Դադարեցնել Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված անձի պաշտամունքը

Դադարեցնել Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված անձի պաշտամունքը

Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը կարելի է բնորոշել որպես ապասակրալացում: Երևի թե ֆիլմերում կամ էլ գրքերում հանդիպած կլինեք այնպիսի տեսարաններ, երբ մարդիկ մտնում են ինչ-որ պաշտամունքային խոշոր նշանակություն ունեցող տաճարներ և փշրում ու հողին հավասարեցնում աստվածությունների փոքրիկ արձանիկները: Ահա, գործ ունենք այդ նույն տեսարանի հետ: Մեկը մյուսի ետևից փշրվում են տասնամյակներ շարունակ սակրալ աստվածության կարգավիճակ ունեցող իշխանական ատրիբուտները:

Ուղիղ եթերները Բաղրամյան 26-ից ասվածի լավագույն վկայությունն են: Այդ շենքը տարիներ շարունակ ժողովրդի միջավայրում դիվային ու վերբնական ընկալում է ունեցել: Դա իշխանության անառիկ միջնաբերդն էր, Սերժ Սարգսյանի անպարտելիության խորհրդանիշը: Այդտեղ հավաքվում էին միայն աստվածները, իսկ հասարակ մահկանացունեը նույնիսկ չէին էլ կարող մոտենալ:

Սակրալ աստվածության կարգավիճակ են ունեցել նաև Հայաստանի նախկին ղեկավարները: Նրանք մշտապես բազմում էին Օլիմպոսի գագաթին և այնկողմնային աշխարհից հետևում մահկանացուների անցուդարձին: Մարդիկ նրանց համար փոքրիկ միջատներ էին, քանի որ ամպերից այն կողմ ամեն ինչ միջատի փոքրություն ունի: Ավելին՝ Քոչարյանն ու Սարգսյանը բրահմանների կարգավիճակ են ունեցել, իսկ ժողովուրդը նրանց համար ստրկացված ինչ-որ բազմություն էր՝ աստվածների ոտքի տակի կեղտից ծնունդ առած:

Ինչպես տեսնում ենք այս կարգավիճակը նույնպես ապասակրալացվեց: Աստվածները, կորցնելով իրենց անմահությունը, իջել են Օլիմպոսի գագաթից և փորձում են գոյակցել մահկանացուների համակեցությունում:

Սա չափազանց դրական ու այլևս անշրջելի գործընթաց է, որը կարելի է բնորոշել այսպես. «Աստվածների մայրամուտը»:

Բայց մի մտավախություն կա: Նիկոլայ 2-ի սպանությունը միայն անձի չեզոքացում չէր: Բոլշևիկներն այդ ակտով վերջնականապես արմատախիլ էին անում քարացած ավանդույթի ուժ ունեցող այն իշխանությունը, որը բխում էր աստծուց: Չէ՞ որ ուղղափառության միջավայրում կայսրը աստծո կրտսեր գործակիցն էր: Փաստորեն պետությունը հենց կայսրն էր:

Ոչնչացնելով կայսրերի «տիեզերական» իշխանությունը՝ Լենինն ու Տրոցկին, հնարավոր է և իրենց կամքից անկախ, շուտով հայտնվեցին այդ նույն կարգավիճակում: Չէ՞ որ Տրոցկին պետք է ասեր. «Я сакральное божество Красной Армии»:

Պատմական այս փոքրիկ ակնարկն ունի ընդամենը մեկ ուղղերձ: Դադարեցնել Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորված անձի պաշտամունքը: Հակառակ պարագայում սակրալ աստվածություններ ոչնչացնողը շուտով կվերածվի հենց սակրալ աստվածության: Հնարավոր է իր կամքից անկախ:

Իսկ աստվածները որպես կանոն ռեֆորմներ չեն սիրում: