Իսպանիայի ԱԳ նախարարը արձագանքել է Դոնալդ Թրամփի կոչին

Իսպանիայի ԱԳ նախարարը արձագանքել է Դոնալդ Թրամփի կոչին
Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ իսպանական իշխանությունները արդյունավետ կերպով ծախսում են այն բոլոր միջոցները, որոնք Իսպանիայի պետական բյուջեով հատկացված են զինված ուժերի համար։ Այս մասին հայտնում է Europapress պարբերականը՝ այդ կերպ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կոչին, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն իրենց ռազմական բյուջեները։



Նախարար Բորելը հիշեցրել է, որ Իսպանիան ԵՄ միակ պետությունն է, որը մասնակցել է ԵՄ հետ կապված բոլոր ռազմական օպերացիաներին։ «Իհարկե մենք ավելի քիչ ենք ծախսում, քան ՆԱՏՕ-ի ստանդարտներով է սահմանվում, սակայն մենք ծախսում ենք արդյունավետ»,- նկատել է Իսպանիայի ԱԳ նախարարը։



Նա նաեւ նշել է, որ իսպանական զինված ուժերը մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական բոլոր առաքելություններում։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից միայն 5-ն են, որ իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին ծախսում են ռազմական նպատակներով։