Գորիսը բարեկարգում են՝ ծառերը հատելով

Գորիսը բարեկարգում են՝ ծառերը հատելով
Գորիսի կենտրոնում ծառահատումներ են իրականացվում։ Այս մասին «Հրապարակ»-ին ահազանգել էր Գորիսի բնակիչ Սևադա Խոջաբաղյանը։ Նրա խոսքով՝ բարեկարգման նպատակով են հատվում ծառերը․ «Ոչնչացվում են կառուցապատման ճանապարհին հանդիպող բոլոր ծառերը` երկնաբարձ բարդիներ, լորենիներ, սոսիներ, լացող ուռենիներ՝ շարունակելով նախկին քաղաքապետների «հայրենասիրական բնապահպանական» ավանդույթները: Զրուցել ենք Գորիսի քաղաքաշինության բաժնի պետ, ճարտարապետ Կարո Փարսյանի հետ, որը ոգևորությամբ և աչքերի փայլատակումով ներկայացնում էր, թե ինչ տասնյակ ծառահատումներ են իրականացնելու կենտրոնական զբոսայգում և Գուսան Աշոտի անվան փողոցում` վարից վեր: Դա այն դեպքում, երբ արդեն հատել են բազմամյա լորենիներ` քաղաքը մատնելով թթվածնային քաղցի` այն դարձնելով թփաստան: Արձագանքեք, փրկենք քաղաքը, կանխենք հետագա ծառահատումները»:



Գորիսի գլխավոր ճարտարապետ Կարո Փարսյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր հատվել է 6 ծառ, որոնք փտած են եղել․ «Վեց ծառ է հատվել։ Համաշխարհային բանկի ծրագիր կա, որը քաղաքի պատմական կենտրոնի, բարեկարգման ծրագիր է, այն սկսված է արդեն։ Կտրվում են միանշանակ տարիքն առած ու փչացած ծառերը։ 2 հատ հանում ենք, 3 հատ տնկում ենք։ Էսօր բարեկարգման խնդիր կա, նենց չի, որ ուղղակի ծառահատվում է, դրա համար տնկվում են հատուկ ծառեր, որը հարիր է Գորիսի կառուցապատմանը։ Ծառ կտրելը ինքնանպատակ չի, մենք ծրագիր ունենք, որ 50 հեկտար ծառատնկում լինի»։



Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ աշխատանքները սկսելուց առաջ իրենք հանրային քննարկումներ են ունեցել․ «4 անգամ հանրային քննարկում է եղել, ծառը չենք կտրում, դրա փոխարեն այլ ծառ ենք տնկում։ 2 ծառ կտրելով՝ 10 տնկելով չի կարելի տրագեդիա սարքել»։