Տնտեսական սաբոտա՞ժ «կարգո»-ների կողմից

Տնտեսական սաբոտա՞ժ «կարգո»-ների կողմից
Երեւանի բնակիչ Արսեն Ավագյանն ահանզանգում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ, որպես ֆիզիկական անձ, գնումներ ենք իրականացրել ամերիկյան միջազգային JEUNESSEGLOBAL կազմակերպությունից, որի պահեստը գտնվում է Մոսկվայում: Այսինքն` առաքումն իրականացվում է Մոսկվայից: Ապրանքի ինքնարժեքը վճարելու հետ մեկտեղ վճարել ենք նաեւ առաքման գումարը, 18 տոկոս ԱԱՀ: Ամեն անգամ գնումներ իրականացնելիս մեր ապրանքները TNT առաքող կազմակերպությունը, առանց որեւէ խոչընդոտի, հասցրել է մինչեւ մեզ, մեր բնակարան: Աշխատել է ժամացույցի ճշգրտությամբ:



Այս անգամ բավականին երկար ժամանակ է՝ մեր ապրանքը չկա, 10 օր առաջ պետք է հասած լիներ, բայց չկա: Մենք զանգում ենք այդ փոխադրող կազմակերպությանը, որեւէ մեկը մեր զանգերին չի պատասխանում, մեկ աշխատակից մի անգամ պատասխանեց եւ ասաց, որ բոլորը դուրս են եկել աշխատանքից, մնացել է միայն տնօրենը՝ ոմն Դավիթ, որի հեռախոսահամարն էլ աշխատակցուհին տվեց: Զանգում եմ տնօրենին, զանգերիս չի պատասխանում: Մեզ այդ աշխատակցուհին ասաց, որ մեր ապրանքը գտնվում է «կարգո»-ում, որը բաց չի թողնում մեր ապրանքը՝ առանց որեւէ մեկնաբանության, առանց որեւէ պատճառաբանության:



Մենք այդ կազմակերպությունից նորից ճշտել ենք՝ մեր փաստաթղթերը, ապրանքը, ամեն ինչ օրինականության մեջ է, սահմանված չափի եւ գումարի մեջ, վճարումները կատարված են: Ապրանքն արժեքավոր է եւ ունի ժամկետի խնդիր, քանի որ փաստաթղթերն ապրանքի հետ են, ես իմ ձեռքի տակ չունեմ, որ տեսնեմ, թե մինչեւ երբ է պիտանի: Կարծում եմ, որ դա կապված է ԱԱԾ-ի կողմից «կարգո»-ների դեմ հարուցված քրեական գործի հետ (գործը ՊԵԿ-ն է հարուցել` Ն․ Վ․): Ըստ իս, դա տնտեսական սաբոտաժ է նոր կառավարության դեմ, որ հանրությունը հիասթափվի նոր կառավարությունից: Ես տուժող եմ եւ պատրաստ եմ դիմել իրավապահներին եւ ԱԱԾ-ին: Մենք այսքան տարի պայքարելուց հետո հազիվ ունենք հաղթանակ եւ այդ հաղթանակը պետք պահենք, չտրվենք նման սադրանքների»:



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**