Մենք ասում ենք՝ մի դատիր, որ չդատվես, բայց եթե դատում ես՝ առանց կողմնակալության ու ցասումի

Մենք ասում ենք՝ մի դատիր, որ չդատվես, բայց եթե դատում ես՝ առանց կողմնակալության ու ցասումի
Խորհրդարանում կարծես կոնսենսուս է ձեւավորվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների շուրջ, միայն պայմանով, որ դա արվի ոչ թե քաղաքացիների համապատասխան քանակի ստորագրություններով դիմումի հիման վրա, այլ հանրաքվեի միջոցով։ Թեպետ սահմանադրական փոփոխությունները, բացառությամբ առանցքային մի շարք հոդվածների, կարող են ընդունվել առանց հանրաքվեի, Ազգային ժողովի կողմից, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Դա մոտ 70 ձայն է, սակայն խորհրդարանական ուժերը կարծում են, որ հանրաքվեն է միակ ժողովրդավարական ճանապարհը։ Հիշեցնենք, որ վերջին հանրահավաքում Փաշինյանը հայտնեց, որ նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, որպեսզի վարչապետի հրաժարականից բացի՝ խորհրդարանը ցրելու այլ հնարավորություն էլ ստեղծվի: Հակառակ դեպքում՝ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն կարող է այլ վարչապետ ընտրել՝ տապալելով արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ Փաշինյանն առաջարկում է այնպիսի փոփոխություն անել, որ խորհրդարանը կարողանա որոշում կայացնել ինքնալուծարման մասին։ «Եվ, ուրեմն, այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» եւ էլի նույն խորհուրդն եմ տալիս»,- հայտարարել էր նա:



Նրա այս ելույթը հարուցել էր ոչ միայն ՀՀԿ-ականների վրդովմունքը, որոնք դա ընդունել էին իբրեւ շանտաժ օրենսդիր մարմնի նկատմամբ, այլեւ, պարզվում է՝ կառավարության գործընկերների, հատկապես ՀՅԴ-ի։ Ի դեպ, ո՛չ Դաշնակցության, ո՛չ «Ծառուկյան դաշինքի» հետ Փաշինյանը չի քննարկել իր նախաձեռնությունը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անթույլատրելի է համարում շրջանցել ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը եւ դեմ գնալ միջազգային պարտավորություններին։ «Հայաստանը երեկ չի ստեղծվել, մենք ունենք հստակ միջազգային պարտավորություններ, որոնց հետ ձեւավորել ենք նաեւ մեր օրենսդրական դաշտը։ Մեկ օրում ոչնչացնել այդ դաշտը՝ չի կարելի, եւ ես ուրախ եմ, որ ԱԺ նախագահի եւ վարչապետի հանդիպմանը հաղթել է հենց այդ ոգին։ Պայմանավորվել են գնալ սահմանադրական ճանապարհով, այլապես մենք հակասահմանադրական որեւէ ծրագրի չենք պատրաստվում մասնակցել»,- ասաց Ռուստամյանը։



Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանն իր մտահոգությունն էր հայտնել Փաշինյանի ելույթի եւ ԱԺ-ին ուղղված «շանտաժի» առիթով՝ նախաձեռնելով հանդիպում վարչապետի հետ։ Հանդիպումը կայացավ նախօրեին, որի ընթացքում էլ նախնական համաձայնություն կայացվեց սահմանադրական փոփոխություններն իրականացնել ոչ թե ԱԺ-ի, այլ հանրաքվեի միջոցով։



Ռուստամյանը հիշեցնում է, որ Հայաստանում կան պետական ինստիտուտներ, եւ հրապարակներում չէ, որ պետք է որոշումներ կայացվեն․ «Այն գաղափարները, որոնք հնչել են հրապարակում, դրանք քննարկելու կարգ ունեն, ձեւ ունեն եւ եթե բերվում են օրակարգ, ոչ ոք չի պատրաստվում դրանից խուսափել: Բայց դատարաններ կան, պետական մարմիններ կան, եւ մեկ օրում համարել, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ ճանապարհ չէ: Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ունի, քանի որ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լավատեսությունն այդ առումով ավելի մեծացել է: Եվ, ըստ էության, հիմնական հարցերին արձագանք կա։ Եթե գործընթացը գնա այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք մասնակցել այդ քննարկումներին, մեր լուման բերել եւ օրինական ընթացակարգերով գործընթացն ավարտին հասցնել»։



Ռուստամյանը, սակայն, Փաշինյանի մտահոգությունները, թե վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանում այլ թեկնածու կառաջադրեն, տեղին չի համարում։ Նա ասաց, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, այսպես թե այնպես, քաղաքական ուժերը համաձայնեցված հայտարարություն կանեին, եւ ԱԺ-ն կգնար ինքնալուծարման։ Նա համոզված է, որ որեւէ ուժ հետ չէր կանգնի իր հայտարարությունից, այլապես հետո կդարարեր գոյություն ունենալուց։ «Իսկ եթե ինչ-որ դավադրություններ են տեսնում, ինչը ես հասկանում եմ վարչապետի խոսքից, ես դրա հիմքերը չեմ տեսնում։ Այսօրվա Ազգային ժողովն աջակցում է կառավարությանը, ես չեմ հասկանում՝ այդ կասկածանքն ինչից է առաջացել, եթե այստեղ նորմալ համագործակցում են, անգամ իրենց պատգամավորին զրկեցին անձեռնմխելիությունից (նկատի ունի Մանվել Գրիգորյանին՝ Լ․ Շ․), իսկ եթե այդ կասկածանքը փարատելու համար ճանապարհ է փնտրվում, դա նորից պետք է Ազգային ժողովում արվի։ Դրա համար 70 ձայն է պետք, էլի նույն ԱԺ-ն պետք է անի, չէ՞: Եթե նախապես կա այն տպավորությունը, որ այստեղ ինչ-որ դավադրություններ կան, 70 ձայնի դեպքում չի՞ աշխատում այդ դավադրությունը»,- նշեց նա: Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, Ռուստամյանի խոսքով, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձեւով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշումը: Իսկ գուցե Փաշինյանի մտահոգության հիմքում նաեւ ՀՀ երկրորդ նախագահի հայտնությո՞ւնն է, նաեւ ՀՅԴ-ի՝ Քոչարյանին ցուցաբերած աջակցությունը։ Ռուստամյանը հակադարձեց, որ իրենք ընդամենը արդար դատաքննության ջատագով են։ «Մենք ասում ենք՝ մի դատիր, որ չդատվես: Բայց եթե դատում ես, պետք է դատես առանց կողմնակալության ու ցասումի: Սա պետք է անենք, որովհետեւ, եթե մենք մի անգամ մեր կրքերով ու զգացմունքներով ու անաչառ չլինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ, եւ հետո դրա դեմ պետք է պայքարենք: Կլինի Ռոբերտ Քոչարյանը, վաղն ով ուզում է, թող լինի»,- ասաց նա:



Կհամագործակցե՞ն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք համագործակցում են ցանկացած անձի հետ, ով կիսում է իրենց մոտեցումներն ու նպատակները: Համաձա՞յն են Քոչարյանի կողմնակիցների մտահոգություններին, թե նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ քաղբանտարկյալների մասով կա 5 չափորոշիչ, բայց դրանք չեն կիրառվել որեւէ մեկի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի հստակ ասել, թե ով է քաղբանտարկյալ: «Քաղաքական հետապնդումների մասին կարող է միայն խոսք գնալ այն ժամանակ, երբ կապացուցվի, որ այդ 5 չափորոշիչներից մեկը խախտվել է: Մենք ասել ենք՝ այն մեղադրանքը, որը դրվել է, այո, կարող է այդպիսի տպավորություն առաջացնել: Եվ մենք արդեն տեսնում ենք, որ այդպես միանշանակ չէ: Ավելի լավ է մարդուն ներկայացնես այնպիսի մեղադրանք, որի համար ունես հսկայական փաստեր, քան թե մի բանում մեղադրես, որը դեռ պետք է ապացուցվի, հետո գտնենք, թե մեղավորն ով է: Մենք այսօր ունենք 10 զոհերի փաստը, պետք է գտնել, թե ովքեր են մեղավորները՝ անաչառ բոլոր բացահայտումները կատարելով, իր լրիվության մեջ: Իսկ երբ դնում եք մեղադրանք, որը դեռ պետք է ապացուցվի, ինքը կարող է դրանով արդարանալ»։



Ռուստամյանը հիշեցրեց՝ անգամ մեղադրվողն իրավունքներ ունի: «Մենք այդ մակարդակին հասած ազգ ենք, մենք քարի դարում չենք ապրում, որ զգացմունքներով դատենք: Եթե դատարանը մեղավոր կճանաչի, թող ամենախիստ պատիժը տա՝ վերջանա հարցը, բայց պետք չէ դատարանից առաջ ընկնել: Այդպես կարելի է ցանկացածին դատել, եւ մենք կունենանք հասարակություն, ուր բոլորը բոլորի դեմ են լարվելու: Այդ մթնոլորտը ես, դժբախտաբար, տեսնում եմ, սա է ինձ մտահոգում»,- ասաց նա:



Իսկ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կիսում է վարչապետի մտահոգությունները՝ համոզմունք հայտնելով, որ Հանրապետականը հնարավորություն ունենալուն պես տապալելու է նոր իշխանություններին, ուստի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն «անվերապահ» կողմ է վարչապետի նախաձեռնությանը․ «Մենք կառավարության մաս ենք կազմում, հանձնառու քաղաքական ուժ ենք եւ պաշտպանելու ենք մեր գործընկերոջը»։



Մասնագիտությամբ տնտեսագետ Բագրատյանը կառավարության 100 օրվա գլխավոր ձեռքբերումների շարքում հիշատակում է իր գնահատմամբ ամենակարեւորը․ «Մենք ազատվել ենք 20 տարվա ավտորիտար ռեժիմից, դրա շնորհիվ մենք այսօրվա կառավարությանը շատ հարցերում պետք է ներենք, եթե շատ բաներ չի հասցնում, ոչինչ։ Մենք անընդհատ պետք է սա չմոռանանք եւ բոլորս մեր տեղում խորհուրդներով օգնենք փոփոխություններ անել, ի վերջո դրանք Նիկոլ Փաշինյանի տան համար չեն արվում, այլ բոլորիս համար են արվում»։ Քոչարյանի հետ համագործակցության հարցին պատգամավորը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ունի իր «անսասան» ծրագիրը․ «Եվ հետո՝ ի՞նչ կապ ունի Քոչարյանն այս ամենի հետ։ Հայտ ներկայացնելը մի բան է, ռեալ պոլիտիկան՝ այլ։ Այս պահին քաղաքականության մեջ Քոչարյան չկա։ Կլինի թե չի լինի, ես չեմ կարող ասել, բայց դա մեր քաղաքական կուրսի հետ կապ չունի»։

Անցումային արդարադատության մասով էլ կոալիցիոն գործընկերների կարծիքները նույն են՝ դա պետք է տեղավորվի Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում։ Բագրատյանն ասում է, որ նժարին պետք է դնել երկու բան․ «Անցումային արդարադատության վտանգավոր հետեւանքները, եւ, առհասարակ՝ մեր նման պետությունում որքանով է դա թույլատրելի, եւ անցյալից ժառանգած կոռումպացված դատական համակարգի առողջացման հարցը։ Եթե ի վիճակի ենք դատական իշխանությանը ներշնչել անկախության գաղափարը, այլեւս խնդիր չի լինի»։ Արմեն Ռուստամյանն էլ է համաձայն, որ դատավորները գուցե իներցիայով են հիմա որոշումներ կայացնում, բայց ամեն ինչ պետք է անել, որ նրանք սովորեն ինքնուրույն եւ անկախ որոշումներ կայացնել։



**ՀԳ**․ Արձանագրենք, որ խորհրդարանական ուժերը, ըստ էության, դեմ չեն Սահմանադրությունը փոխելուն, չնայած նախորդ Հանրաքվեից հազիվ երեք տարի է անցել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**