում էր որքան հնարավոր է՝ քիչ խոսել ԼՂ հակամարտության մասին: Նա այս խնդրին նայեց համալիր կերպով՝ ասելով, թե, այո, Գերմանիան բոլորիդ էլ կօգնի, բայց կոնկրետություն չկար, նա չուզեցավ համեմատել Հայաստանն Ադրբեջանի հետ, թե որ երկրում ավելի շատ ժողովրդավարություն կա, կամ որ երկիրն ավելի մեծ կշիռ ունի: Նա ուզում էր միավորել բոլորին: Թե որքանով դա իրեն հաջողվեց, ցույց կտան արդյունքները: Անկեղծ ասած՝ ես մեծ արդյունք չեմ ակնկալում: Վախենամ, որ սա պարզապես հերթական այցելությունն էր Գերմանիայի համար: Իսկ ձեզ համար սա շարքային այցելություն չէ. կանցլերն ամեն տարի չի գալիս ձեզ մոտ: Գերմանիայում շատ արագ կարող են մոռանալ Մերկելի այցի մասին, եթե հետեւողական աշխատանք չլինի տնտեսական նախագծերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նորից պիտի ասեմ, որ 1990-ականներին կորցրեցին լավ հնարավորությունը: Այն ժամանակ կարող էին պայմանավորվել, որպեսզի գազամուղ կառուցվի Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով եւ Կովկասի տարածքով դեպի Թուրքիա եւ Եվրոպա: Այդ դեպքում գազի մեծ հոսքեր կհասնեին ԵՄ ե՛ւ Թուրքմենստանից, ե՛ւ Ղազախստանից, ե՛ւ Ադրբեջանից:



**-Այսինքն՝ Դուք չե՞ք ակնկալում առարկայական քայլեր Գերմանիայի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:**



-Չեմ ակնկալում Գերմանիայի կողմից առանձին քայլեր, ինչպես շատերն են ակնկալում: Կարծում եմ՝ պետք է համալիր նայել այս հիմնախնդրին՝ որպես եվրոպական խնդրի: Անշուշտ, Մերկելը խոսելու է ԵՄ այլ առաջնորդների հետ հետխորհրդային տարածքում առկա էթնիկ-տարածքային խնդիրները, այդ թվում՝ Հարավային Կովկասի հիմնախնդիրները համատեղ ուժերով լուծելու մասին: Սակայն Վրաստանում էլ Մերկելը շատ զգույշ էր. նա չխոստացավ, որ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, շատ զգույշ էր խոսում Ռուսաստանի մասին: Հիշեք՝ 2009 թ․ սկսվեց Մեյսբերգի պրոցեսը Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Մեդվեդեւի հետ: Մերկելն այն ժամանակ ընդգծեց, որ գերմանացիները չէ, որ ուզում են զբաղվել դրանով: Հայտարարեց, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ միասին պետք է ստեղծի ինստիտուտ, արտաքին հանձնաժողով, որը կզբաղվի հակամարտությունների կարգավորմամբ: Պատասխանը, թե ինչու գործընթացն այն ժամանակ ձախողվեց, շատ պարզ է. Ռուսաստանը չէր ուզում, որ բոլորը ճնշում գործադրեն իր վրա՝ կապված այդ հիմնախնդիրների հետ, իսկ Եվրամիությունն ընդհանրապես չուզեցավ դրանով զբաղվել, քանի որ դա իր համար չափից ավելի դիվանագիտական ակցիա էր: Եվրոպացիներն այն ժամանակ ուզում էին ուժային մեթոդներով գործել, արեցին դա Ուկրաինայում եւ եփեցին այն ճաշը, որի պատճառով քիչ էր մնում նոր «սառը պատերազմ» սկսվեր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Ուստի մեծ հարց է, թե ի վիճակի՞ է արդյոք ԵՄ-ն դիվանագիտական նոր ջանքեր գործադրել: Կարծում եմ, որ ԼՂ խնդիրը դեռեւս սառեցված կմնա բավականին երկար ժամանակ, որովհետեւ պարզապես չկա խնդրի լուծման բանալին: Ըստ իս՝ այս հիմնախնդիրը կհանգուցալուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հաջորդ սերնդի օրոք:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**