Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենահարմար պահն է․ Փաշինյան

Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենահարմար պահն է․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց, որ իր գլխավորած կառավարության համար ուղենիշային են լինելու հետևյալ կետերը․ «Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունն ու համերաշխությունը, Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությունը ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Նրա խոսքով՝ հենց վերը նշված թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բերելու համար:



«Համոզված ենք, որ արդեն շուրջ 20 տարի Հայաստանի զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել վերը նշված բովանդակային տարածքում, և վերը նշված թեզերը մենք համարում ենք Հայաստանի խնդիրները ախտորոշող եզրակացությունը և բուժման դեղատոմս միաժամանակ: Ու չնայած համոզված ենք նաև, որ նշված խնդիրները պատճառահետևանքային կապով կապված են միմյանց հետ, թույլ տվեք պնդել, որ Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային խնդիրների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի շարունակական ու հետևողական ձևախեղումն է: Մենք սա ենք համարում Երրորդ Հանրապետության պատմության չարիքների չարիքը, որի նախապատրաստման գործողությունները, ապա իրագործումից հետո ծագած շղթայական ռեակցիաները բերել են հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական և կրթական դեգրադացիայի»,- ասաց Փաշինյանը:



Իր ծրագրային ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ իրենց կարևորագույն խնդիրը հիմա արտահերթ ընտրույթունների անցկացնումն է։ «Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենահարմար պահն է»,-ասաց Փաշինյանը՝ բացատրելով, որ այսօր հեղափոխության ոգևորությունը ժողովրդի շրջանում հասել է գագաթնակետին, և եթե ընտրություններ անցկացվեն այսօր, իրենք կհաղթեն՝ ստանալով ժողովրդի լրակատար վստահությունը։ Բայց իրենք չեն ցանկանում հիմա գնալ ընտրությունների, քանզի դա կլինի նախորդ իշխանությունների ոճով, իսկ իրենք ցանկանում են անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, դրա համար պետք է փոխոխություններ կատարեն Ընտրական օրենսգրքում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**