Խաղաղ պայմաններում 15 զոհն աշխարհում չլսված բան է

Խաղաղ պայմաններում 15 զոհն աշխարհում չլսված բան է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

- Պարոն Թարվերդյան, երեկ Զինված ուժերից հերթական գույժի մասին լսեցինք` ողբերգական հրդեհի հետևանքով 15 ժամկետային զինծառայող զոհվեց: Դեպքից ժամեր անց մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին աշխատանքից: Ի վերջո` ի՞նչ է սա նշանակում, ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն` ըստ Ձեզ:

- Ինչո՞ւ պետք է այդ երեխաները նման պայմաններում ծառայեին, փայտի վառարան օգտագործեին ու վառվեին: Խաղաղ պայմաններում 15 զոհն աշխարհում չլսված բան է: Այն, որ մի քանի զինվորական ազատվել է պաշտոնից, խոսում է այն մասին, որ հերթական մեղավորներն են փնտրվում: Գերմանիայի Պաշտպանության նախարարը տարիներ առաջ իր դոկտորական թեզի ժամանակ գրագողությամբ էր զբաղվել, այդ պատճառով հրաժարական ներկայացրեց: Հիմա կարծես ոչ մի նման հարց չի քննարկվում: Ղեկավարն է մեղավոր այս ամենի համար: Չէր տեսնո՞ւմ, թե ինչ պայմաններում են ապրում զինվորները:

- Այս իշխանություններն ավելի քան 650 հազար դոլար են ծախսել ամանորյա տոնակատարությունների ու զարդարանքների վրա, սակայն պարզվում է` զինվորը քնում է խորդանոց հիշեցնող մի վայրում:

- Նախորդ տարվա պետբյուջեով սահմանված գումարը, որը հատկացվել էր Պաշտպանության նախաարությանն, ամբողջությամբ չի ծախսվել, տնտեսում է եղել, սակայն ո՞ւմ է պետք այդ տնտեսումը, եթե զինվորն ապրում է նման պայմաններում: Ո՞ւմ է պետք ելակը, որ զինվորն է կերել: Բարդակ` ուրիշ ոչինչ:

- Արդեն 40 օր է Արցախը բլոկադայի մեջ է: Տեղի ունեցած դժբախտության հետևանքով Արցախը կարծես մոռացվել է, իշխանությունները ոչ մի բառ չեն խոսում այլեւս այդ մասին:

- Մեկը մյուսի հետ կապ չունեն: Չի կարելի Արցախի այս վիճակը մոռացության ենթարկել: Այդ հարցն իմ կարծիքով` ավելի շատ կապված է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների հետ, սակայն Հայաստանը ևս պետք է ամեն ինչ անի հարցը կարգավորելու համար: 120 հազար մարդ այսօր փաստացի շրջափակված է: Արցախը 30 տարի եղել է անկախ, բայց մենք մշտապես Արցախի հարցով մտահոգ ենք եղել, բանակցություններ ենք վարել: Մենք Արցախի փոխարեն որոշում կայացնելու իրավունք չունենք, սակայն ասել թե, առհասարակ իրավունք չունենք խառնվել Արցախի ճակատագրին, սխալ է: Հարցը պետք է բանակցությունների միջոցով կարգավորել, սակայն պատերազմից վախենալ պետք չէ: Եթե պատերազմ լինելու է` լինելու է, դրանից վախենալ պետք չէ: