Դիվանագիտական անձնագիրը՝ որպես իշխանության արտոնություն

Դիվանագիտական անձնագիրը՝ որպես իշխանության արտոնություն
Արտաքին գործերի նախարարությունը սկսել է դիվանագիտական անձնագրեր կրող անձանց ցուցակների վերանայման գործընթաց։ Դրա հետեւանքով նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, վարչապետներ կարող են զրկվել դիվանագիտական անձնագրերից։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա վերանայման գործընթաց չէ․ «Պաշտոնատար այն անձինք, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր ու այլեւս չեն զբաղեցնում այդ պաշտոնը եւ պիտի չկրեն համապատասխան անձնագրեր, սկսվել էր գործընթաց, որ դրանք հետ վերադարձվեն»։



ԱԳՆ խոսնակից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դեռ ունեն դիվանագիտական անձնագրեր, զրկվեն դրանցից։ «Դիվանագիտական անձնագրերը տրամադրվում են ըստ օրենքի եւ ըստ օրենքի էլ հետ են կանչվում։ Մենք դիմել ենք բոլոր պաշտոնյաներին, ովքեր ունեն այդպիսի անձնագրեր եւ այլեւս չեն զբաղեցնում տվյալ պաշտոնները, որ վերադարձնեն դրանք։ Ովքեր չեն վերադարձրել, նրանց անձնագրերը համարվել են անվավեր։ Այդ մասին ԱԳՆ խոսնակի կողմից հայտարարվել է դեռ հուլիսի 31-ին, եւ օգոստոսի 1-ի դրությամբ դրանք ճանաչվել են անվավեր»։



«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով դիվանագիտական անձնագրեր են տրամադրվում ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, Սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երեւանի քաղաքապետին), դիվանագետներին, դիվանագիտական ներկայացուցչությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդներին, ինչպես նաեւ ՀՀ ներկայացուցիչներին` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում:



Դիվանագիտական անձնագրեր կարող են տրվել նաեւ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին։ Այս ցանկից դուրս՝ առանձին անձանց այդպիսի անձնագրեր կարող են տրվել վարչապետի թույլտվությամբ։ Դիվանագիտական անձնագիրը տրամադրվում է 5 տարով եւ կարող է երկարաձգվել մինչեւ 5 տարի ժամկետով։



Դիվանագիտական անձնագիր կրելու «արժանության» շուրջ լրատվամիջոցներում աղմուկ էր բարձրացել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հասարակական հիմունքներով խորհրդական Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) մասով։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն 2017թ. վերջին նրան ընդգրկել էր պատժամիջոցների ցուցակում՝ «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Թաթուլյանը նշել էր․ «ԱՄՆ ֆինանսների նախարարը դեբիլ է: Ես չէի ցանկանա այդ երկիրը տեսնել քարտեզի վրա», եւ ընդգծել, որ ինքը որեւէ բիզնես չունի ԱՄՆ տարածքում:



Վերջերս ԱԳՆ-ն մի շարք պաշտոնյաների թվում դիվանագիտական անձնագրից զրկել է նաեւ Մայր Աթոռի մի քանի բարձրաստիճան հոգեւորականների։ Այդ անձանց ցուցակում էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ շնորհավորում է նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար․ «Համոզված եմ, որ բացառապես միայն ՀՀ քաղաքացի եղող եւ այլ քաղաքացիություն չնախընտրած եպիսկոպոսների համար ճամփորդական հավելյալ դժվարություններ ստեղծելը մեծապես կնպաստի մեր հայրենիքի ծաղկմանն ու զորացմանը, ինչի համար շարունակելու ենք աղոթել եւ գործել»։



**Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ**