Սահակ Մինասյանը հրաժարվեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնից. անցկացվելու են ռեկտորի ընտրություններ

Սահակ Մինասյանը հրաժարվեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնից. անցկացվելու են ռեկտորի ընտրություններ
Ամիսներ տևած Շիրակի Պետական Համալսարանում առաջացած թնջուկը այսօր կարծես հանգուցալուծման շեմին է: Ինչպես տեղեկացրել էինք Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Գյումրիում էր:



Նախարարը մինչ լրագրողներին հանդիպելը, առանձնազրույց ունեցավ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, որից հետո պարզ դարձավ, որ Հանրապետական ռեկտորը, որը նախապես հայտարարել էր, թե չի պատրաստվում մեկ- երկուսի համար թողնել պաշտոնը, այսօր պատրաստ էր դրան: Ի դեպ արդեն հրաժարական էր տվել բուհի կառավարման խորհուրդը, որի նախագահն էր ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Արայիկ Հարությունյանն առանձին հանդիպեց նաև դասախոսների հետ:



«Անցկացվելու են ռեկտորի նոր ընտրություններ: Այսօր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը: Նրան հանձնարարել եմ զբաղվել բուհից հեռացված երկու դասախոսների հարցով, որքան գիտեմ դատարան են դիմել, եթե կա վերականգնման հնարավորություն, կվերականգնեն:



Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի գնաց, որը ողջունելի է: Պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արեցի այսուհետ իրավիճակը չսրել: Պետք է հաշվի առնել, որ Հանրապետությունում նոր իրավիճակ է փոխվել, մենք որևէ կողմնապահություն չունենք այս հարցերում, ելնելու ենք միայն ոլորտի շահերից»,-ասաց կրթության նախարարը:



Սահակ Մինասյանն էլ իր հրաժարականը փորձեց այսկերպ մեկնաբանել. «Կառավարման խորհրդի հրաժարականը արդեն իսկ ահազանգում էր ֆունկցիոնալ անկարողությունների մասին: Ես հակված եմ փոփոխությունների, թող ընտրվի նոր խորհուրդ, դեմ չեմ փոփոխություններին:



Ասեմ ավելին՝ լրանում է 2 տարի, որ պաշտոնավարում եմ, բերել եմ ինձ հետ նոր մշակույթ, թե ինչու եւ ինչպես փորձ արվեց այլ կերպ ներկայացնել, չեմ մեկնաբանում, ուղղակի կասեմ, որ հետամուտ եմ լինելու իմ ամբողջ կարողություններով նպաստել բուհի զարգացմանը»:



Նշենք, որ նախարարը խոստացավ հաջորդ շաբաթ էլ հանդիպում անցկացնել ՇՊՀ ուսանողների հետ:



Հիշեցնենք, որ 2016թ-ի սեպտեմբերից ի վեր՝ Սահակ Մինասյանի ռեկտոր նշանակվելուց հետո, ՇՊՀ-ում անկայուն իրավիճակ էր: Պարբերաբար դասադուլներ էին՝ ուղղված ռեկտորի դեմ: Ուսանողները եւ բուհից հեռացված դասախոսները մեղադրում էին նրան կաշառակերության, կոռուպցիոն սկանդալների մեջ: Ռեկտորն էլ իր հերթին պարզաբանում էր, որ այդ ամենը կատարվում է անձնական նկրտումների պատճառով:



**Արևիկ Հակոբյան**