Կաթվածահար Բաքու

Կաթվածահար Բաքու
«Ազերէներժի» պետական ընկերության տնօրեն Փիրվերդիեւը շտապ ուղեւորվել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարում Ռուսաստանից էլէներգիայի ներկրման ծավալները մեծացնելու հարցի շուրջ: Ըստ երեւույթին, Մինգեչաուրի ՊՇԷԿ-ում վթարի հետեւանքները դեռեւս հնարավոր չէ վերացնել, թեեւ առաջին փոխվարչապետի գլխավորած կառավարական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել կայանի էներգաբլոկներից մեկի վերագործարկման մասին: Էլեկտրամատակարարման հաճախակի խափանումները պատճառ են դարձել, որ Բաքվի մետրոպոլիտենը դադարեցնի ուղեւորափոխադրումները, ինչի հետեւանքով Ադրբեջանի մայրաքաղաքում տրանսպորտային ահավոր [խճողումներ են առաջացել](https://haqqin.az/news/131791):



Իշխանությունները ձեռնարկել են ավտոբուսային հավելյալ երթուղիներ գործարկելու քայլեր, սակայն իրավիճակը մնում է ծայրահեղ լարված: Հաճախակի խափանվում են փողոցային լուսանշորդները, ճանապարհային ոստիկանությունն ստիպված է լինում երթեւուկությունը կարգավորել լրացուցիչ կարգախմբերի միջոցով: Բաքվի գրեթե բոլոր արվարձաններում դադարեցված է ջրամատակարարումը, իսկ կենտրոնական թաղամասերում ջուր մատակարարվում է օրվա մեջ միայն երկու-երեք ժամ: Ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանի մյուս քաղաքներում եւ գյուղական շրջաններում՝ կարելի է միայն ենթադրել: Իրավիճակն այնքան ճգնաժամային է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հարկ է համարել տարածել պաշտոնական հայտարարությամբ:



Դրանում մասնակիորեն արտացոլված են առկա խնդիրները, սակայն փաստաթուղթն աչքի է ընկնում որոշ կայքերի եւ սոցիալական ցանցերի օգտատերերի հասցեին չափազանց կոշտ գնահատականներով: Իշխանությունը փաստացի հասարակությանը մեղադրում է ոչ հայրենասիրական կեցվածք դրեւորելու եւ խուճապի տրվելու մեջ, ինչից կարելի է պատկերացնել, թե այս օրերին ինչ աստիճանի է հասել հանրային դժգոհությունը: Ո՞րն է աղետի իսկական պատճառը: Պաշտոնական տեղեկատվությունը թողնում է կասկածի տեղիք, քանի որ Մինգեչաուրի ՊՇԷԿ-ում վթարի փաստով հարուցվել է քրեական գործ, եւ իշխանությունները խոստանում են «բացահայտել եւ խստորեն պատժել բոլոր մեղավորներին»: Մի՞թե տեղի է ունեցել դիվերսիա: