Հասարակությունը տեղեկացված է «Ժառանգության» գործունեության մասին

Հասարակությունը տեղեկացված է «Ժառանգության» գործունեության մասին
Արդեն հայտնի է, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորելու է Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:



Արմեն Մարտիրոսյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում նշեց, որ «Ժառանգությունը» ունի կարգախոս, սակայն դրա մասին այժմ չեն բարձրաձայնի։



Իսկ թե քարոզարշավի ընթացքում ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ինչ-որ նոր հայտնագործություններ չենք անելու, հին քարոզչական մեխանիզմները, որոնք օգտագործվել են միշտ, այդ մեխանիզմները, կարող է մի փոքր տարբեր PR տեսակի քայլեր արվեն, սակայն հիմա ես ոչ կարող եմ խոսել, ոչ էլ ճիշտ է խոսելը»։



**-Ծրագիրը մշակված ունե՞ք։**



-Կարելի է ասել` այո, վերջին շտրիխների վրա ենք։



**-ԿԸՀ առաջադրումը ե՞րբ եք ներկայացնելու։**



-Դեռ ժամանակ ունենք, 24-ից 29-ը նախատեսում ենք, կհասցնենք։



**-Այս քարոզարշավը շատ կարճ է տեւելու՝ 12 օր, դա բավարա՞ր է։**



-Իհարկե բավարար չէ, բայց սա է ընթացակարգը, եւ ոչ միայն դա չի բավարար։ Օրինակ` ես բազմաթիվ անգամներ կրկնել եմ, որ քաղաքապետի ընտրությունը պետք է ուղիղ լինի, ոչ թե ավագանու կողմից, այլ քաղաքացիների կողմից։ Երկրորդ՝ անկհայտ է, որ քարոզչական ժամանակաշրջանն էլ պետք է ավելի երկար լինի, նույնիսկ մի 150 ընտանիք ունեցող գյուղում մեկ շաբաթը բավարար չի լինում քարոզարշավի համար, ուր մնաց միլիոնանոց քաղաքի համար։ Ընտրական օրենսգրքի հետ կապված բավականին փոփոխության կարիք ունենք Երեւան քաղաքի։ Գումարած դրան բոնուսայի համակարգը կա, որը ընդունելի համակարգ չէ։ Եվ «Հանրապետական» կուսակցությունը դա ներդրել է, որպեսզի իր համար շատ հարմար իրավիճակ ստեղծվեր, այդ իսկ պատճառով խնդիրներ կան, բայց հիմա սա է, եւ այդ շրջանակում մենք պետք է մեր քարոզարշավը իրականացնենք։



**-Ակնկալիքները ինչպիսի՞ն են։**



-Ես կարծում եմ, որ բարձր ակնկալիքներ պետք է ունենանք, շանսերը պետք է բարձր լինեն։ Ես հույս ունեմ, որ հասարակությունը տեղեկացված է այն գործունեության մասին, որը «Ժառանգություն» կուսակցությունն իրականացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ եւ տեղյակ է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը և«Ժառանգություն» կուսակցությունն ինչպես են պաշտպանել քաղաքացիների շահերը ամենածանր ժամանակահատվածներում, եւ ինչպիսի պատասխանատվությամբ ենք մենք փորձել մոտենալ այդ հարցին՝ շատ ժամանակ հանիրավի հարվածներ կրելով։ Ուստի հաշվի առնելով այդ ամենը, նաեւ այն, որ «Ժառանգությունը» եթե նմանատիպ իրավիճակում կարողացել է գոյատեւել առանց ֆինանսների, անընդհատ հարվածների տակ, ապա, եթե որոշակի ռեսուրսներ հայտնվեն «Ժառանգության» ղեկավարության տակ, ինչպիսի մեծածավալ գործեր կարելի է իրականացնել, նաեւ հեղինակությունը որպես մինչեւ այժմ ազնիվ պայքար մղած կուսակցություն, հնարավորություն կտա մեծածավալ ներդրումներ բերել։ Ինչու չէ նաեւ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սփյուռքի նախկին ներկայացուցիչ լինելու հանգամանքը նպաստավոր է դրա համար՝ հաշվի առնելով իր կապերը։



**-Պատրա՞ստ եք մասնակցելու հեռուստադեբատների։**



-Նմանատիպ հարց չենք քննարկել, ես չեմ կարծում, որ «Ժառանգությունը» երբեւէ հեռուստադեբատներից հրաժարվել է։



**Աննա Պապիկյան**