«Սպիկա»-ն անպատրաստ է ներկայացել ԿԳ նախարարի հետ հանդիպմանը

«Սպիկա»-ն անպատրաստ է ներկայացել ԿԳ նախարարի հետ հանդիպմանը
Օրերս կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը մասնակցած «Ոսկան Երեւանցի» հրատարակչության տնօրեն Մհեր Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դասագրքեր չեն տպագրում, սակայն այլ պատվերներ են կատարում։ «Մենք տպագրում ենք բլանկներ, դասամատյաններ, ոչ դասագրքեր։ Մենք շատ տեղյակ չենք, թե ինչ է կատարվում այն հրատարակչություններում, որոնք դասագրքեր են հրատարակում»,- մեր հարցին այսպես արձագանքեց Մհեր Սարգսյանը։



Հանդիպմանը մասնակցած «Սպիկա» հրատարակչության տնօրեն Արտակ Ավագյանն էլ նշում է, որ իրենք հրատարակում են եզդիերեն եւ քրդերեն դասագրքեր։ «Ընդհանրապես նախարարի հետ քննարկման թեմաները շատ ընդհանուր էին, ընդհանուր դասագրքերի որակի բարելավման մասին հանդիպում էր։ Ես ինքս անպատրաստ էի գնացել այդ հանդիպմանը, չգիտեի, թե ինչի մասին է լինելու, բայց նախարարը հարցեր առաջ քաշեց հետագայում աշխատելու համար, նաեւ ասաց, որ ներկայացնենք առաջարկություններ։ Մտածում եմ, որ մոտ օրերս կներկայացնեմ առաջարկություններ»,- ասաց մեր զրուցակիցը։



Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հանդիպել է «Մանմար», «Էդիթ պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արեւիկ», «Ոսկան Երեւանցի», «Լույս», «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ։ Նախարարն առաջարկել էր հրատարակչությունների ղեկավարներին ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության եւ որակի բարելավման մասին, քանի որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն, որ դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին։