Տարբերակել նախարարության դիրքորոշումը անձնական կարծիքից

Տարբերակել նախարարության դիրքորոշումը անձնական կարծիքից
Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մշակույթի գործիչների հետ, որտեղ ազգագրագետ **Հրանուշ Խառատյանը**, օգտվելով առիթից, դժգոհել էր մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ նախարարությունում հաճախ նստած են տգետ, տխմար եւ մշակույթի հետ առնչություն չունեցող մարդիկ, ովքեր գողանում են քո ծրագրերը, գաղափարները եւ ներկայացնում իրենց անունից։ Նա նկատել էր, որ նախարարությունն իրենց օգնական չէ։ Խառատյանի ելույթի այս հատվածը բուռն ծափահարությունների էր արժանացել։



Նախարարությանը հասցեագրված այս խոսքերը, պարզվում է, առավելապես խոցել են փոխնախարար Արեւ Սամուելյանին, ով հաջորդ օրը «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ»-ի անունից իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Խառատյանին եւ բոլոր չարախնդացողներին` ներկայացնելով կողմերի ընդհարման պատճառը։ Իսկ խնդրո առարկան եղել է դպրոցականների համար նախատեսված կրթական օժանդակ ձեռնարկի մեջ կիսամերկ լուսանկարներ ներառելու հարցը։ Վերջում փոխնախարարն իր խոսքն ամփոփել է այսպես․ «Տիկի´ն, ճիշտ է Նիկոլը, Դո´ւք՝ սխալ... Մարդկային շփման մշակույթը շատ կարեւոր է՝ անգամ բանավեճերի ու միմյանց հետ անհամաձայնությունների քննարկման մեջ»: Փոխնախարարի այս գրությամբ իր էջում կիսվել էր մյուս փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով գրել էր, որ ««Գիտակ» ու «հասուն» տիկին Խառատյանը պետք է ներողություն խնդրի ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներից իր «բոցաշունչ» ճառում հնչեցրած վիրավորական խոսքերի համար»։



Փոխնախարարների պահվածքը, գրառումները լայնորեն քննարկվել են նախարարությունում, ինչը, ոչ միայն դուր չի եկել, այլեւ զայրացրել է նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին։ Առնվազն այս հանգամանքով կարելի է բացատրել Արեւ Սամուելյանի հաջորդ գրառումը․ «Հարգելիներս, նախորդ հայտարարությունը նախարարության աշխատակազմի անունից տեղադրվել է իմ կողմից, այն դեպքում, երբ ոչ բոլորի հետ էի այն քննարկել: Խնդրում եմ հայտարարությունը համարել զուտ Արեւ Սամուելյանի անձնական կարծիք: Ինչ վերաբերում է տիկին Խառատյանի հետ մեր շփումներին, վստահ եմ, որ մասնագիտական գործունեությունը եղել եւ լինելու է արդյունավետ ու շարունակելի: Կարծում եմ՝ երկկողմ ցանկության դեպքում միջադեպը կհարթվի…»։ Սամուելյանի գրառման տակ չէր ուշացել նաեւ Հրանուշ Խառատյանի արձագանքը․ «Առարկում եմ, արդյունավետ չի եղել»։ Խառատյանը նաեւ իր էջում տեղադրել էր իր եւ նախարարության աշխատակիցներից մեկի անանուն երկխոսությունը եւ գրել․ «Պարոն Artur Poghosyan-ը դեռ պահանջո՞ւմ է իմ ներողությունը»:



Փաստորեն, Սամուելյանը, փորձելով հակադրվել Խառատյանի «տգետ եւ տխմար աշխատակիցներ» որակումներին, հանդես է եկել նույնքան բոցաշունչ պատասխանով եւ նախարարության ողջ աշխատակազմի անունից՝ մտածելով, թե հասցված վիրավորանքի դիմաց բոլորը կպաշտպանեն իրեն, բայց արդյունքում փոխնախարարին հասկացրել են, որ խոսի միայն իր անունից եւ իր դիրքերից։ Ասել է թե՝ տարբերակի նախարարության դիրքորոշումն անձնական կարծիքից։



_ՀԳ․ Երեկ կայացած թռուցկաժողովի ժամանակ նախարարը դիտողություն է արել Սամուելյանին, որ նման գործելաոճն անընդունելի է համարում․ «Եթե հայտարարություն է տեղադրվում նախարարության աշխատակազմի անունից, ապա նախարարն առնվազն պետք է տեղեկացված լինի այդ մասին»,-ասել է Մակունցը։ _



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**