«Բարեփոխված» ոստիկանությունը բանդ-գվարդիա է՝ այս իշխանությունը պահելու համար. դաստակը կորցրած ցուցարար

«Բարեփոխված» ոստիկանությունը բանդ-գվարդիա է՝ այս իշխանությունը պահելու համար. դաստակը կորցրած ցուցարար

Եսայի Քարամյանը հունիսի 12-ին ոստիկանության կիրառած նռնակի հետևանքով կորցրել է մի ձեռքի դաստակն ամբողջությամբ: 

«Հրապարակի» հետ զրույցում 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Եսայի Քարամյանը ծառայել է Եղնիկների մոտակայքում գտնվող Տոնաշեն գյուղի դիրքերում:

«Ցույցը սկսվելուց համարյա ամբողջ ժամանակ տարածքում եմ եղել, մեկումեջ հեռացել ենք ջուր խմելու կամ հովին կանգնելու, բայց գրեթե ամբողջ ժամանակ տեղում ենք եղել: Երբ սրվեց վիճակը ոստիկանները սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել, ես Բաղրամյան փողոցում էի, ոչ թե այն հատվածում, որտեղ պայթյունը եղավ, այլ հենց փողոցի մեջտեղում: Երբ սկսեցին ոստիկանները նռնակներ նետել, մարդկանց գոռոցներ լսվեց, վիրավոր մարդու ձայնի նման էր, ենթադրեցի, որ մարդիկ կան, որ վիրավորվել են, միանգամից մարդկանց արանքը ճղելով, փորձեցի հասնեմ այնտեղ՝ հասկանամ ինչ է կատարվում: Ինչ-որ մեկին կարելի՞ է օգնել, թե ոչ, որովհետև շատ էին պայթյունները՝ մեկ կամ երկու անգամ չէին ու ձայներն էլ այնքան շատ էին ու այն կարգի ձայներ էին, որ ենթադրեցի առնվազն վիրավորներ կան՝ վիրավոր մարդու ձայնը ես տարբերում եմ ուղղակի ջղայնացած մարդու ձայնից: Մտա այդ հատված, այդ ընթացքում ինձանից բառացիորեն մեկ, երկու մետրի վրա՝ նույնիսկ ավելի մոտ, մի չորս-հինգ հատ պայթեցին կողքս, այդ հեռավորության վրա, որ պայթում է, չգիտեմ նկատել եք, թե չէ, ահավոր ձայն է լինում, մի քանի պայթյունից հետո, հիմա որ հիշում եմ, մի պահ ինձ կորցրել էի, չէի կարողանում տարբերակել, հասկանալ վերևը որն է, ներքևը որն է, կողքը որտեղ է, կանտուզիա վիճակ էր: Շատ մոտիկ էր պայթյունը ու ինչ-որ բան գլորվեց ոտքերիս տակ… նայեցի ինչ-որ սև, կլոր բան էր, ինձ թվաց այդ պայթած նռնակներից ինչ-որ մեկի բեկորն էր, որովհետև չափերով փոքր էր, չմտածեցի, որ կարող է նռնակ լինի, մտածեցի դրա ինչ-որ մի մասն է, ուղղակի գլորվեց, հիմարություն արեցի, որ վերցրի այդ քաոտիկ վիճակում, որ շպրտեմ մարդկանցից հեռու, որտեղ մարդ չկար կանգնած: Որևէ մարդու ուղղությամբ նետելու ոչ ցանկություն է եղել, ոչ մտադրություն, այդ պահին բնազդաբար են եղել գործողությունները: Այն պահին, որ ուզում էի շպրտել, մի այնպիսի պայթյուն եղավ հենց ձեռքիս մեջ, այնպիսի մի ուժ խփեց դեմքիս, աչքերիս, որ մտածեցի, որ մեռնելը սա է», – ասաց Քարամյանը:

Մի քանի վայրկյան անց ուշքի գալով, տեսնելով ձեռքի վիճակը, հասկացել է, որ շատ վատ բան է կատարվել: Պայթյունների վայր էր շտապել, որ վիրավորներին հանի, արդյունքում իրեն էին քաշել ու դուրս բերել:

Իշխանական քարոզիչներն ու լրատվամիջոցներն էլ փորձում են այնպես ներկայացնել, իբր Եսայի Քարամյանը ոստիկանների ուղղությամբ է փորձել հետ շպրտել նռնակը, ինչին Եսային պատասխանում է, որ նմաններին մարդ էլ չի ուզում անվանել՝ «Իրենք ուղղակի հիմար են, որովհետև, եթե ես նման մտադրություն ունենայի, այնտեղ գնալուց հետո չեմ ասում պայթուցիկ, բայց մի բան վերցրած կլինեի՝ մի քար, երկաթի կտոր և այլն, բայց նման բան ինձ մոտ չի եղել, ոչ էլ նման բան անելու մտադրություն է եղել: Իրենց խղճին թող մնա՝ ես նման մարդկանց մարդ չեմ համարում»։

Քարամյանը պատմում է, որ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, թող տեսագրությունները հանեն ու փորձեն մի կադր գտնել, որ ինքը ինչ-որ մարդկանց ուղղությամբ բան է փորձում շպրտել: Բացի, այդ, նշում է, որ հիվանդանոցում իր գրպանից հանել են մետրոյի մեկ ժետոն, ձեռքերը մարզելու համար ռեզին և տան բանալիները:

«Եթե ինչ-որ բան հետս տանեի շպրտելու համար, չէի սպասի, որ բախումներ սկսվեին՝ ինքս առաջինը կշպրտեի»,-ասում է վիրավորում ստացածը:

«Պատերազմի դաշտից առանց քերծվածքի եկել, հասել եմ այստեղ, ու այն վիրավորումը, որ այնտեղ կարող էի ստանալ՝ ստացել եմ այստեղ: Վիրավորական է, ոչ այն է խնդաս, ոչ այն է՝ լացես», - ասաց Եսային:

Հարցրինք, զղջո՞ւմ է, որ հենց այդ օրը գնացել է ցույցի, ասաց, որ ոչ, բացարձակ: Եթե առողջական վիճակը թույլ տա, անպայման կգնա ցույցի:

Անդրադառնալով միջադեպի իրավական կողմին, Քարամյանը նշեց, որ դեպքի հաջորդ օրն իրենց է այցելել քննիչը, ինքն ասել է, որ ոչ մի ակնկալիք չունի քննությունից, բայց ամբողջովին ներկայացրել է եղելությունը:

Ասեցի, որ ինձ ոչ ոք չի խփել, ես էլ ոչ ոքի չեմ խփել, այլ մտադրությամբ այնտեղ չեմ գնացել, միանշանակ ոստիկանների կողմից են շպրտել, տեսել եմ, որ ուղղությունից է գլորվում դեպի ինձ, բայց չեմ տեսել ով է շպրտել, որովհետև բազամթիվ մարդիկ կային»,-ասաց Եսային:

Քրեական գործ է հարուցվել այսօր արդեն երկրորդ օրն է վերջանում, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը չի այցելել իրեն, ոչ էլ դատական բժիշկը:

«Քննիչի հետ գոնե դատական բժիշկը պիտի գար՝ ֆիքսելու համար վնասվածքները․ երևի սպասում են, վնասվածքները լավանա, գան ու տեղում արձանագրեն՝ ոչ մի բան չկա, նորմալ, առողջ տղա է: Իսկ եթե ՄԻՊ-ը գար էլ, դռնից դուրս կհրավիրեի, դե Առողջապահության նախարարան էլ որքանով հասկացա, չեմ կարողանում ձեռքիս բան բռնել, լսեցի, ոստիկանության գործողությունները պարզաջրել է»,-ասաց Եսային:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը Եսային ասաց, որ հույս ունի, որ ՀՀ-ում ներկայացված պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները մոնիթորինգ իրականացնում են և մի հարց բարձրաձայնեց․ «Նույն ձև, նույն բառապաշարով նույն գնահատականը տվե՞լ են ինչ 2008 թվականի մարտի 1 ցույցին էին տալիս, որովհետև ես դա իմ աչքով եմ տեսել՝ դա խաղաղ ցույց չէր: Այն ժամանակ ոչ ոք ոչ ոքի վրա վառվող նյութեր, քարեր, արմատուրայի կտորներ չէր շպրտում: ԻՆձ համար դեռ 2008 թվականի մարտի 1-ից էր պարզ, թե սրանք ովքեր են և դեպի ուր է գնալու այս ամենը: Իսկ այդ ոստիկանությունը՝ «բարեփոխված», այսպես ասեմ, ինքն ընդամնեը ներքին կազմակերպված բանդա-գվարդիա է, որոնց միակ նպատակն այս մարդկանց իշխանության պահելն է: Իսկ կոնկրետ ԱՄՆ դեսպանատան գնահատականը 2008 թվականի մարտի 1-ի մասով ինչ գնահատական է տվել, կարծում եմ, շատ մարդիկ կհասկանան, թե այս պղտոր ջուրը որտեղից է գալիս»,-ասաց Եսայի Քարամյանը: