Դեսպանների փոփոխությունը մշտական գործընթաց է․ Տիգրան Բալայան

Դեսպանների փոփոխությունը մշտական գործընթաց է․ Տիգրան Բալայան
Ապրիլյան հեղափոխությունից հետո մամուլում եղան հրապարակումներ, որ պետք է փոխվեն արտերկրում Սերժ Սարգսյանի նշանակած ՀՀ դեսպանները։ Գաղտնիք չէ, որ նրանցից ոմանք չունեն ոչ միայն համապատասխան կրթություն, այլեւ դիվանագիտական փորձ, ինչի պատճառով էլ մեր երկիրը ներկայացնում են ոչ ամենեւին էլ բարենպաստ լույսի ներքո։



Դեսպանների մեծ մասը նշանակվել է քաղաքական նկատառումներից ելնելով։ Նրանք այն անձինք են, ում, որպես կանոն, պաշտոնից ազատել են եւ որպես կոմպենսացիա՝ մի երկրում դեսպան ուղարկել։ Մենք ունենք նախկին մարզպետ դեսպան, նախկին պատգամավորներ, մեծ թվով բիզնեսմեններ, մեծահարուստներ։ Իսկ ԱԳՆ-ում երկար տարիներ աշխատած անձինք այդպես էլ չեն կարողանում դեսպան աշխատելու հնարավորություն ստանալ, մինչդեռ՝ միջազգային հարաբերություններ ուսանած եւ ԱԳՆ-ում աշխատանքի անցած յուրաքանչյուր անձի վերջնանպատալկը դեսպան դառնակն է։



ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեր հարցին, թե սպասվո՞ւմ է արդյոք դեսպանների փոփոխություն, արձագանքեց․



«Մինչեւ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակումը նման թեմաներով մենք մեկնաբանություն չենք տալիս։ Ինչ վերաբերում է դեսպանների փոփոխությանը, ապա դա մշտական գործընթաց է արտգործնախարարության համակարգում, եւ դա տեղի է ունենում պարբերաբար։ Բայց կոնկրետ թե որ երկրներում կլինեն փոփոխություններ՝ մենք չենք մեկնաբանում»։