Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Այս առաջնությունում լատինաամերիկյան մայրցամաքը երկու իրական հույս ունի․ մեկը, կարծում եմ, բոլորին էլ պարզ է՝ Բրազիլիայի հավաքականն է, մյուսը՝ բավականին համակրելի Կոլումբիայի ընտրանին: Փլեյ-օֆֆում բրազիլացիներին հենց սկզբում լուրջ փորձություն էր սպասվում: Գերմանիային պարտության մատնած Մեքսիկայի ամրակուռ, տաղանդավոր ընտրանուն «հեշտ» մրցակից որակելը, մեղմ ասած, անլրջություն էր: Խմբային մրցափուլում Մեքսիկան աչքի ընկավ տպավորիչ, ստեղծարար խաղով, ինչի արդյունքում նրան հաջողվեց գրեթե առանց խնդիրների դուրս գալ եզրափակիչ փուլ:



Աշխարհի հնգակի չեմպիոն, աստեղային կազմ ունեցող Բրազիլիայի հավաքականը նույնպես ոչ մեծ ջանքերով կարողացավ անցնել խմբային փուլը, թեպետ առաջին խաղում բրազիլացիներն ընդհանրապես չտպավորեցին: Սակայն Բրազիլիան, ի տարբերություն առաջնության մյուս բոլոր ճանաչված ֆավորիտներ Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի, նաեւ՝ Պորտուգալիայի, որոնք արդեն տուն են վերադարձել, իսկապես հսկայական ներուժ ունի՝ սքանչելի հարձակում, ամուր պաշտպանություն: Բրազիլիան այնպիսի տպավորություն է թողնում, ասես խաղադաշտում ունակ է անգամ անհավանական, անպատկերացնելի գործողությունների հաշվին ծնկի բերել միանգամից մի քանի հավաքականների եւ, այդ ամենով հանդերձ, կարող է նաեւ պարտվել որեւիցե խուլ ետնապահի:



Ինչեւէ, Բրազիլիա-Մեքսիկա մրցավեճը դիտարժան պայքարում անցավ՝ սրընթաց գրոհներ, գեղեցիկ դրիբլինգներ (իհարկե՝ ֆուտբոլային կախարդների կատարմամբ), անզիջում կռիվ խաղադաշտի յուրաքանչյուր հատվածի, յուրաքանչյուր գնդակի համար: Իսկ Մեքսիկան այն հավաքականների տեսակին է պատկանում, որոնց պարզապես չես կարողանում չհարգել․ մեքսիկացիների համառությունը, մինչեւ վերջին վայրկյանը պայքարելու նրանց երկաթե կամքն ու ջիղը պատկառանքի արժանի հատկանիշներ են: Ամեն առումով Լեոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության համար լրջագույն կորուստ է, ուստի Բրազիլիայի հավաքականի աստղերի՝ Նեյմարի, Կոուտինյոյի, Վիլյանի, Ֆիրմինոյի դերը, երկրպագուների ուշադրությունը նրանց խաղի նկատմամբ էլ ավելի են մեծանում: Եվ նրանք չեն հիասթափեցնում: Եվ Բրազիլիա-Մեքսիկա հանդիպման հերոսները, գլխավոր գործող անձինք, կարելի է ասել, հենց նրանք էին:



Այս խաղում Նեյմարը դարձավ գոլի հեղինակ, նրա գործողությունների արդյունքում գոլ հեղինակեց նաեւ րոպեներ առաջ խաղադաշտ մտած Ռոբերտո Ֆիրմինոն: Նշենք նաեւ, որ խաղից խաղ ընդգծվում է Բրազիլիայի համար անչափ կարեւոր մի եղելություն․ Նեյմար-Կոուտինյո համագործակցությունը գնալով ընդլայնվում է, ակտիվանում, եւ ընդհանրապես նկատելի է, որ թիմի ուղեղը, թիմի իմաստուն նավավարը դարձել է հենց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Այսպիսով 2։0 հաշվով հաղթանակ տանելով Մեքսիկայի ընտրանու նկատմամբ՝ Բրազիլիան 1/4 եզրափակչում սպասում է իր մրցակցին:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**