Հրաժարականների շքերթն ուշանում է

Հրաժարականների շքերթն ուշանում է
Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուն պես սպասվում էր, որ հրաժարականների շքերթի ենք ականատես լինելու, քանի որ, բացի այն, որ քաղաքական նոր իրողությունների պայմաններում նոր կառավարությունում նոր դեմքեր են հայտնվելու, կա նաեւ հարցի բարոյական կողմը։ Սպասվում էր, որ ՀՀԿ-ի հետ ճանապարհ անցած տարբեր էշելոնների քաղաքական պաշտոնյաները՝ մարզպետներ, նախարարներ, փոխնախարարներ, չեն դավաճանի կուսակցությանն ու թիմին, կհեռանան սեփական դիմումների համաձայն, սակայն մի քանի օր է՝ Փաշինյանի վարչապետությունն իրողություն է, բայց դիմումների տարափ կարծես չկա։ Անգամ ոստիկանապետ Վովա Գասպարյանն ու ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանն էին հույսեր փայփայում, թե կարժանանան Փաշինյանի «սիրուն», սակայն գործադիրի կաբինետից առաջինը հեռացվեցին հենց նրանք։ Բոլորը, հավանաբար, ոգեւորվել են Փաշինյանի այն խոստումից, որ վենդետա ու կադրային ջարդ չեն լինելու, ու պատրաստ են շարունակել աշխատանքը՝ անգամ ճամբարափոխ լինելու գնով։



Գործադիրից արժանապատիվ հեռացողներին երեկվա դրությամբ կարելի էր մեկ ձեռքի վրա հաշվել․ առաջին ծիծեռնակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր՝ տեղակալներ Արտակ Դավթյանի ու Արտակ Զաքարյանի հետ։ Նրանց դիմումները գրվեցին Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ժամեր հետո։ Նրանք իրենց հրաժարականի հայտարարություններում շեշտել էին, որ զբաղեցնում են քաղաքական պաշտոն, հետեւաբար, պետք է հեռանան թիմի հետ։ Նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը երեկ չցանկացավ մանրամասնել իր հրաժարականի մասին, ասաց միայն, որ ինքնակամ է գրել, որեւէ մեկը չի հորդորել, բայց կլռի 100 օր, որից հետո կպարզաբանի իր քայլը։



Կամովին հրաժարականների մասին երեկ հայտարարեցին Պետգույքի վարչության պետ՝ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «արծիվ» Խաչիկ Ասրյանը, երեկոյան ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Ֆեյսբուքում գրեց իր հեռանալու մասին։



Ուշագրավ է մարզպետաց դասի ջայլամային պահվածքը, մարդիկ, որոնք տարիներ շարունակ ՀՀԿ-ի գործիքներն են եղել ու գործուն մասնակցություն ունեցել ընտրազեղծարարություններին, չեն շտապում դիմումներ գրել։ Նրանք իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։ Միայն Արմավիրի մարզպետ **Աշոտ Ղահրամանյանը** պատասխանեց մեր զանգերին, բայց անմիջապես հայտնեց, որ խորհրդակցության է։ Նույնն ասաց նաեւ տարածքային կառավարման փոխնախարար **Վաչե Տերտերյանը**։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեռախոսին պատասխանեց տիկին Հրանուշի ինքնատիպ ձայնով մեկը, բայց ներկայացավ Մարինե անունով, իսկ հարցին, թե որտեղ է տիկին Հակոբյանը, պատասխանեց․ «Կառավարությունում»։ Եթե նիստ չկա, ինչո՞ւ է գնացել։ «Կանչել են»։ Փոխարտգործնախարար **Շավարշ Քոչարյանն** էլ համառորեն որոշեց հին ձեւերով շփվել մեզ հետ՝ հորդորելով հարցերն ուղղել մամուլի ծառայության միջոցով։ Նա անդրդվելի մնաց, երբ տեղեկացրինք, որ մամուլի ծառայությունն իրենից պետք է հարցնի՝ հրաժարականի դիմում գրելո՞ւ է, թե՞ շարունակելու է աշխատանքը։ Հիշեցրինք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Հայաստանում նոր իրողություններ են, քաղաքական նոր իրադրություն, ինքը որոշել է հաշվի չնստել այդ իրողության հետ եւ մնալ հին ու բարի ժամանակներո՞ւմ։ «Նորից եմ ասում, մենք կարգ ունենք, եւ ես չեմ պատրաստվում կարգ խախտել»։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ նոր կառավարությունում պաշտոնյաները պետք է հասանելի լինեն։ «Այո, եւ շատ ճիշտ է, ես միշտ էլ հասանելի եմ եղել, երբեք չեմ խուսափել լրագրողներից»։ Բայց ընդամենը պետք է պատասխանեք՝ հրաժարականի դիմում գրելո՞ւ եք, թե՞ պատրաստ եք աշխատել նոր կառավարությունում։ «Եթե Դուք չեք հասկանում, ես մեկ անգամ եւս կրկնում եմ՝ դիմեք մեր մամուլի ծառայությանը»։



Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հեռախոսին պատասխանած անձն էլ ասաց, որ Խաչատրյանը չէ, թե ով էր, չպատասխանեց։ Բնապահպանության փոխնախարար ՀՀԿ-ական Խաչիկ Հակոբյանը, մինչդեռ, անկեղծացավ, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել։ «Ես պատրաստ եմ աշխատելու, որովհետեւ միշտ նվիրված եմ եղել իմ երկրին եւ ոլորտին։ Եթե կստացվի համագործակցություն, սիրով կհամագործակցեմ, չի ստացվի՝ շնորհակալություն հայտնելով կհեռանամ»,- ասաց փոխնախարարը։ Հարազատ կուսակցությունը, ըստ էության, ազատ է թողել, սակայն կուլիսներում հայտարարում են՝ ով մեզ հետ չէ, դավաճան է։ «Ես երբեւիցե իմ արարքով դավաճանության պիտակ ինձ չեմ ամրագրել եւ կարծում եմ՝ այս պարագայում էլ չեմ ամրագրի, որովհետեւ երկրին ծառայելը ոչ մի կերպ դավաճանություն չի կարող դիտվել»։ Փոխնախարարը վստահեցնում է՝ եթե շարունակի աշխատանքը նոր թիմի հետ, հաստատ կուսակցությունը չի փոխի։ Իսկ կհրաժարվի՞ ՀՀԿ-ից, եթե պահանջեն։ «Փոխել՝ հաստատ չի լինի, մնացածը կմտածեմ…»։



Գյուղատնտեսության, մոտ մեկուկես տարվա փոխնախարար անկուսակցական **Աշոտ Հարությունյանն** էլ չի պատրաստվում ինքնակամ հեռանալ, նա մանրամասն ներկայացրեց իր աշխատանքի բնույթը՝ ցույց տալով դրա կարեւորությունը, ապա ասաց, որ ինքն այդ պաշտոնին է հասել առանց որեւէ կուսակցության հարելու։ «Անկեղծ ասած՝ ես էս պահին էլ գտնվում եմ դաշտերում, մենք աճացնելու տեղն ենք, ժողովրդի հետ, մեր խորհուրդներով, մեր փորձով պատրաստ ենք աշխատել ժողովրդի հետ։ Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, թող քաղաքականությունն ինձնով զբաղվի»,- ասաց Հարությունյանը։ Նրա կարծիքով՝ խնդիրը ներկա ու նախկին թիմերը չեն, ինքն իրեն համարում է մասնագետ, որը կարող է օգուտ տալ երկրին, ոլորտին․ «Ես թիմով չեմ եկել, որ թիմով գնամ, ես անկուսակցական եմ ու երբեք էլ չեմ եղել որեւէ կուսակցության անդամ»։ Իսկ հնարավո՞ր է առաջիկայում նոր թիմին՝ «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցի։ «Ես 46 տարեկան եմ ու ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, անկեղծ ասած՝ չեմ կարող ասել ու դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում, իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»։ Ի դեպ, ժամանակին այս լոզունգն էր օգտագործում Ռոբերտ Քոչարյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**