Երևանն ամենաշատը 74 օր կարող է առանց քաղաքապետ մնալ

Երևանն ամենաշատը 74 օր կարող է առանց քաղաքապետ մնալ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ներկայացրեց հրաժարականի դիմումը, որի մասին վաղուց էր խոսվում, սակայն չհայտնեց հեռանալու պատճառների մասին։ Քաղաքապետը շնորհակալություն ու ներողություն հայցեց մայրաքաղաքի բնակիչներից, իր ենթականերից ու գործընկերներից․ «Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»։



Մարգարյանի պաշտոնանկության հարցն օրակարգ բարձրացավ համաժողովրդական շարժման հաղթանակից անմիջապես հետո, նոր Հայաստանում նոր քաղաքապետի անհրաժեշտություն առաջացավ։ Այդ ուղղությամբ ձեռնարկվեցին նոր իշխանության հետեւողական քայլերը․ սկզբում բողոքի ցույցեր, ավտոերթեր, ապա իրավապահների ուշադրության ներքո հայտնվեց «Երեւան» հիմնադրամը։ ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց հիմնադրամի գործունեության հետ կապված, հաղորդագրություն տարածեց, որ քաղաքապետարանի այս կամ այն որոշման դիմաց մարդկանց հորդորել են փող փոխանցել «Երեւան» հիմնադրամին: Հիմնադրամի փաստացի ղեկավարը Տարոն Մարգարյանն էր: Ձերբակալվեց հիմնադրամի տնօրենը, սակայն հետո ազատ արձակվեց։ Ապա հրապարակվեց Տ․ Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութ, լուրեր սպրդեցին, որ ԱԱԾ-ն ուշի ուշով զբաղվում է Տարոնի ու իր գերդաստանի ունեցվածքի օրինականության ճշտմամբ։ Թեպետ սկզբում նա վստահեցնում էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, չի վախենում անգամ քրեական հետապնդումից՝ նստել են իր հայրն ու պապը, կնստի նաեւ ինքը, սակայն վերջին շաբաթներին չէր հաճախում ավագանու նիստերին՝ առողջական խնդիրների մասին պատրվակով։ Երեկ կեսօրից հետո նա քաղաքապետարան է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության, վարչության մի քանի պետերի, որոշ թաղապետերի եւ հրաժեշտի ցերեկույթ կազմակերպել։ Ավագանու կին անդամներն այնքան են հուզվել, որ հանդիպումից հեռացել են արտասվախառն աչքերով։



Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար **Դավիթ Խաժակյանը** վստահ է, որ ՀՀԿ-ն իր կազմից ավագանու քաղաքապետի նոր թեկնածու չի առաջադրի․ «Դա կլինի անտրամաբանական»։ Խաժակյանը հիմնավորում է դա․ «Եթե ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչը հեռանում է, ապա որեւէ մեկի առաջադրումը տրամաբանական չեմ համարում։ Իրենց մեծամասնությունը զուտ քաղաքական է, ոչ բովանդակային՝ այնպես, ինչպես Ազգային ժողովում»։



Նրա կարծիքով, լուծումը պետք է տրվի կա՛մ ավագանու արտահերթ ընտրություններով, կա՛մ վարչապետի ընտրության օրինակը պրոյեկտվի քաղաքապետարանում, այսինքն՝ ՀՀԿ ավագանին քաղաքական որոշման արդյունքում ընտրի «Ելք»-ի թեկնածուին․ «Ես կարծում եմ, որ քննարկումներ պետք է իրականացնենք «Ելք» դաշինքի ֆորմատով, քանի որ որոշումը մասշտաբային է, եւ քննարկումը պետք է ավագանուց դաշինք տեղափոխել, ու հասկանանք, թե որ ճանապարհով ենք գնում»։ Դավիթ Խաժակյանի համոզմամբ, Տարոն Մարգարյանի հրաժարականը պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ․ «Օղակը սեղմվում էր Տարոն Մարգարյանի շուրջ, եւ հարց էր առաջանում, թե դա որքան կարող էր տեւել։ Նա որոշակիորեն հապաղեց, բայց այլեւս հնարավոր չէր»։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի հրաժարականից հետո ավագանին նիստ է հրավիրում՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը․ այն պետք է լինի ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։ Ավագանու բոլոր խմբակցություններն իրավունք ունեն թեկնածու առաջադրել, եթե որեւէ խմբակցություն երկշաբաթյա ժամկետում չառաջադրի թեկնածու, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի համապատասխան թվով ձայն, ապա կառավարությունը կարող է վաղաժամ կրճատել ավագանու լիազորությունների ժամկետները։



Կա երկրորդ տարբերակ՝ առաջադրվում է թեկնածու կամ թեկնածուներ, սակայն քվեարկությունը չի կայանում։ Օրինակ՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Երկու թեկնածուի առաջադրման դեպքում հաղթում է ավագանու կեսից ավելի ձայներին արժանացած թեկնածուն։ Այսինքն՝ երկու դեպքում էլ, երբ հնարավոր չի լինում քաղաքապետ ընտրել, կառավարությունը լիազորված է վաղաժամ կրճատել ավագանու լիազորությունները։ Այդ որոշման հետ կառավարությունը միաժամանակ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ՝ ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստը:



Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:



«Այսինքն, ըստ էության, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է մինչեւ քաղաքապետի ընտրված օրը կամ դրանից հետո այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը կդադարեցնի ավագանու լիազորությունները։ Օրենսդրությունը 37-74 օր ժամանակահատված է սահմանում, մինչեւ երբ կարող է լինել ԺՊ, դրանից հետո պետք է ընտրվի քաղաքապետ»,- մեկնաբանեց Խաժակյանը։ Նա կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է հաշվի առնի ընտրությունների անցկացման քաղաքական նպատակահարմարության հարցը․ «Եթե հաշվի չառնվի այս իրողությունը, կլինեն արտահերթ ընտրություններ»։ Եթե արտահերթ ընտրությունների որոշում չկայացվի, եւ ՀՀԿ-ից որեւէ չեզոք անձ նոր իշխանության համաձայնությամբ ընտրվի քաղաքապետ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամ կրճատելու եւս մեկ տարբերակ կա․ եթե երեք ամիս շարունակ նիստեր չհրավիրվեն, կառավարությունը կլուծարի ավագանին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**