Առաջին հաղթանակը՝ ինձ, իսկ երկրորդը կտամ ձեզ․ քաղաքացիները եկել էին իրենց բաժին հաղթանակի ետևից (տեսանյութ)

Առաջին հաղթանակը՝ ինձ, իսկ երկրորդը կտամ ձեզ․ քաղաքացիները եկել էին իրենց բաժին հաղթանակի ետևից (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առջև նախքան կառավարության հերթական նիստի մեկնարկը իսկական հանրահավաք էր, կային հանրահավաքների անբաժան բաղադրիչ հանդիսացող պաստառներն ու բարձրախոսները։ Հավաքվածները վարչապետ Փաշինյանից պահանջում էին 2 րոպե տրամադրել իրենց, բայց 2-ական րոպե իրենցից յուրաքանչյուրին, քանի որ կառավարության շենքի դիմաց մարդիկ հավաքվել էին յուրաքանչյուրը իր խնդրով։ Պահանջներն էլ բազմազան էին՝ արդար դատավարական համակագ, բանտարկյալների համար անհրաժեշտ կենցաղային պայմանների բացակայություն, անհավասար մրցակցային դաշտ և այլն․



«Հանդիպում ենք ուզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ունենք անօրինական ձերբակալված հայ երիտասարդ, որի կյանքին վտանգ է սպառնում, հիմա էլ գտնվում է Էրեբունի հիվանդանոցում։ Քանի տեղ դիմել ենք, օրինական քայլեր ենք ձեռնարկել, ոչ մի արձագանք չենք ստացել, մեր վերջին հույսը վարչապետն է, ընդամենը 2 րոպեով հանդիպում ենք ցանկանում, որ երիտասարդի ծնողը կարողանա իր խնդրագիրը ներկայացնել և պատասխան ստանալ։ Բոլոր հավաքվածները մեզ հետ չեն, հավաքվածների խնդիրը քաղբանտարկյալների առողջական վիճակն է, բոլորի հարցն էլ նույնն է, որ առողջական խնդիրներ ունեն, բայց ոչ մի քայլ չի արվում դրա համար»։



Մեկ այլ քաղաքացի գանգատվում էր քաղաքում օր օրի աճող սուպերմարկետներից։ Քաղաքացին անհատ ձեռներեց էր, նրա խոսքով՝ անհավասար մրցակցային պայմաններ են փոքր խանութների և խոշոր սուպերմարկետների միջև․



«Մի խումբ անհատ ձեռներեցներով եկել ենք կառավարության շենքի դիմաց՝ հույս ունենալով, որ վարչապետը մեզ կընդունի։ Խնդիրը այն է, որ բակային տարածքներում սնկի պես աճում են սուպերմարկետները, հատկապես մեր Բ2 թաղամասում Նոր Զովք սուպերմարկետ է բացվել ու 200 մետր հեռավորության վրա այսօր նորից Նոր Զովք են բացում ապօրինի մի շինությունում, որը նախկին կառավարության օրոք է կառուցվել, ծառահատումներով ապօրինի մի շինություն է եղել։ Այսօր անակնկալի եկանք, որ դա էլ է Նոր Զովք դառնալու։ Խնդիրը այն է, որ չգիտեմ՝ ինչ մեխանիզմներով բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները տեղական մատակարարները Զովք սուպերմարկետների ցանցին տրամադրում է ինքնարժեքով, այսինքն՝ էն գնով, որ վաճառում է Զովքը, մենք էդ գնով ապրանքը ստանում ենք։ Մրցակցության մեջ մենք անհավասար պայմաններում ենք։ Մենք չգիտենք՝ ինչ անենք, ամեն խանութ 40 ընտանիք է պահում՝ բոլորը «նիսիաներով», ելքը չի երևում։ Մենք երեկ Զովքից առևտուր ենք արել մոտ 23 հազար դրամի, ուղիղ 17 հազարը ԱԱՀ-ով չի հարկվել։ Այսինքն՝ անգամ հեղափոխությունից հետո նույն մեխանիզմներով են աշխատում, ու ոչ մի հավասարության պայման չկա, արդարություն չկա։ Մեր հարկային պարտավորվածությունները ոչ մի ձև չի թեթևանում , մենք ուզում ենք պատասխան ստանանք՝ ի՞նչ անենք »։



Գավառից Երևան եկած տատիկն էլ վարչապետից բնակարան էր խնդրում․ ապրիլի 14-ից նրա հետ պայքար էլ, իր խոսքով՝ վարչապետը իրեն խոստում է տվել՝ «առաջին հաղթանակը՝ ինձ, իսկ երկրորդը կտամ ձեզ»։ Եկել էր իր բաժին հաղթանակի ետևից․



«Ես Գավառ քաղաքից եմ, 4 տարի է դստերս հետ ապրում ենք փողոցներում։ Հարգելի պարոն վարչապետ, Դու գիտես, որ 2018 թվականի ապրիլի 14-ից պայքարել եմ քեզ հետ։ Դու ասում էիր՝ առաջին հաղթանակը՝ ինձ, իսկ երկրորդը կտամ ձեզ։ Ճիշտ է՝ ես ընդունում էի, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, բայց, ճիշտն ասեմ, չեմ կարողացել ներկայանալ իմ հիվանդության վատանալու պատճառով։ Հայկ և Նաիրի եղբայրները մեզ խաբում են ամեն օր, մինչև այսօր, խնդրում եմ ՝ ընդունե՛ք մեզ, լսե՛ք։ Մենք ապրում ենք փողոցներում, բնակարան չունենք, գտնվում ենք ահավոր կարգավիճակում, առողջականներս էլ չի ներում, պայքարում ենք կյանքի և մահվան համար, խնդրում եմ՝ ընդունեք, լսեք մեզ»։