Միրզոյանն ու Փաշինյանն օգնում են Ալիեւին՝ Արցախի ստրկացմանն օրինական տեսք տալ

Միրզոյանն ու Փաշինյանն օգնում են Ալիեւին՝ Արցախի ստրկացմանն օրինական տեսք տալ

Արարատ Միրզոյանն օրեր առաջ հեռախոսազրույց էր ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եւ կարեւորել Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելը: Լաչինի միջանցք ԱՄԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ միջազգային այլ կառույցների փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին անընդհատ խոսում է նաեւ Միրզոյանի վերադասը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչո՞ւ են նրանք այդքան կարեւորում փաստահավաք առաքելության գործուղումը, կամ՝ ի՞նչ արդյունք պետք է տա այդ առաքելությունը. Լաչինի միջանցքը պետք է բացվի, ու արցախցիներն անարգել դրանով երթեւեկե՞ն, թե՞ փաստահավաք առաքելություն են հրավիրում, որ այն արձանագրի, որ ադրբեջանցիների գործողություններում որեւէ անօրինական, միջազգային իրավունքը խախտող նորմ չկա, ընդհակառակը՝ արցախցիների պահանջներն են անհամաչափ մեծ ու միջազգային իրավունքին հակասող:

Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 7-ին ստորագրելով Պրահայի արձանագրությունը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե Փաշինյանի իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, նշանակում է՝ ճանաչում է Ադրբեջանի իրավունքը՝ պարտադրել արցախցիներին՝ ապրել Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: ՄԱԿ-ը եւ, ինչպես Փաշինյանն է ասում, բոլոր երկրները ճանաչում են Արցախն Ադրբեջանի մաս, հետեւաբար Ադրբեջանի գործողություններն ինչպես Լաչինի միջանցքում, այնպես էլ Արցախի մյուս տարածքներում համարում են այդ երկրի ներքին հարցը: 

Ադրբեջանը չի հայտարարում, որ նպատակ ունի սովամահության սպառնալիքով ստիպել արցախցիներին կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կամ լքել Արցախի տարածքը, որը Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի մաս: Ադրբեջանն ասում է՝ ես իրավունք ունեմ իմ տարածքում վերահսկել հանքերի շահագործումը, վերահսկել իմ երկրի տարածքում մարդկանց եւ բեռների տեղաշարժը: Մի՞թե որեւէ երկիր կամ միջազգային կառույց կարող է վիճարկել կամ դեմ լինել Ադրբեջանի այս պահանջներին:

ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի որեւէ փաստահավաք առաքելություն, այցելելով Լաչինի միջանցք, ի՞նչ պետք է արձանագրի, միջազգային իրավունքի ի՞նչ խախտում պետք է տեսնի, որ ստիպի Ադրբեջանին՝ բացել այն: Ադրբեջանի քաղաքացիները կանգնած են միջանցքի երկայնքով եւ պահանջում են, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հանքերը շահագործվեն իրենց երկրի բնապահպանական նորմերը հաշվի առնելով: Ադրբեջանի իշխանություններն էլ պնդում են, որ իրենց երկրից հանքաքարի կամ խտանյութի արտահանումը պետք է կատարվի միայն իրենց թույլտվությամբ եւ վերահսկողությամբ: 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը փաստահավաք առաքելություն են հրավիրում Լաչինի միջանցք, որպեսզի սրանք արձանագրեն, որ Ադրբեջանի բոլոր պահանջներն օրինական են, որ Ադրբեջանը գործում է ոչ միայն իր ներքին, այլեւ միջազգային օրենսդրության շրջանակներում: Հենց միջազգային կառույցներն ու, այսպես կոչված, դիտորդական-փաստահավաք առաքելությունները նման բան արձանագրեն, Փաշինյանն ու Միրզոյանը կարող են հանգիստ ասել, որ ոչ թե Ադրբեջանն է անօրինական պահանջներ ներկայացնում արցախցիներին, այլ արցախցիներն են միջազգային օրենսդրությունից դուրս, անիրականանալի պահանջներ ներկայացնում, ինչին Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն աջակցել:

Միրզոյանը քանի՞ գլխանի է, որ միջազգային իրավունքի դեմ դուրս գա, մանավանդ որ Հայաստանի Սահմանադրությամբ միջազգային իրավունքը գերակա է ներքին օրենսդրության նկատմամբ: 
Պարզ ասած՝ Միրզոյանը Գուտերեշին խնդրում է, որ նա դիտորդական առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արցախցիներին կբացատրի-կհասկացնի, որ իրենց դեմ է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ ամբողջ միջազգային հանրությունը, միջազգային օրենսդրությունը: Հիմա խեղճ Հայաստանն ու նրա ողորմելի իշխանություններն ի՞նչ անեն, չեն կարող, չէ՞, դեմ դուրս գալ մի ամբողջ միջազգային հանրությանը եւ տասնամյակներով ստեղծված միջազգային իրավունքին: Ուրեմն թող արցախցիներն էլ հանգիստ ենթարկվեն Ադրբեջանի պահանջներին եւ, ինչպես Փաշինյանն է ասում, երկխոսություն սկսեն Ադրբեջանի հետ՝ կապիտուլյացիայի պայմանները քննարկելու շուրջ։ Ինքը դրա հաջողված փորձն ունի, հիմա էլ արցախցիները թող գնան իր բացած ճանապարհով:

Միայն թե արցախցիները եւ Արցախի իշխանությունները շատ վատ վիճակի մեջ են դնում Փաշինյանին եւ նրա ենթակա Միրզոյանին ու հրաժարվում են ճանաչել միջազգային այն իրավունքը, որն իրենց ադրբեջանական ստրկության եւ ոչնչացման է պարտադրում: Իրականում, միջազգային իրավունքը պաշտպանում է այն ազգերին, որոնք պայքարում են իրենց ազատ ապրելու իրավունքի համար: Մինչեւ Փաշինյանի՝ իշխանության գալը միջազգային իրավունքը ճանաչում էր արցախցիների ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը, ինչի վկայությունը ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում վարվող բանակցություններն էին: Ոչ թե միջազգային իրավունքն է արցախցիներին ստիպում ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ ապրել Ադրբեջանի ենթակայության տակ, այլ Փաշինյան-Ալիեւ զույգը: Ուղղակի սրանք ուզում են ամեն ինչ անել՝ ցույց տալու, որ արցախցիներին ստրկացնելու իրենց քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում, եւ դրան այլընտրանք չկա: Իսկ որ այլընտրանք կա, եւ թե որն է այդ այլընտրանքը, հայտնի է բոլորին եւ դեռ 2020 թվականի սեպտեմբերից ու մի բան էլ դրանից առաջ:

Ավետիս Բաբաջանյան