Բաքվում վախեցած են

Բաքվում վախեցած են
Հայաստանում իշխանափոխությունը, երեւում է, ադրբեջանական ռեժիմին հավասարակշռությունից հանել է: Նախ, կա Ադրբեջանում դրա կրկնության վտանգ: Երկրորդ, Հայաստանի միջազգային հեղինակությունը, դրա հետ կապված՝ նաեւ ինքնիշխանության մակարդակը կտրուկ բարձրացել են: Երրորդ, հանրագումարում Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում Հայաստանն ստացել է նոր, բավական ամուր դիրքեր: Ադրբեջանում, ըստ երեւույթին, կցանկանային շփման գծում իրավիճակի սրմամբ կասեցնել Հայաստանի հետագա հաջողությունները, բայց, երեւի, միջազգային եւ տարածաշրջանային ազդակներն այն չեն:



Փոխարենը Բաքվում ձեռնամուխ են եղել տեղեկատվա-քարոզչական արշավի՝ թիրախ ընտրելով հայ-ռուսական եւ հայ-վրացական հարաբերությունները: Ի մասնավորի, haqqin.az-ը ծավալուն խմբագրական է հրապարակել, որտեղ մանրազնին վերլուծված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումները: Հեղինակն ի վերջո հանգում է եզրակացության, որ կառավարության անդամների մեծ մասը, ինչպես նաեւ մի շարք առանցքային այլ պաշտոնյաներ կրթությամբ եւ քաղաքական հայացքներով արեւմտամետ են, իսկ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին Փաշինյանի ասածները՝ միայն հռետորաբանություն:



[Ամփոփելով](https://haqqin.az/news/129648), հեղինակը հարց է հնչեցնում, թե ինչո՞ւ է Մոսկվան հանդուրժում այդ ամենը՝ վտանգելով տարածաշրջանում իր կենսական շահերը: Սույն հրապարակումը վկայում է, թե ներկա փուլում դիվանագիտական ինչ նախապատրաստություններ է տեսնում պաշտոնական Բաքուն: Ակնհայտ է դառնում, որ ալիեւյան ռեժիմը պարզապես հայցում է Մոսկվայի բարեհաճությունը եւ պատրաստակամ է գնալ զգալի զիջումների, եթե Ռուսաստանը դրա դիմաց խոստանալու լինի սառեցնել Հայաստանի հետ համագործակցությունը: Մեկ այլ հրապարակման հեղինակի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի վարչապետի այցը Վրաստան, որտեղ նա խորը թաքնված ենթատեքստ է տեսել: Խոսքը վարչապետ Փաշինյանի Ջավախք այցելության մասին է: Ադրբեջանցի մեկնաբանը գտնում է, որ դրանով Հայաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցության արեալը եւ Վրաստանի իշխանություններին հորդորում է չհավատալ բարեկամության եւ եղբայրության մասին Հայաստանի վարչապետի խոսքերին:



Այս որակի [քարոզչությունը](https://minval.az/news/123795700) միայն մի բան է հուշում՝ Ադրբեջանում խիստ վախեցած են Հայաստանի նոր կառավարության պրագմատիկ քայլերից: Բաքվի ռեժիմը հասկանում է, որ իշխանափոխությունը Հայաստանի առջեւ բացել է տարածաշրջանային մեկուսացումը հաղթահարելու հնարավորություն, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է բավական գրագետ եւ հաշվարկված: Իսկ դա նշանակում է, որ վերջին մեկուկես տասնամյակի ադրբեջանական քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական իզգոյացմանը, ֆիասկո է կրել: