Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին օրը՝ բացման խաղը, կարելի է ասել, ուրախ տրամադրությամբ ընթացավ: Առաջնության բացման արարողությունը թեպետ աչքի չընկավ որեւէ ուշագրավ բեմական ներկայացմամբ, այդուհանդերձ, ինչպես միշտ, ամրագրեց, որ ֆուտբոլն աշխարհի ամենասիրված ու ամենաճանաչված խաղն է, տոն, որին չորս տարի սպասել են միլիոնավոր երկրպագուներ, տոն, որին մասնակից է ողջ մոլորակը:



Ռուսաստանի Դաշնության նախագահ Պլադիմիր Պուտինը ողջույնի խոսք հղեց մրցաշարի մասնակիցներին, նաեւ՝ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին, ապա առաջնությունը հայտարարեց բացված: Իհարկե, աշխարհի առաջնության բացման խաղերն ինչ-որ առումով ավելի շատ սիմվոլիկ, մեկնարկային բնույթ են կրում, մանավանդ, որ հավաքականներից մեկն անպայման տանտերն է լինում: Ռուսաստանի հավաքականը վերջին ամիսներին աչքի էր ընկնում բավականին դժգույն խաղով, իսկ Սաուդյան Արաբիան թերեւս այս առաջնության ամենաթույլ հավաքականներից է, կայուն ետնապահներից մեկը:



Եվ, այդուհանդերձ, Ռուսաստան-Սաուդյան Արաբիա առաջնության բացման հանդիպումը վատ չստացվեց: Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը հենց մեկնարկից տիրեց խաղային նախաձեռնությանը՝ ջանալով ամեն կերպ ուրախացնել երկրպագուներին: Ճիշտ կլինի ասել, որ Սաուդյան Արաբիայի խաղային ցածր որակները միանգամից աչք էին զարնում: Սաուդյան Արաբիան որեւէ լուրջ քայլ ձեռնարկելու կարելիություն չուներ:



Առաջին խաղակեսի ավարտին ռուսներն արդեն երկու անպատասխան գնդակ էին ուղարկել սաուդների դարպասը․ 12-րդ րոպեին «Մունդիալ 2018»-ի առաջին գոլի հեղինակ դարձավ Գազինսկին: 43-րդ րոպեին Անդրեյ Չերիշեւը, անհատական փայլուն խաղ ցուցադրելով, խփեց իր թիմի երկրորդ գնդակը: 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Արտյոմ Ձյուբան գլխի դիպուկ հարվածով գնդակը երրորդ անգամ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը: Հանդիպման ավելացրած առաջին րոպեին Չերիշեւին հաջողվեց դուբլ ձեւակերպել, իսկ, ահա, 90+4-րդ րոպեին Ալեքսանդր Գոլովինը, որն աչքի ընկավ պարզապես փայլուն խաղով, խփեց այս հանդիպման վերջին գոլը:



Ռուսաստանի հավաքականը 5:0 խոշոր հաշվով վստահ հաղթանակ տարավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ, գլխավորեց A խումբը եւ հաջորդ փուլ դուրս գալու համար բավականին լուրջ հայտ ներկայացրեց: Մի դիտարկում եւս՝ թեպետ «Լուժնիկի» մարզադաշտը լեփ-լեցուն էր ռուս երկրպագուներով, այդուհանդերձ, նրանց չէր հաջողվում ուրույն ձեւով երկրպագել սիրելի թիմին՝ գոռուն-գոչյուն, մի երկու ալիք եւ վերջ։ Այլ հետաքրքիր բան մտածել ու մատուցել նրանց այդպես էլ չհաջողվեց:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**