Վարչապետն ինքն իրե՞ն էլ է դա ասում՝ խելքդ գլուխդ հավաքիր

Վարչապետն ինքն իրե՞ն էլ է դա ասում՝ խելքդ գլուխդ հավաքիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը շարունակում է չխառնվել դատական իշխանության գործերին։ **Hraparak.am**-ը նկատեց, որ նա հանրահավաքում իր ելույթի ժամանակ մատ էր թափ տալիս դատարանների վրա և ասում էր՝ խելքներդ գլուխներդ հավաքեք։



«Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում»,-ասաց նա։



**-Բայց ինչո՞ւ պետք է վարչապետը դա ասի անկախ դատական մարմնին։**



-Ես ընդհանրապես կարծում եմ․․․ Վարչապետը ինքն իրեն էլ է դա ասում, բոլորին էլ։ Ասում եմ՝ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի իր խելքը պիտի․․․



**-Դատարանների՝ խելքը գլխից թռչելու կասկածը ինչի՞ց առաջացավ, Քոչարյանին ազատելուց հետո՞։**



-Գիտե՞ք, ընդհանրապես ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ քաղաքացիներ․․ էլի, եկեք դուրս գանք փողոց, հարցնենք․․․ էսօր ես բազմաթիվ բողոքներ եմ ստանում էն մասին, որ դատարաններն անարդար դատել են, գույք են վերցրել, էս են արել, էն են արել։ Իմիջիայլոց, ես էդ նույն հայտարարությունն արել եմ երկու ամիս առաջ։ Ասել եմ՝ էն դատարանները, որոնք կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք ողջունում ենք նրանց։ Բայց ասել եմ բառացի երկու ամիս առաջ՝ վայը եկել է տարել էն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքներով կփորձեն էլի դատական համակարգը տանել այլ ուղղությամբ։ Տեսեք ինչ եմ ես ասում, ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, ես չեմ միջամտում ձեր գործերին, բայց եթե դուք կփորձեք օգտվել նախկին միջամտությունների խողովակներից, դա չի լինի։



**-Քոչարյանի դեպքում այդ կասկածը կա՞։**



-Ես խոսում եմ երևույթների մասին, ես չեմ խոսում կոնկրետ դեպքերի մասին, որպեսզի կոնկրետ դեպքերի վրա ազդեցություն չունենամ։



**-Եթե Վճռաբեկ դատարանն, ամեն դեպքում, Քոչարյանի մասով չբեկանի Վերաքննիչի որոշումը, և նա մնա ազատության մեջ, ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը։**



-Ես չեմ կարող մեկնաբանել դատարանի՝ դեռևս նույնիսկ չկայացված որոշումը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**