Ես լրատվական ծառայության մասով պատասխանատվություն չեմ կրում

Ես լրատվական ծառայության մասով պատասխանատվություն չեմ կրում
ՀՌԱՀ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը երեկ բոլոր բարդ հարցերը «ցրում» էր ուրիշների վրա՝ Հ1-ի 2 միլիարդ չարաշահումների, ապա Հ1-ի լուսաբանման ու լրատվական ազատության հարցը։ Մեկը թողեց ֆինանսների նորանշանակ նախարարի, մյուսը՝ Հանրայինի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի վրա։



Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հանրայինը չի լուսաբանել Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը, Ջաղինյանը սկսեց կմկմալ, մտքերը սկսեցին «տեղապտույտի» ենթարկվել։ Եվ մինչ նա արդարացումներ էր փնտրում, հարցրինք՝ ընդունո՞ւմ է, որ Հանրային հեռուստաընկերությունը տարիներ ի վեր հանրության վճարած հարկերի հաշվին հանրությունից թաքցրել է ճշմարտությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հարցին փորձեց պատասխանել Հանրայինի մոտ 5 տարվա տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ջաղինյանն այդ ընթացքում սուսուփուս «թռավ»՝ իր գործընկերուհուն թողնելով լրագրողների հետ «մարտում» միայնակ։ Ի դեպ, նա կարծում է, որ ինքը՝ որպես Հանրայինի ղեկավար, չի արել որեւէ «անամոթ» բան, որի համար հիմա պետք է հրաժարական տա։



Տիկին Մարգարիտան, ով նախկինում մշտապես խուսափել է լրագրողների հետ շփումից, երեկ ուղղակի «բլբուլ» էր կտրել, բայց «հայլուրական» լուսաբանման պատասխանատվությունն ամբողջությամբ գցեց քաղաքական-լրատվական ծառայության ղեկավարի՝ Հարություն Հարությունյանի վրա։ «Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը ղեկավարել է այդ լրատվական ծառայության ղեկավարը։ Եվ նա որոշել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության քաղաքականությունը։ Դուք ասում եք, չէ՞, որ շատ բան է փոխվել մեր իրականության մեջ»,- ասաց Մարգարիտա Գրիգորյանը՝ ակամա խոստովանելով, որ առաջ այլ Հայաստանում էինք ապրում, հիմա՝ այլ։ Ապա հիշեցրեց, որ Հ1-ն ունեցել է քաղաքական հաղորդում՝ «Եռանկյունի» անունով, եւ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն այդտեղ եղել է եթերում եւ ամենայն մանրամասներով քննադատել բոլոր իշխանություններին՝ սկսած նախագահից։ Հիշեցնենք, որ հաղորդավարն Արմեն Աշոտյանն էր։ Եվ այդ հաղորդումը եթեր է գնացել առանց որեւէ մոնտաժի։ Հետո նկատեց, որ այսօր շատ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Հ1-ի լրատվական ծառայությունն ամբողջությամբ լուսաբանում է Նիկոլ Փաշինյանին։



**- Իսկ ինչո՞ւ է լուսաբանում, նույն Նիկոլ Փաշինյա՞նը չէ։**



Էնքան կուզեմ, որ Դուք դա հարցնեք մեր լրատվական ծառայության ղեկավարին։



**- Ձեզ չի՞ հետաքրքրել, որ Ձեր ղեկավարած հիմնարկի մի բաժնի ղեկավարը թույլ է տալիս բաներ, որոնք քննադատվում են հանրության կողմից։ Հիմա, եթե էրոտիկ ֆիլմ կամ հոլովակ ցույց տա լուրերի թողարկման ժամանակ, դա նորմա՞լ եք համարում։**



Էրոտիկ ֆիլմ կամ հոլովակ ցույց տալու գործառույթը պատկանել է հեռուստաընկերության տնօրենին, ես դա թույլ չեմ տվել։ Հիմա ես ուզում եմ Ձեզ ասել հետեւյալը՝ Դուք ուզում եք կտրվել այն իրականությունից եւ կտրվել ա՞յս իրականությունից։



**- Մենք ուզում ենք կտրվել «Հայլուրի» իրականությունից։**



Հրաշալի է, Դուք արդեն կտրվել եք, սիրելիս, Դուք այսօր կտրվել եք «Հայլուրի» իրականությունից, ինչպես ասում եք, «Հայլուր» չէ։ Ես երբ որ ընդունվել եմ աշխատանքի, դա եղել է Առաջին ալիք, հիմա «Օրակարգ» է, որպես այդպիսին։ Չէ՞ որ այսօր «Օրակարգը» լուսաբանում է մեր իշխանություններին։ Հիմա եկեք կողմնորոշվենք, ի՞նչ անենք մենք՝ լուսաբանե՞նք իշխանություններին, թե՞ ոչ։



**- Իսկ ինչո՞ւ ես, որպես ազատ լրագրող, կարող եմ ինձ թույլ տալ քննադատել Սերժ Սարգսյանին եւ նախկին ու ներկա իշխանություններին, իսկ Հանրայինը՝ ոչ**։



Սիրելիս, չէ՞ որ Դուք ասում եք՝ դա ազատ մամուլ է։ Եթե Դուք գնահատում եք, որ պիտի իրեն քննադատեք, իսկ եթե մեկ ուրիշը գնահատում է, որ չի տեսնում, ուրեմն նա ազատ մամո՞ւլ չէ։



**- Բայց դուք տարիներ շարունակ չեք տեսել, այլ լրատվամիջոցներ տեսել են, թե ինչպես են երկրում տեղի ունենում արատավոր երեւույթներ։**



Ես եւս մեկ անգամ պատասխանում եմ ու այս հարցին էլ չեմ անդրադառնա։ Բոլորին շատ հարգելով՝ կրկնում եմ հետեւյալը․ ես լրատվական ծառայության մասով պատասխանատվություն չեմ կրում եւ չեմ պատասխանում այդ հարցերին։



**- Տիկին Մարգարիտա, երբ Դուք՝ որպես հեռուստադիտող, այս ընթացքում որ դիտել եք Հանրայինի լրատվական թողարկումները, ստացե՞լ եք օբյեկտիվ եւ բազմակողմանի ինֆորմացիա, իմացե՞լ եք, թե՞ երկրում ինչ է կատարվում։**



Քանի որ ես առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, սովոր եմ, առհասարակ, քնից արթնանալուց սկսել կարդալ։ Ես հենց արթնանում եմ, ընթերցում եմ ամեն ինչ։



**- Տարբերություն զգո՞ւմ եք կայքերի գրածի եւ Հանրայինի լուրերի միջեւ։**



Իհարկե, կայքերն իմ մասին այնքան հետաքրքիր տեղեկատվություն են գրում, ի՞նչ անեմ, ես դրանց հավատա՞մ։



**- Չէ, խոսքը Ձեր մասին չէ, նախորդ իշխանությունների մասին կայքերը գրում էին, որ տարատեսակ չարաշահումներ են տեղի ունենում, կոռուպցիա, աղքատություն, արտագաղթ կա երկրում, իսկ Հանրայինով դա չէր երեւում։**



Բայց չէ՞ որ կայքերը գրում էին, եւ դուք հնարավորություն ունեիք այդ բոլոր իրավիճակից ստեղծել մի այնպիսի կարծիք, ինչը որ հետագայում բերեց այս փոփոխության։



**- Ձեզ մոտ ի՞նչ կարծիք է ստեղծվել, Դուք զգո՞ւմ էիք, որ բալանսը խախտված է Հանրայինում։**



Ես երբեւէ տեղեկատվություն ստանալու համար միշտ լսում եմ բոլոր կողմերին։ Ի դեպ, մի բան ասեմ․ երբ որ անցած Ազգային ժողովի ընտրություններն էին, ԵԱՀԿ գրասենյակը մեր լրատվական ծառայությունը գնահատեց որպես այս տարիներին ամենալավ տեղեկատվություն ապահովող ժամանակահատված։ Հիմա ես հասկանում եմ՝ Դուք ինձնից անպայման ուզում եք կորզել մի բան…



**- Ճշմարտությունն եմ ուզում կորզել։**



Իմ ճշմարտությունն իմ ճշմարտությունն է, ուզում եմ, որ Դուք լսեք հետեւյալը՝ լրատվական ծառայությունը ղեկավարվել է լրատվական ծառայության ղեկավարի կողմից։ Եվ ես մինչեւ այսօր պատասխանատվություն չեմ կրել կոնտենտի համար, պատասխանատվություն միայն կրել եմ բացառապես նրա համար, որ մարդիկ ճիշտ ժամանակին գան աշխատանքի, ստանան իրենց աշխատավարձը…



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**