Մեզ թեկուզ նկարովի, բայց ընդդիմություն է պետք

Մեզ թեկուզ նկարովի, բայց ընդդիմություն է պետք
ՀՀԿ-ական պատգամավորների մի հատված այս օրերին բավականին ակտիվ է մամուլի էջերում: Ազնիվ խոսք, ես երբեք չեմ մտածել, որ Սերժ Սարգսյանն այսպիսի ընդդիմություն ունի ՀՀԿ-ում: Հիմա էլ չեմ հավատում, եւ ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀԿ ֆրակցիայի նիստում նրանց մի մասին պարզապես հրահանգել է (շատ ներողություն)` գյադեք, դուք էս կողմ անցեք, իսկ մյուս մասին` գյադեք, դուք էն կողմ անցեք: Ճիշտն ասած` Սերժ Սարգսյանի շախմատային ունակությունների մասին ես ավելի բարձր կարծիքի եմ եղել, բայց հիմա նա խաղում է մի վերջնախաղ, որտեղ իր կուսակցությունը, ունենալով մեծ առավելություն, միտումնավոր եւ անհարկի զոհաբերություններով գնում է ջախջախիչ պարտության: Ինչո՞ւ:



Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում մեծ սուգ չի լինի, եթե ՀՀԿ-ն անունը փոխի ՕԵԿ-ի նման կամ ինքնալուծարվի: Իսկ պրոցեսը հենց դրան է տանում: Նույնիսկ օրենքով չի կարող կուսակցություն համարվել մի քաղաքական կազմակերպություն, որի անդամները տարբեր ճամբարներում են, բայց «սիրում ու պաշտում» են նույն նախագահին: Սա արդեն բոլորովին այլ բան է եւ ոչ թե քաղաքական կեցվածք` այն էլ պետության ճակատագրով մտահոգված կուսակցության:



Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ինչ-որ արհեստական ընդդիմություն ձեւավորել խորհրդարանում, որպեսզի երկիրը փրկի իր հրաժարականով ստեղծված քաղաքական ճգնաժամից, բայց դա նրան ակնհայտորեն չի հաջողվում, որովհետեւ այս ամենը գնալով ավելի է նմանվում թատրոնի, որտեղ խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները, կարծես, համաձայնել են որոշակի բաների դիմաց ապուշի դեր խաղալ: Պարոն Սերգեյ Դանիելյանը (Յոժ) ոչնչից ստեղծեց իր բարեհունչ կուսակցությունը, ես հիմա չգիտեմ, թե իր կուսակցությունից ինչ է ստեղծում (այն էլ 2 հատ) պարոն Սերժ Սարգսյանը: Աստված իր հետ, ի՞նչ ասեմ: Մայիսի 8-ի քվեարկություններից հետո մենք խորհրդարանում ունենալու ենք մի խմբակցություն, որի կեսն իշխանություն է լինելու, կեսը` ընդդիմություն: Թե սա հետո ինչպես են մատուցելու քաղաքագիտորեն, ոչ ոք չգիտի: Բայց՝ չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծես, մի բան գիտի, որ ասում է` ամեն ինչ օրենքով ու Սահմանադրությամբ պետք է անել, այլապես ժողովրդի ընտրյալի լեգիտիմությունը կասկածի տակ կառնեն դրսում: ՀՀԿ-ում ճի՞շտ են հասկացել առաջին նախագահի խոսքերը, թե՞ որոշել են օրենքի սահմաններում մնալ` օրինականություն նկարելով:



Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ Փաշինյանին ձայն տալու որոշումը կայացվել է խմբակցությունում, եւ Սերժ Սարգսյանը որեւէ միջամտություն չի արել։ «Չի կարելի հայտնի կենդանու համառությամբ իրականությունը չտեսնել եւ գնալ ու գլուխը խփել պատին։ Մենք պետք է հասկանանք, որ ապակայունացման տանելու հայրենիք չունենք, ու հստակ նայենք իրականության աչքերին»,- ասել է Շարմազանովը` շատ ներողություն հայտնի կենդանուց, մի ուրիշ տեսակ համառությամբ պնդելով, որ Սերժ Սարգսյանը հավեսի համար էր եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստին եւ Ֆելիքս Ցոլակյանին անվանել «առնետ»: Չփորձե՞նք հասկանալ, պարոն Շարմազանով, թե ինչու էր Ցոլակյանը մայիսի 2-ին «առնետ», իսկ մայիսի 8-ին նա ու էլի մի դյուժին ՀՀԿ-ականներ պետք է Նիկոլի համար 53 ձայն ապահովեն: Բա ո՞նց չասես՝ թատրոն է այս ամենը:



Մի քանի ՀՀԿ-ական էլ Շարմազանովի գլխավորությամբ հայտարարում են, թե պատրաստ են լինել ընդդիմություն, եւ դա` հայրենիքի սիրույն համար, հասկանում ես: Բայց ո՞վ կհավատա ձեզ: Այդ ո՞ւմ դեմ եք պայքարելու` Նիկոլ Փաշինյանի կողմն անցած «առնետ» կուսակիցների՞, թե՞ «հանունի» ընդդիմություն եք լինելու, որ այս խայտառակ խորհրդարանը չցրվի: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր առաջին գործերից մեկը լինելու է ԸՕ փոփոխությունը, ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն, նշել է նա, դա պետք է անել բոլոր խմբակցությունների համախոհությամբ ու նրանց կարծիքները հաշվի առնելով:



Ճիշտն ասած` ես չգիտեմ, թե այս «փառավոր հաղթանակից» հետո Նիկոլ Փաշինյանի ինչին են պետք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց, ահա, Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն դարձող Շարմազանովին ու շարմազանովականներին դրանք պետք են ռեւանշի հասնելու համար` առնվազն հանուն հայրենիքի: Բայց չշտապենք առաջ անցնել իրադարձություններից: Այստեղ պետք է Ջեյմս Բոնդին հիշենք, որ ամեն անգամ մի նոր սիրուհու անկողնում արթնանալով, ինքն իրեն արդարացնում էր` ինչեր չես անի հանուն Ձերդ գերազանցություն թագուհու: Երեւի պետք է նաեւ սպասենք այդ օրվան, որպեսզի տեսնենք, թե ինչպես են վարչապետ Փաշինյանն ու ընդդիմադիր ՀՀԿ-ն դանդաղ շտապում դեպի արտահերթ ընտրություններ:



ՀԳ. Այսուհանդերձ, հարգում եմ Սամվել Ալեքսանյանին, որ կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին: Նա միշտ մի անսքող համակրանք է ունեցել ընդդիմադիրների հանդեպ: Հապա հիշեք՝ Հեղինն իմ քուրն ա, Նիկոլը մեր ախպերն ա...



 



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**