GG-ն ու մարտավարության «հանճարները»

GG-ն ու մարտավարության «հանճարները»

GG –ի գրասենյակի, այսպես ասած, ստուգումները և գույքի առգրավումը բավական հետաքրքիր մտորումների առիթ է տալիս։ Փաստորեն, տղերք, ստացվում է, որ ձեր վիճակը այն աստիճան անելանելի է, որ արդեն ժամանակ չունեք ոչ միայն ինքներդ քայլեր անելուց առաջ վերլուծելու, այլ նաև բանիմաց ու խելամիտ մարդկանցից խորհուրդ հարցնելու։ Չէ որ դուք առանց երկար բարակ մտածելու զրկում եք հանապազօրյա հացի, ամենամսյա վարկի կամ տան վարձը ժամանակին հասցնելու համար առավոտից իրիկուն փող աշխատող վարորդներին իրենց եկամուտից։

Մարդիկ, որոնց մի զգալի մասը նույնպես դեմ լինելով ձեր իշխանությանը, չէին միանում բողոքի ակցիաներին միայն նրա համար, որ չզրկվեին իրենց եկամուտից։ Իսկ հիմա դուք կարող եք ստանալ առանց եկամուտ մնացած մի ստվար բազմություն, որոնք կամ կմիանան արդեն տեղի ունեցող բողոքի ակցիաներին, կամ կկազմակերպեն իրենց ակցիաները։ Մյուս կողմից, արդեն առավել քան ակնհայտ է ուժային կառուցների հույսին մնալը, որը ոչ այլ ինչ է, քան սեփական թուլությունը ժողովրդի առաջ ցուցադրելու «քաջություն»։

Վախի մթնոլորտի ստեղծումը ձեր ստեղծած ու գովազդած «ժողովրդավարական» երկրում, եթե, իհարկե, չեք նախատեսում Իոսիֆ Վիասսարիոնովիչի պես ուղղակի գնդակահարել անհնազանդներին, կարող է ունենալ հակառակ ազդեցություն, մանավանդ որ բռնել մի երկու ժամ կամ օր պահելուց հետո բաց թողնելը կարծես թե որոշ մարդկանց մոտ սովորական ու կյանքի համար անվտանգ երևույթի հետ է ասոցացվում արդեն։ Այնպես որ եթե կարող եք մտածել, ապա փորձեք ընդդիմությանը հակադարձել այլ ճանապարհներով ու լծակներով, օրինակ ասենք, տրամաբանական ու գաղափարական փայլատակումներով, որոնք իհարկե պետք է ունենան գործունակ ու մտածող մարդկանց մոտ հարգանք ու պատկառանք առաջացնելու հատկություն։

ՀՀ քաղաքացի Մհեր Բաղդասարյան