Պետռեգիստրը կաջակցի ԱԱԾ-ին

Պետռեգիստրը կաջակցի ԱԱԾ-ին
Մայիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ բացահայտվել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա։



Բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը համաձայնություն էր ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ էր, ինչը հնարավորություն էր ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:



Բացի սա, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել էին 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:



Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել էին առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել էր 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել էր, որից հետո օգտագործվել էին նոր գրանցված այլ ԱՁ-ներ։



ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգստրի գործակալության ղեկավար **Գարուշ Դավթյանից** պարզաբանում խնդրեցինք 461 ԱՁ-ների վերաբերյալ, նա պատասխանեց․ «Ընդհանրապես անհատ ձեռնարկատեր գրանցում են անձին նույնականացնելուց հետո, հիմա ստեղ ով ա գրանցել, ոնց ա գրանցվել եւ այլն, կարծում եմ, որ, եթե գրանցվել է, ուրեմն ընթացակարգը պահպանվել է։ Գրանցվելիս անձամբ ներկայանում է, իր անձը նույնականացնում են, անձնագիրը հետ են տալիս եւ կատարում են համապատասխան գրանցում։ 461 հոգին հո միանգամից չեն գրանցվել, որ իմանանք՝ ով ա գրանցել, սպասարկման գրասենյակներ կան, նոտարներ կան, բանկերը կան, որ գործառույթներ են անում գրանցման։ Նմանատիպ տեղեկատվություն, որ մենք ուսումնասիրենք, մեր գործառույթներից դուրս է այդ ամեն ինչը»։



Հարցին՝ ինքը հրավիրվե՞լ է հարցաքննության, Դավթյանը տվեց բացասական պատասխան։ Մինչդեռ չպատասխանեց՝ իրենց աշխատակիցներից հարցաքննության մասնակցողները եղե՞լ են, թե՞ ոչ։ «Գործընթաց է գնում, որոշակի բաներ կան։ Եթե հարցը վերաբերվեր գործակալության լիազորություններին կամ գործակալությանը, ես հստակ կպատասխանեի, բայց ձեր հարցերը դուրս են գործակալության լիազորություններից»,-նշեց գործակալության ղեկավարը։



Գարուշ Դավթյանը նաեւ վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում կաջակեցն ԱԱԾ-ին «Պետռեգիստրը միշտ բաց աշխատում է, թաքցնելու ոչինչ չունի։ Նախաքննություն է իրականացվում, եթե այդ հարցով կլինեն մարդիկ, ում կանչեն, որոշակի հարցադրումներ կանեն, օրենքով տվյալ մարդը այլ տարբերակ չունի, բացի ճշմարությունը ասելուց։ Իհարկե, պիտի աջակցենք, որ եթե կա ինչ-որ իրավիճակ, որտեղ օրենքը չի պահպանվել, այդ ամեն ինչը բացահայտվի։ Գործակալությունը պատրաստ է այդ ամեն ինչը անել»։



Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:



**Աննա Պապիկյան**