Քանի դեռ խառն է երկիրը, ու անտեր է անտառը

Քանի դեռ խառն է երկիրը, ու անտեր է անտառը
Միանշանակ, նորմալ չի լինի, եթե մարդն ապրի անտառին կպած եւ ձմեռվա վառելափայտ հայթայթելու հնարավորություն չունենա, առավել եւս՝ նորմալ չի լինի, եթե այդկերպ նա կարող է գումար վաստակել, բայց զրկվի այդ հնարավորությունից՝ մի տարածաշրջանում, որտեղ գործազրկությունը բավականին մեծ տոկոս է կազմում: Սոված երեխաներին կամ բանկերին, որոնք վարկի մարում են պահանջում, բնապահպանական թեմաներով չես կշտացնի ու գոհացնի, ու միակ ելքն էլի անտառն է: Խոսքն այս պահին վերաբերում է Տավուշի մարզին եւ, մասնավորապես՝ Դիլիջան համայնքին: Բայց անտառը մեր ազգային հարստությունն է:



«Դիլիջան» ազգային պարկում օրերս իրականացված զանգվածային ծառահատումները, որոնց մասին բարձրաձայնել էին բնապահպանները՝ Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ, մեկ կամ երկու օրվա պատմություն չունեն, դրանց արմատները բավականին խորն են: Մենք մեր հրապարակումներում բազմիցս ենք անդրադարձել ապօրինի ծառահատումների եւ, առհասարակ, բնապահպանական թեմաներին՝ հաճախ նշելով կոնկրետ դեպքեր եւ առաջարկելով լուծումներ, բայց, ավաղ, սա այն դեպքն է, երբ ասում են՝ ասողին լսող է պետք:



Անդրադառնանք «Դիլիջան» ազգային պարկին: Սկսենք նրանից, որ դրա տնօրենը պաշտոնաթող գեներալ Արմեն Աբրահամյանն է՝ սկսած 26.07․2017թ․: Դա հազիվ թե զարմացնի, քանի որ նախկին նախագահ-վարչապետ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնաթող ուժայինները նշանակվում էին տարբեր ոլորտներում ամենաեկամտաբեր եւ վերահսկողության լծակներ ունեցող պաշտոններին: Պարոն Աբրահամյանի պարագայում դա առավել եւս զարմանալի չէր կարող թվալ, եթե հաշվի առնենք նրա ղարաբաղցի լինելը եւ գեներալ եղբոր՝ Կարեն Աբրահամյանի հանգամանքը, ով ժամանակին Հայաստանում, իսկ ներկայումս Ղարաբաղում զբաղեցնում է բարձր պաշտոն: Մեկ հանգամանք էլ՝ պարոն Կարեն Աբրահամյանը Դիլիջանի նկատմամբ միշտ էլ անտարբեր չի եղել, այնտեղ նա ունի շքեղ առանձնատուն, որը նրա համար կառուցել են իր հովանավորյալ զինվորակաները, մասնավորապես՝ ժամանակին Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկի հրամանատար, նույնպես ղարաբաղցի փոխգնդապետ, իսկ հիմա արդեն գնդապետ Աշոտ Ղազարյանը, ով դիլիջանցիներին առավել հայտնի է որպես «չաստի Ղազաշ»: Դիլիջանի բնությունը շատ է նման Ղարաբաղի բնությանը, մանավանդ՝ Հադրութի: Սա՝ որպես նախաբան:



Պարոն Աբրահամյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո խստացվեցին անտառի վերահսկողության մեթոդները, նույնիսկ եղան լուրջ բացահայտումներ՝ կապված ապօրինի ծառահատման եւ պաշտոնական դիրքի չարաշահումների հետ: Եղան նույնիսկ լուրջ ընդհարումներ տեղի բնակչության հետ, որի արդյունքում վերջիններս ծեծի ենթարկեցին պահնորդական ծառայություն իրականացնող աշխատակիցներից երկուսին եւ հրդեհեցին նրանց վագոն-տնակը (Շամախյանի դեպքերը): Խստացումը, իհարկե, շատ դրական բան է, միայն թե ծառահատումները դրանով բնավ չնվազեցին, հակառակը՝ ավելացան, իսկ քրգործի շրջանակներում ձերբակալվածները չեն ընդունում մեղադրանքը՝ ակնարկելով, որ բնավ էլ միայնակ չեն գործել, միշտ եղել են վերահսկողության տակ տարատեսակ վերադասների ինսպեկցիայի կողմից եւ, որ ամենակարեւորն է՝ թաքուն ոչինչ չեն արել:



Զարմանալի չէ, որ պարոն Աբրահամյանը կարողացավ կարճ ժամանակում բացահայտել վաղեմության ժամկետ ունեցող «բանդայական» կազմակերպվածությամբ գործերը, որոնք նրա նախորդները եւ նրանց վերահսկող կառույցները կա՛մ չեն իմացել, կա՛մ անզոր են եղել բացահայտել։ Բայց մի բան է իրական չափերը բացահայտելը, մեկ այլ բան է նորերը սղղացնելը հին գործերի տակ: Սա եւս մի հանգամանք է, որը դժգոհության ալիք է առաջացրել ձերբակալվածների մոտ:



Անտառահատման թեման միշտ էլ ակտուալ է եղել Դիլիջանում: Անտառով հարստացել են շատ շատերը, իսկ գոյատեւել ու ապրել են համարյա բոլորը: Տեղացիների պատմածով, անտառից փայտ հանելը դժվարացել է՝ կապված երեք հանգամանքի հետ․ առաջինը, որ Դիլիջանը, որպես հանգստյան գոտի, զարգացում ապրեց, եւ դրան շատ նպաստեց միջազգային դպրոցը։ Երկրորդը, որ անտառում քչացել են հաստաբուն ծառերը եւ թափուկները։ Եվ երրորդ․ «լեսխոզի դիրեկտորը»՝ պարոն Աբրահամյանը: Բայց «քոլից փետ հանողը հանում ա, որը՝ թաքուն, որը՝ աշկար»: Թաքունը հասկացանք՝ գողություն է, եւ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, իսկ, այ, «աշկարը» բացահայտն է, որը նշանակում է՝ համապատասխան գումարը տվեցիր ու տարար։ Բայց ուշադրություն դարձրեք, որ էլի ապօրինի ճանապարհով: Որովհետեւ եթե պահպանես բոլոր օրինական հնարավորությունները, պարզապես շահույթ չես ունենա: «Վիլիսի» տարողությունը մոտավորապես երկու խմ է, դրա համար անտառապետին պետք է վճարել ոչ օրինականի 8-10 հազար դրամը, գումարած տեխնիկական ծախսերը՝ մոտ 10 հազար դրամ, եւ համեմատեք վաճառքը՝ մեկ խմ-ն՝ 15 հազար դրամ։ Այսինքն, մի «Վիլիսը»՝ 30 հազար դրամ, եւ շահույթ կունենան 10-12 հազար դրամ: Խոշոր բեռնատարի դեպքում գումարներն աճում են՝ 25-30 հազար դրամ՝ անտառապետին եւ այդպես շարունակ: Միամտություն կլինի մտածելը, որ անտառապետները կամ անտառապահները միայնակ են տնօրինում այս գումարները: Ցավալին այն է, որ որոշ դեպքերում նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է անտառը պահպանեն, իրենք են հատում այն: Միանշանակ մեղադրելը, կարծում եմ, ճիշտ չի լինի՝ մարդը լավ գործը չի թողնի մտնի անտառ, որտեղ, ի դեպ, մեծ է դժբախտ պատահարների քանակը՝ մահվան ելքով: Բայց անտառը մեր հարստությունն է, դրա մասին չպետք է մոռանալ։ Կոնկրետ Դիլիջանի պարագայում ամենամեծ մեղավորները հենց անտառտնտեսության ղեկավարությունը եւ աշխատակիցներն են:



Եթե պատշաճ հսկողություն իրականացվեր, ապա օրական 15-20 «Ֆորդ» եւ «Գազել» մակնիշի բեռնատարներ ամեն օր չէին ուղեւորվի Երեւան եւ հարակից մարզեր: Թե չէ ինչպե՞ս հասկանալ՝ մոտ 200 ծառ՝ երկու օրում, ու ղեկավարությունը տեղյակ չէ: Հասկանալի չէ, բայց բացատրություն կա․ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչքան ժամանակ կմնա կամ կմնա՞ առհասարակ իր պաշտոնին, ու մարդիկ մտածում են օգտվել երկրում առկա խառը վիճակից, պատասխանատվությունից խուսափելու բազում միջոցներ կան՝ հանցագործության հետքերը թաքցնելուց մինչեւ հրդեհում, մինչեւ մեղավորների նշանակում: Բոլորը՝ թե՛ անտառահատները, թե՛ վերահսկողները, կապված են միմյանց հետ, տարածքները բաժանված են՝ շամախյանցին չի գնում Հաղարծին, հաղարծնեցին չի գնում Գոլովինո: Սա ասում են իրենք՝ դիլիջանցիները, եւ հավելում, որ զարմանալու ոչ մի բան չկա, Դիլիջանի ամենամեծ անտառահատը նախկինում անտառտնտեսության պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել՝ «Սատանը» (անուն-ազգանունը չցանկացան հայտնել), զորամասի բոլոր հրամանատարներն անխտիր զբաղվել են փայտի բիզնեսով (զինհամարանիշներով մեքենաներին չեն կանգնեցնում), եւ հավելում են, որ ոչ մեկը անտառապահի չնչին «չոր աշխատավարձով» չի աշխատի, իսկ ակտ գրել էլ ոչ ոք չի ուզում ՝ տեղացիներ են, հարազատ-բարեկամներ կան արանքում: «Բացահայտումներն» էլ անում են հիմնականում «վերեւներից» եկածները, հին ու նոր անտառապահները։ «Դաչաները» միմյանց են հանձնում-ընդունում պակասորդներով, շատ հաճախ էլ իրենք են այրում ու թաղում հատված ծառերի կոճղերը, եթե չեն գտնում հատողին, որպեսզի նրան ստիպեն դա անել: Ասում են նաեւ, որ անտառապահներն այնքան «գործ տվողներ» ունեն, որ տասից մեկին կհաջողվի առանց բռնվելու անտառից փայտ գողանալ, իսկ հա՛մ գառների, հա՛մ գայլերի առածն այստեղ էլ է ակտուալ: Ապօրինի ծառահատումները հաշվառվում են ծառաբնի կոճղերով, իսկ երկու մետրանոց ծառաբույնը մի քանի ճյուղերով չի ակտավորվում, չնայած որ մի ծառը խուզելով՝ կարելի է մի քանի խորանարդ մետր փայտ հանել: Բնապահպանների աչքերին թոզ փչելու մի լավ եղանակ կա՝ կազմակերպվում է էքսկուրսիա Ստրելբիշչ կոչվող տարածք, որտեղ անտառը համարյա մնացել է կուսական վիճակում: Պատճառն այն է, որ տասնամյակներ շարունակ այդ տարածքը զինվորականների կողմից օգտագործվում է որպես հրաձգարան, եւ այդ ծառերի բները լիքն են գնդակներով եւ բեկորներով, ու ձեռնտու չէ փայտահատներին՝ մի ծառ կտրելու համար մի քանի հատ բենզասղոցի շղթա է խոտանվում:



Էլ չենք ասում ՃՈ եւ ՊՊԾ աշխատակիցների մասին, որոնք չտեսնելու են տալիս փայտով բարձված բեռնատարները, որովհետեւ, տեղացիների ասելով, ամեն «Ֆորդից» նվազագույնը 1000 դրամ են վերցնում, մի բան էլ իրենք են ասում՝ այդ օրը «էկոլոգիան ռեյդ ունի՞ կամ ոչ»:



**Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ**