Եթե նման բան որոշեն, ես Ղափանում 10 հազարանոց միտինգ եմ սարքելու

Եթե նման բան որոշեն, ես Ղափանում 10 հազարանոց միտինգ եմ սարքելու
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ում Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակել մեկուկես տարի առաջ, այդպես էլ չի կարողանում նվաճել սյունեցիների սերն ու համակրանքը: Այդ մասին են վկայում նաեւ սյունեցիների կողմից մամուլում հայտնվող բաց նամակները, որոնցում նրանք ահազանգում են մարզում հաստատված անառողջ բարքերի մասին: Ժամանակ առաջ էլ, ինչպես հայտնել ենք, սյունեցիները պահանջում էին մարզպետի հրաժարականը՝ գոչելով. «Մոծակ, հեռացի՛ր»: Հայտնել ենք նաեւ, որ մարզպետը փորձել է կասեցնել մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը Կապանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաները, նրա թիկնապահներից մեկն անգամ ապտակել է ցույցին մասնակցող երեխաներից մեկին: Օրերս էլ Հակոբյանն այցելել է «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ հիմնադրամ»՝ հանդիպելու ուսանողներին, քննարկելու մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ շարժումը որակել է որպես «հոգեկան հիվանդների» շարժում: Իսկ ուսանողների հետ քննարկման ժամանակ, երբ մարզպետը նշել է, թե մարզը զարգանում է աննախադեպ տեմպերով՝ ունենալով ամենաբարձր ցուցանիշները ՀՀ-ում, դահլիճ է մտել բուհի նախկին ղեկավար, այժմ՝ դասախոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն ու ընդդիմացել մարզպետին։



«Պարոն մարզպետ, ինչո՞ւ եք դատարկ բաներ խոսում ու թյուրիմացության մեջ գցում ուսանողներին: Չէ՞ որ մենք ունենք 7 մլրդ պետական պարտք, վերջին տասը տարում երկրից 300 հազարից ավելի մարդ է արտագաղթել: Ի՞նչ յոթուկես տոկոսանոց տնտեսական աճի մասին եք խոսում... Ինչ մնում է Ձեր սյունիքյան գործունեությանը, ապա վաղուց ժողովուրդը չի հավատում Ձեզ: Դուք եկել եք Սյունիքը թալանելու, մեր դարավոր արժեքները փչացնելու, Քաջարանի կոմբինատի միջոցները մսխելու նպատակով: Քաջարանում ստեղծել եք ստրկատիրական կարգեր՝ երբեմնի հպարտ Քաջարանը դարձնելով ստրուկների եւ ճորտերի քաղաք: Նայեք Ձեր վարած կադրային քաղաքականությանը. հիմնական պաշտոններում նշանակել եք ոչ տեղացիների եւ հրավիրված կադրերին մի քանի անգամ բարձր աշխատավարձ եք վճարում, քան տեղացի մասնագետներին: Դուք տապալել եք մարզի հանրակրթական համակարգը, պրոֆեսիոնալներին հեռացրել զբաղեցրած պաշտոններից՝ փոխարենը նշանակելով դիլետանտների ու կասկածելի վարքագիծ ունեցողների: Դուք հաշվե՞լ եք, թե քանի մարդու դեմ եք գործ տվել, քանի հոգու դեմ եք քրեական գործեր սարքելու պատվեր տվել: Ձեր երթուղին ընդամենը հետեւյալն է՝ Երեւանից ուղղաթիռով թռչում եք Կապանի օդակայան, այնտեղից՝ մարզպետարան, մարզպետարանից՝ պրոֆիլակտորիա եւ հակառակը: Իսկ աշխատանքի գալու դեպքում էլ շփվում եք բացառապես գործակալների, գործ տվողների եւ ոչ տեղացիների հետ: Դուք միլիարդներ եք թալանել Սյունիքի մարզից ու դրանից գրոշներ եք շպրտում ուսանողներին՝ իբրեւ կրթաթոշակ կամ ուսման վարձ, փորձելով վաստակել նրանց կողմից Ձեր հանցավոր գործունեության հանդուրժումը: Հարգելի ուսանողներ, ո՞վ է սա, ում դուք լսում եք: Իր բոլոր խոսքերը դատարկաբանություն են եւ ստախոսություն: Մերժեք այս մարդուն եւ դուրս հրավիրեք նրան դահլիճից»,- մասնավորապես ասել է Պետրոսյանը, ինչից հետո ուսանողները ծափահարել են՝ անհարմար դրության մեջ դնելով մարզպետին: «Պրծա՞ր, ջուրը կարաս քաշես»,- հանդիպմանը մասնակից ուսանողներից մեկի հավաստմամբ՝ արձագանքել է մարզպետը՝ հավելելով, թե այս ելույթի մեջ միակ ճիշտ բանն այն էր, որ ինքն ուղղաթիռով է աշխատանքի գնում:



Մենք զրուցեցինք Լեռնիկ Պետրոսյանի հետ՝ ճշտելու միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ: Մասնավորապես, մենք տեղեկություն ունեինք, որ միջադեպից հետո մարզպետը սպառնացել է աշխատանքից ազատել Պետրոսյանի կնոջը՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենին: Նաեւ՝ Պետրոսյանի հետ փորձել է հարաբերություններ պարզել՝ նրան հաշիվ մաքրելու կանչելով: «Նրան էդքան ռիսկ որտեղի՞ց: Դուք ինձ լավ չեք ճանաչում, ես միշտ եղել եմ շատ ռիսկով եւ իմ մտքերը միշտ էլ հայտնել եմ ցանկացած տեղ: Ես ՀՀՇ-ի օրոք՝ 90-ականներին, դպրոցի տնօրեն էի: Եվ երբ այդ կուսակցությունն իրեն խայտառակեց, ես Կապանում հսկայական միտինգ եմ կազմակերպել ՀՀՇ-ի դեմ: Իհարկե՝ դատախազ, միլպետ, այլք փորձեցին ազդել ինձ վրա, սակայն՝ ապարդյուն: Ես իմ ժողովրդի հետ եմ, երկու որդի, թոռնիկներ ունեմ եւ չեմ ուզում, որ իմ երեխեքը թողնեն գնան, օտարության մեջ բախտ որոնեն»,-ասաց Պետրոսյանը: Հարցրինք՝ իրո՞ք Սյունիքում անառողջ մթնոլորտ է տիրում Հակոբյանի մարզպետ դառնալուց հետո, ինչպես պնդում են շատ սյունեցիներ: «Այո, շատ ճիշտ է, ես չգիտեմ, թե այս մարզպետին որտեղից են ճարել-բերել, թե ով է նրան այսքան թեւ տվել: Սյունիքի ժողովուրդը պատերազմից հետո մնացել-աշխատել, արարել է իր հողի վրա, եւ մեր սյունյաց երկրում որպես կառավարիչ չէր կարելի նշանակել մի մարդու, ով ընդհանրապես չի հասկանում սյունեցիների դարդն ու հոգսը, ով լայեղ չի անում մարդկանց հետ շփվել եւ փորձում է ճորտացնել ժողովրդին...»:



Պետրոսյանը նշեց, որ երկու որդիներն էլ համալսարանավարտ են, մեկը գիտությունների թեկնածու է, սակայն աշխատանք գտնելիս բախվում են խոչընդոտների: «Հիմնարկներ կան, որտեղ իմ որդիներն ուզում են գործի ընդունվել, բայց հիմնարկի տերերն ասում են, թե մարզպետը եթե իմացավ, որ Պետրոսյան Լեռնիկի տղերքին գործի ենք ընդունում, կարող է մեզ նեղություն տալ: Այսինքն՝ ես ի՞նչ եմ դարձել նրա համար, մարզպետն ո՞վ է, որ գա ինձ իմ տնից, օջախից հանի, եւ ես ստիպված ընտանիքս վերցնեմ գնա՞մ: Ինչ է՝ մենք մեր հողի վրա ապրող ստրուկնե՞ր ենք: ...Մենք մարզպետներ ենք ունեցել, ում մասին ինչ ուզում է խոսեն, բայց բոլորը ժողովրդի հետ շփվել են, մարդկանց ընդունել-հարգել են, մտավորականներին մարդատեղ են դրել: Իսկ Վահե Հակոբյան կոչվածը թյուրիմացություն է, խայտառակություն, որին պետք է ոչ միայն Սյունիքից հանել, այլ նաեւ երկրից դուրս ուղարկել: Նա սյունեցիների հոգեբանությունը չի հասկացել, մտել է Սյունիք միայն հանքերը թալանելու, Իսպանիաներում բնակարաններ առնելու համար: Մի նայեք նրա դեկլարացիաներին, թե ինչքան միլիոններ է կուտակել, էդ որտեղի՞ց...»: Պետրոսյանը նշեց, թե, ըստ լուրերի, Վահե Հակոբյանը պատրաստվում է կրկին վերադառնալ Զանգեզուրի ՊՄԿ եւ ստանձնել տնօրենի պաշտոնը: «Նա ո՞վ է, որ նորից գնա: Չպետք է նման բան թույլ տալ: Եթե նման բան հանկարծ որոշեն, ես Ղափանում 10 հազարանոց այնպիսի՜ մի միտինգ կսարքեմ, որ նա էստեղից փախչի, թողնի-գնա»,-վստահեցրեց Պետրոսյանը:



**ՀԳ.** _Նշենք, որ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում մարզպետի վերոհիշյալ ացելության մասին որեւէ լուր զետեղված չէ: Հավանաբար՝ այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած անցանկալի միջադեպի պատճառով:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**