«Տաշիր Գրուպի»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը մտափոխվել է․ Գյումրիում հյուրանոց չի կառուցելու

«Տաշիր Գրուպի»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը մտափոխվել է․ Գյումրիում հյուրանոց չի կառուցելու
Երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռնամուղ եղավ Կումայրի պատմական արգելոց տարածքի վերակառուցմանը եւ Գյումրին տուրիզմի զարգացման կենտրոնի վերածելուն, հայտնվեցին մի շարք գործարարներ, ովքեր շտապեցին բիզնես նպատակով տարածք ձեռք բերել քաղաքի պատմական միջուկում: Բարեկարգված Ռուսթավելի փողոցում տարածք գնեց նաև ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպի»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:



Գործարարը դեռևս շինարարական աշխատանքները չի սկսել, բայց, ըստ նախնական նախագծի, տարածքում պետք է կառուցվեր հյուրանոցառեստորանային համալիր: Սակայն օրերս քաղաքի գլխավոր ճարտարապետի արած հայտարարությունից հասկանալի է, որ գործարարը սահմանափակվելու է տարածքում միայն պուրակ կառուցելով: «Տաշիր Գրուպի» կողմից կհիմնվի պուրակ՝ փոքր շատրվանով եւ դեկորատիվ ծառերով:



Թե ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը հրաժարվել տարածքում բազմաֆունկցիոնալ օբյեկտ կառուցելու գաղափարից, հարցի հստակ պատասխանը չգիտեն նաև քաղաքապետարանում:



Ի դեպ, պուրակի տարածքը տրամադրվելու է համայնքին՝ անհատույց օգտագործման իրավունքով: Նշենք, որ արդեն ավարտին են մոտենում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող, Կումայրի արգելոցի տարածքում գտնվող հյուրանոցի շինարարական աշխատանքները: Գյումրեցիների սպասելիքներն այս կառույցի հետ կապված ավելին էին: Խոսվում էր, որ այն եռահարկ եւ չափազանց շքեղ է լինելու, մինչդեռ նորակառույց շենքը կրկնօրինակն է նախկինի, երկհարկանի է, ճակատային մասը՝ անկյունաձև: Ակնհայտ է՝ իշխանափոխությունից հետո Կարապետյանների ոգևորությունը մարել է, Հանրապետության երկրորդ քաղաքում խոշոր ներդրումներ կատարելու մտադրությունները հօդս են ցնդել:



**Արևիկ Հակոբյան**