Ավագանու անդամներին պատժել են «շոուին մասնակցելու համար»

Ավագանու անդամներին  պատժել են «շոուին մասնակցելու համար»
Երեկվա Գյումրու ավագանու նիստը որակվեց «մասկի-շոու»՝ այն իմաստով, որ  քաղաքապետն ինքն էր կազմակերպել իր դեմ անվստահություն հայտնելու գործընթացը: Սամվել Բալասանյանի նպատակն էր ևս մեկ տարի օրենքի ուժով երկարաձգել կառավարումը: Հիշեցնենք, որ 10 ավագանու անդամ Բալասանյան դաշինքից, 1՝ ՀՎԿ եւ 2՝ ԲՀԿ խմբակցություններից հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ անվստահություն հայտնել քաղաքապետին, որով իրենց անմիջական դերակատարումն էին ունեցել քաղաքապետի կողմից կազմակերպած շոուին:



Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր: Տեղեկացանք, որ  ԲՀԿ խմբակցության ավագանու երկու անդամները՝ Գրիգոր Մաթևոսյանն ու Արտյոմ Ղազարյանը կուսակցության կողմից պատժվել են Բալասանյանի հետ գործարքի մեջ մտնելու եւ շոու կազմակերպելու համար: Կուսակցությունը պահանջել է նրանցից վայր դնել ավագանու մանդատները:



Նման պահանջով է հանդես եկել նաև ՀՎԿ խմբակցությունը Համիկ Պողոսյանից, քանի որ միակ ՀՎԿ –ականն էր, որ ստորագրել էր նախագծի տակ: Նշենք, որ այսօր ավագանու նիստն աննախադեպ կարճ տևեց՝ մոտ 25 րոպե: Թեպետ քվորում կար, այնուամենայնիվ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները երեկվանից հետո հարկ չէին համարել այսօրվա նիստին ներկայանալ:



Նիստին ներկա չէր նաև քաղաքապետը: Այն վարում էր  փեսան՝ փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը: Օրակարգային 12 հարցերն էլ ավագանու անդամների կողմից ընդունվեցին: Ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը ներկայացրեց հարցերից մեկը, որն ըստ զեկուցողի, պատմության մեջ չեղած բան է: Խոսքը վերաբերում էր նրան, որ համայնքի բյուջեից 55մլն դրամ պետք է հատկացվի անօթևան բնակիչների համար բնակարան գնելու նպատակով:



Եղան նաև հերթական նվիրատվությունները, որոնք ավանդական են դարձել: Ավագանին որոշեց համայնքի բյուջեից ընդամենը 250հզր դրամ հատկացնել նախկին զինվորական Արմեն Մովսիսյանին, ով մի քանի ամիս է, ինչ վերադարձել էր Գյումրի՝ հայրենի քաղաք ապրելու, եւ  հրդեհի պատճառով զրկվել էր ունեցվածքից: Ավագանու հաջորդ նիստի օր նշանակվեց հունիսի 18-ը:



**Արևիկ Հակոբյան**