Եթե իրենց կամքով չգնան, Էջմիածնի լավ տղերքը կհանեն

Եթե իրենց կամքով չգնան, Էջմիածնի լավ տղերքը կհանեն
«Դիվանատունը դարձրել են խրախճանքի վայր: Պետք է արգելել եկեղեցու դեմ նման անարգանքը»,- ասում էին Էջմիածնի մի խումբ բնակիչներ, որոնք նախօրեի գիշերը հավաքվել էին Մայր Աթոռի գավթում: Նրանք այստեղ էին «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին տեսնելու, իրերի դրությունը բացատրելու եւ, եթե հարկ լինի՝ դիվանատնից բռնությամբ հեռացնելու նպատակով: «Եթե իրենց կամքով չգնան, Էջմիածնի լավ տղերքն են հանելու»,- ասաց Վահագն Սիմոնյանը:



Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Մայր Աթոռը լուրեր տարածեց, թե «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնության անդամները մուտք են գործել Մայր Աթոռի դիվանատուն, դիվանապետ Արշակ սրբազանից պահանջել ցույց տալ Սուրբ գեղարդը՝ ասելով, թե կաթողիկոսն այն մասնատել է եւ մի մասը վաճառել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյին։ Հետագայում Արշակ սրբազանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով այդ հայտարարություններին, ասաց․ «Մասունքը տարվել է Վեհափառի կողմից եւ այնտեղ հանդիսավոր պայմաններում հանձնվել է։



Քաղաքապետն ուղղակի այդ մասին զրույց է ունեցել Վեհափառի հետ, քաղաքապետը որեւէ կապ չունի։ Քաղաքապետի անուն ես պարզապես ո՛չ տվել եմ, ո՛չ հիշատակել եմ։ Այդ մասին Գերագույն ժողովում հայտարարվել է, մեր բոլոր եպիսկոպոսներն էլ իմացել են, այդ մասին խոսվել է՝ դա ծածուկ բան չէ։ Ծածուկ լինելու դեպքում հնարավոր չէ, որ իրենք այդ մասին իրազեկված լինեին։ Դա մի փոքր, աննշան, գնդասեղի գլխիկի չափ մասնիկ է։ Գեղարդը բացարձակապես անվնաս է, անվտանգ է եւ իր ամբողջականության մեջ պահվում է Մայր Աթոռում՝ գանձատանը։ 2 օրինակ կա՝ մեկը պատճենն է, որպեսզի չգողացվի, ցուցադրության համար է, մյուսը պահվում է Մայր Աթոռի գանձատանը»։



Դիվանատունն արդեն 4-րդ օրն է՝ պաշարված է: Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն այստեղ ապրում են, գիշերում, ըստ բնակիչներից մեկի՝ երբեմն նաեւ տարեդարձներ են նշում, կերուխումեր կազմակերպում: Ճիշտ է՝ իրենց թափածն իրենք էլ մաքրում-հավաքում են, բայց, բնակիչների կարծիքով, բարոյական առումով նվաստացնում են հոգեւոր հաստատության էությունը:



Ֆեյսբուքում լուրեր էին տարածվել, թե դիվանատան աղբամաններում «պամպերսներ» են հայտնվել: Նախաձեռնության անդամները վրդովվել են: «Էդ սուտ լուրերը հոգեւորականներն են տարածում»,- ասացին նրանք: Հոգեւորականները թեեւ զուգարանների ու խոհանոցի դռները նրանց առաջ կողպել են, բայց մարդիկ իրենց գլխի ճարը տեսել են։ «Այստեղ բանվորական զուգարան կա, ինքս մաքրել-լվացել եմ, դրանից ենք օգտվում»,-ասաց Կարեն Գաբրիելյանը: Ըստ իրենց հայտարարությունների՝ դիվանատնից չեն հեռանալու, մինչեւ կաթողիկոսն իրենց պահանջը չկատարի:



Նախաձեռնության անդամների այս քայլը վրդովեցրել է էջմիածինցիներին: Դեպի դիվանատուն մարդկանց հոսքն օր օրի ավելանում է: Ճիշտ է՝ ոստիկանությունը թույլ չի տալիս տարածք մտնել, բայց դա չի խանգարում, որ բարիկադ դարձած ցանկապատի երկու կողմերից հայի երկու տեսակն իրար մեղադրի ու վիրավորի:



«Սրբավայրը սարքել են խրախճանքի կենտրոն: Իբր կաթողիկոսի անձի դեմ են պայքարում, բայց դիվանատունը գրավել ու շուկա են սարքել: Եթե իրենց նպատակն իրոք Գարեգին Բ-ին գահընկեց անելն է, թող դա այլ վայրում անեն: Թե՞ պետք է անպայման շենքը գրավեն»,- ասաց Հայկ Ավետիսյանը: Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սան Համլետ Խաչատրյանն էլ ասաց, որ այդտեղ հին ավետարաններ ու թանկարժեք գրականություն է պահվում, թանգարաններ ու գրապահոցներ կան, որոնց անվտանգությունն այլեւս կասկածի տակ է:



«Մենք անժամկետ կմնանք այստեղ, մինչեւ կաթողիկոսը հրաժարական տա, եւ ԱԱԾ-ն նրան տանի, որովհետեւ նա ազգային արժեք է վաճառել»,- ասացին նախաձեռնության անդամները՝ համոզված, որ իրական Սուրբ գեղարդը վաճառված է:



Նշենք նաեւ, որ այս թեմայով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանան։ Լրագրողներից մեկի հարցին, թե կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունն ինչու հենց այժմ պահանջեց ցույց տալ Սբ գեղարդը, Տեր Ասողիկը պատասխանեց. «Հավանաբար, իրենք մտածեցին, որ եթե գեղարդի շուրջ իրենք կասկածներ սերմանեն, իրենց անհիմն պահանջը եւս առավել կարդարանա, սակայն այդ կասկածները սերմանողները, բնականաբար, պատմական հիմքերին անտեղյակ են եւ իրենց իրավունք վերապահեցին անպատասխանատու հայտարարություններ կատարել՝ զուտ մարդկանց մոտ բարկություն, վրդովմունք եւ ընդդեմ եկեղեցու կեցվածք առաջ բերելու համար՝ խաղալով հավատացյալների կրոնական զգացումների հետ»։



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**